Պետբյուջեի միջոցներից 42 մլն դրամ հատկացվել է Գյումրիում երկրաշարժից տուժած վթարային կառույցների ապամոնտաժմանը, որից միայն 30 հազարը նախատեսված է նախկին Պիոներ պալատի՝ այժմ արդեն փլատակի վերածված շինությունը քանդելու համար: Աշխատանքները համակարգելու է Գյումրիի քաղաքապետարանը: Պիոներ պալատի ազատված տարածքի հետագա ճակատագիրը դեռ անորոշ է: Մի քանի տարի առաջ հայտնվեց մոսկվայաբնակ մի բարերար ու հայտարարեց, թե Պիոներ պալատի փոխարեն կառուցվելու է Լազարյան ճեմարանի մասնաճյուղը, իսկ Գյումրին էլ դառնալու է հայագիտության ու արեւելագիտության կենտրոն: Սակայն, դեռ գործը չսկսած՝ այդ մարդը մահացավ: Իսկ գյումրեցիները վախենում են, որ նախկին մշակութային օջախի տեղը կկառուցվի եւս մեկ խանութ կամ բենզալցակայան:
