Լավ երգն, իհարկե, հիշվող երգն է: Իսկ «Եվրատեսիլ» ներկայացվող երգը պարտադիր պետք է հիթ դառնա: Եթե հաշվի առնենք եվրոպական տենդենցները, ապա անկասկած արեւելյան մոտիվները մոդայիկ են եւ երգի հաջողության նախապայմաններից մեկը կարող են լինել: Իսկ երգը համապատասխան կատարող պետք է ունենա: Անդրեի կատարմամբ «Without your love» երգը վատ արձագանք ունեցավ հասարակության մեջ:
Մի քիչ արեւելյան ձգձգուն ինտոնացիաներ, մի քիչ ազգային քոչարի ու անհասկանալի անգլերեն լեզու կա: Երգի հիմքում ընկած մեղեդին առարկության առիթ չի տալիս, այն շատ երգեցիկ ու մաքուր է, Արմեն Մարտիրոսյանն իր գործը, ինչպես միշտ, լավ է արել, սակայն երգի մատուցման ձեւն ու գործիքավորումն առավել քան վիճելի են: Մեր նախորդ հրապարակումից հետո զանգահարեց երգի հեղինակ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Այդ տեսահոլովակի, երգի վատ կատարման եւ գործիքավորման ազդեցությունն այնքան մեծ էր, որ մեր նախորդ հրապարակման մեջ վրիպակ էր սպրդել՝ մեղեդու մասին: Ա. Մարտիրոսյանը հեռախոսով երգեց իր մեղեդին, որն, անկեղծորեն, շատ հեռու էր մեզ մատուցված կլկլոցներով տեսահոլովակ-պրոդուկտից: Նույնիսկ Ա. Մարտիրոսյանն էլ խոստովանեց, որ ներկայացվածի եւ իր ստեղծագործության մեջ «սար ու ձոր կա»: Երեւի, երգին վերջնական տեսք տալու համար, ներկայացնողները որոշել են` որքան կարելի է շատ երանգ մտցնել՝ հաշվի չառնելով, որ քոչարին, արեւելյան ելեւէջները եւ Անդրեի կատարման ոճն իրար հետ ոչ մի կերպ չեն համընկնում: Եվ խոսել, որ այդ մատուցված երգը շատ լավն է եւ միանշանակ լավ արձագանքի է արժանացել, ինչպես անում է մեր Հանրային հեռուստատեսությունը, մեղմ ասած` իրականությանը չի համապատասխանում: Անդրեի երգի տեքստի մեկ ֆրազից բացի, ոչինչ չի ընկալվում, իսկ երաժշտական ոճերի խառնուրդը ոչ թե յուրահատուկ մատուցման ձեւ է դառնում, այլ` մի քանի րոպեում շատ բան ասելու չհաջողված փորձ: Այն երկրներում, որտեղ եւ երգը, եւ կատարողը հանրության քվեարկությամբ են ընտրվում, հաշվի են առնում քաղաքացիների կարծիքը: Իսկ մեր դեպքում, դժվար թե լսել են որեւէ պրոֆեսիոնալի, նույնիսկ` մեղեդու հեղինակի կարծիքը: Այժմ բոլորիս է սպառնում «Առանց քո սիրո» տեսահոլովակի ամենօրյա ցուցադրումն ու հիացական խոսքերի տարափը: Գուցե Անդրեի ստեղծագործական կերպարանքով զբաղվող մարդիկ, նրան թուրք երգիչ Տարկանին նմանեցնելու ջանքեր անելով, հույս ունեն, որ Եվրոպայի մուսուլմանական, աղանդավորական ու կրակապաշտ բնակչությունը Հայաստանի օգտի՞ն է քվեարկելու: «Եվրատեսիլն», անկասկած, քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Լավ երգը լավ ներկայացնելու փոխարեն` Անդրեի պրոմոուշենով զբաղվողները Հայաստանի մասնակցության մեջ այլ բան են տեսնում: Ուզում են բոլորին դուր գալ: Եվ արդյունքում միայն աղմուկ է ստացվում, այլ ոչ թե ոգեւորիչ իրադարձության սպասում: