Հիմա էլ Քենիայում

17/03/2006

Աֆրիկյան Քենիա պետությունում այս օրերին քաղաքական սկանդալ է հասունանում, որի կիզակետում հայտնվել են ՀՀ քաղաքացիներ: Ավելին` նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, թե ինքը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմիկն է եւ Աֆրիկայում ու Ասիայում զբաղվում է ոսկու եւ ադամանդի բիզնեսով: Քենիայի թերթերը գրում են, թե հայերը պետք է ֆինանսավորեին երկրի խորհրդարանում նախագահ Մվայի Քիբաքիի կառավարությանն անվստահություն հայտնելու նպատակով հաջող քվեարկության կազմակերպումը: Աֆրիկյան պետությունում հայտնված զարմիկի մասին փորձեցինք ճշտել ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից, որը պատասխանեց. «Աֆրիկյան զարմիկների մասին ես առաջին անգամն եմ լսում»: Ինչ-որ իմաստով հասկանալի է, թե սկանդալի մեջ հայտնվածներից մեկն ինչու է իրեն ներկայացրել որպես ՀՀ նախագահի զարմիկ: Օրինակ, եթե Հովիկ Աբրահամյանի, Երվանդ Զախարյանի կամ, ասենք, Սերգո Երիցյանի անունը տրվեր, նրանց անունները Քենիայում ոչինչ չէին նշանակի: Այս պատմության մեջ, սակայն, ամեն բան դեռեւս մութ ու խճճված է մնում:

Կարդացեք Հայերի արկածները Քենիայում