Այն, որ եվրոպական ամենահեղինակավոր «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը երգիչ Անդրեն է ներկայացնելու, կարծես թե ոչ մեծ դժգոհության ալիք բարձրացրեց մեզանում։ Միայն Ադրբեջանը փորձեց քաղաքականացնել մրցույթը, քանի որ Անդրեն ծնունդով Ղարաբաղից է։ Դե, սովորական արտաքին ու համեստ տվյալներ ունի, բայց ժամանակակից փոփ-երաժշտության մեջ շատերն են այդպիսին։ Մեր աչքն արդեն հասցրել է սովորել նրանցից շատերի կանացի կերպարանքին, շարժուձեւին ու ավելի քան համեստ երգելու կարողություններին։ Թվում էր, որ Անդրեն առանձնապես զարմացնել չի կարող եւ չի էլ տարբերվի նրանցից։ Բայց արի ու տես, որ զարմանալու շատ մեծ առիթ հանդիսացավ երեկ հանդիսավոր ձեւով ներկայացված նրա երգն ու տեսահոլովակը, որի մասին մեր «Հանրային հեռուստաընկերությունն» անթաքույց հրճվանքով էր խոսում։ Պարզվում է, որ Անդրեն երգելու է հայկական երաժշտության եւ նույնիսկ բավականին անդեմ ու միանման փոփի հետ ոչ մի կապ չունեցող մի ստեղծագործություն։ Մեղեդին արեւելանման ու կիսաթուրքական է, նման այն ստիլիզացված երգերին, որոնք սիրում է կատարել Ֆիլիպ Բեդրոսովիչ Կիրկորովը, որոնք նա, իր հերթին, թուրք երգիչ Տարկանից է ընդօրինակում։ Ինչո՞ւ հենց այսպիսին պետք է լիներ առաջին անգամ «Եվրատեսիլին» մասնակցող Հայաստանի երգը։ Բարձր հովանավորություն ունեցող երգչին Եվրոպա ենք ուղարկում մեր Հայրենի՞քը ներկայացնելու, թե՞ հովանավորների ճաշակը։ Անդրեն իր վատ անգլերեն լեզվով ու փարթամ մազերով երգում, կլկլացնում է, իսկ շուրջն այրվում են ծիսական մոմերն ու խարույկները։ Ո՞վ կմտածեր, որ նման հիվանդագին երեւակայությունն է լինելու երգի ու տեսաշարի հիմքում։ Մեր հանրությանը ներկայացվում է արդեն վերջնական արդյունքը, ուզենք թե չուզենք՝ սա է լինելու մեր երաժշտության այսօրվա դեմքը. համենայնդեպս, երգի ու հոլովակի հեղինակներն այդպես են ցանկացել։
Ն.Հ.