Նախապատրաստե՞լ, թե՞ պատրաստել ժողովուրդներին

17/03/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Վերջին շրջանում միջազգային տարբեր ատյաններից ավելի ու ավելի հաճախ է հնչում «նախապատրաստել ժողովուրդներին» արտահայտությունը։ Այսինքն՝ միջազգային հանրությունն ավելի ու ավելի է հասկանում, որ Հայաստան եւ Ադրբեջան ներկայացնող տարբեր մակարդակի այրերի վերջին թաքստոցը սեփական ժողովուրդների անպատրաստությունն է։

Լավ, իսկ ինչպե՞ս պետք է նախապատրաստեն ժողովուրդներին նախագահներն ու նախարարները։ Որքա՞ն ժամանակ է նախատեսվում այդ գործողության համար, երբ կարգավորմամբ հետաքրքրված կամ շահագրգիռ տերությունները միաժամանակ համառորեն խոսում են այս տարվա ընթացքում անպայման համաձայնություն ձեռք բերելու մասին։ Մյուս կողմից ինչի՞ն եւ ինչպե՞ս պետք է նախապատրաստեն նախագահներն ու նախարարներն իրենց ժողովուրդներին, եթե բանակցությունների սեղանին դրված հարցերը հրապարակման ենթակա չեն։

1997-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց նախապատրաստել հանրությանը, բայց հանդիպեց իր շրջապատի եւ հասարակական տարբեր կազմավորումների կոշտ դիմադրությանը։ Բազմաթիվ այլ պատճառներից բացի, այս դիմադրության հիմքում ընկած էր նաեւ բանակցությունների սեղանին դրված հարցերի մասին անտեղյակությունը։ Եվ միայն տարիներ անց հանրությունը պետք է իմանար, որ փուլայինն էլ, փաթեթայինն էլ ունեին լավ ու վատ կողմեր, եւ որ այդ լավն ու վատը պետք է շտկվեին երկու տարբերակներից մեկով սկսվող բանակցությունների ընթացքում։

Հիմա արդեն պարզ է, որ այսպիսի նախապատրաստման չեն գնալու ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի ղեկավարները, որովհետեւ «մի բան գիտեմ, չեմ ասի, բայց ինձ պետք է հավատաք» տարբերակն ավելի ու ավելի է խորացնելու նույն այդ ղեկավարների նկատմամբ հասարակությունների մեջ եղած անվստահությունը։

Նախապատրաստման մի տարբերակն էլ կարող է լինել բանակցությունների հիմնական սկզբունքներն ու առանձին մանրամասները հրապարակելը, բայց դա ոչ մի խնդիր չի լուծի, որովհետեւ քաղաքական այս սերնդի գործիչներն անկեղծ զրույցի ու քննարկումների սովորություն չունեն։ Նրանք փորձելու են հրապարակվող սկզբունքներից ու մանրամասներից վիտամիններ քաղել՝ սեփական իշխանության երկարակեցության համար։

Սա շատ լավ գիտեն բոլոր միջազգայիններն ու հենց այդ պատճառով էլ թույլ չեն տալիս հրապարակել բանակցությունների բովանդակությունը։ Այսուհանդերձ ի՞նչ են հասկանում նրանք` նախապատրաստել ասելով։ Ի՞նչ ակնկալիքներ ունեն հակամարտող երկու երկրների ղեկավարներից, որոնցից մեկը հրահանգում է տարվա մարդ հռչակել չստացված հոգեկան հիվանդին, իսկ մյուսը Սումգայիթի անունով հակաադրբեջանական հանրահավաք է բեմադրում։

Ժողովուրդների անպատրաստ լինելու պատճառն իրականում այն չէ, որ ղեկավարները չեն խոսում խաղաղության անհրաժեշտության մասին, այլ այն, որ բանակցությունից բանակցություն արտահոսող ժլատ տեղեկություններն անգամ որոշակի համոզմունք ստեղծելու փոխարեն նորանոր հարցեր են առաջացնում, որովհետեւ բանակցությունների փաստաթղթերում օգտագործվող բառակապակցությունները, մեղմ ասած, մշուշոտ են։

Ի՞նչ կարող են հասկանալ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն, օրինակ, «փախստականների վերադարձ բնակության նախկին վայրեր» բառախումբը լսելիս։ Փորձենք պատկերացնել այն գործողության մեջ։ Ադրբեջանցիներն, ասենք, Խոջալու գյուղի բնակիչներին լցնում են ավտոբուսներն ու բերում մի բնակավայր, որն, ըստ էության, այսօր չկա։ Հետո՞… Հետո ի՞նչ են անում ավտոբուսներով Ղարաբաղ բերված այդ մարդիկ։ Ուրեմն սա ոչ թե խնդիր լուծելու իրական մղում է, այլ, թող թույլ տրվի ասել, բանակցային կաղապար, չոր պահանջ, որի իրագործումը ոչ ոք չի պատկերացնում այսօր եւ չի պատկերացնելու վաղը, երբ ստորագրված կլինի խաղաղության այսքան չարչրկված համաձայնագիրը։

Փաստ է, որ նույն Խոջալուի բնակչությունը հեռացել է մեկ գիշերում, բայց այդ մեկ գիշերվան նախորդել են նշված բնակավայրից Ստեփանակերտի վրա տեղացած երկարատեւ հրետակոծությունները, եւ այդ գիշերվան հաջորդել է տասնչորս երկարուձիգ տարի։ Ղարաբաղյան մի սերունդ արդեն մեծացել է առանց Խոջալուի եւ խոջալուցիների։ Խոջալուցիների մի սերունդ էլ մեծացել է պատկերացում անգամ չունենալով, թե ինչ է Ղարաբաղը։

Կամ ի՞նչ կարող են հասկանալ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները` «գրավյալ տարածքների վերադարձ» բառակապակցությունը լսելիս։ Որ ի՞նչ, որ մեկ օրում, մեկ շաբաթում, կամ մեկ ամսում հակամարտող կողմերին բաժանող գիծը տեղաշարժվելու է դեպի բուն Ղարաբաղի սահմա՞նը։ Եվ ի՞նչ է տեղի ունենալու մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս հետո։ Նախկին աղդամցիները, զանգելանցիները, ղուբաթլեցիները եւ մյուսները գալու եւ անմիջապես բնակվելու են այդ տարածքներո՞ւմ, թե՞ հայկական զորքը փոխարինվելու է ադրբեջանականով։

Նույնը կարելի է ասել նաեւ Հայաստանի շրջափակման մասին։ Դրա վերացումից հետո հարեւան Վրաստանի մայրաքաղաք գնալու ենք Ղազախի անհամեմատ ավելի կարճ ճանապարհո՞վ, թե՞ շարունակելու ենք զգուշորեն նախընտրել Սադախլոն կամ Ջավախքը։

Սրանք հարցեր են, որոնք այսօր պատասխան չունեն։ Սրանց պատասխանները թաքնված չեն նաեւ «խաղաղության համաձայնագիր» կոչվող փաստաթղթի պարագրաֆներում։ Եվ պատճառը ոչ թե այն է, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները չեն հոգնել արդեն տասնութ տարի ձգվող հակամարտությունից եւ չեն ուզում խաղաղություն, այլ այն, որ նրանք շուտափույթ լուծումների մեջ տեսնում են նորանոր տագնապներ։

Եթե խաղաղության դեռ չնշմարվող համաձայնագրով միջազգայիններն ուզում են փաստի առջեւ կանգնեցել երկու ժողովուրդներին, ուրեմն Արեւմուտքում ինչ-որ բան փչացել է։ Իսկ եթե չի փչացել, ուրեմն պետք է փակել բանակցային գործընթացի բոլոր թղթապանակներն ու սկսել մաքուր էջից, որն է ժողովուրդների մերձեցումը։