Առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն այդպես էլ ներկա չի գտնվի հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատավարությանը: Հիշեցնենք, որ Ուրիխանյանն ամիսներ առաջ դիմել էր ՀՀ-ում Հունգարիայի հյուպատոսարանին` երկիր մուտքի թույլտվություն տրամադրելու համար: Իսկ դրանից առաջ էլ Ուրիխանյանը խոստացել էր 120 հազար դոլար պարգեւատրում այն մարդուն, ով կսպանի Ռամիլ Սաֆարովին: Եվս հինգ հազար էլ` նրան բարոյապես սպանելու համար: Սակայն ՀՀ-ում Հունգարիայի հյուպատոսարանից հայ երիտասարդ վրիժառուին ասել են, որ իրենք այդպիսի խնդիրներով չեն զբաղվում եւ որ հարկավոր է դիմել Մոսկվայում տեղակայված դեսպանատուն: «Այնտեղից էլ մեզ պատասխանեցին, որ մուտքի վիզայի տրամադրումը 25 օրից շուտ բացառված է: Այդպես էլ փորձեցինք, չստացվեց»,- դժգոհեց Տիգրան Ուրիխանյանը: Իսկ այսօր նրանք ասուլիս են հրավիրելու` «շատ էքստրաօրդինար» պատասխան տալու Սաֆարովի դատավարության վերաբերյալ: