Այնպես է ստացվել, որ վերջին քսան տարիների ընթացքում հայերը նյարդայնանալու բազմաթիվ առիթներ են ունեցել: Իսկ նյարդային բջիջներն, ինչպես գիտեք, չեն վերականգնվում: Հետեւաբար, հայ ազգն անվերադարձ կորցրել է անթիվ-անհամար նյարդային բջիջներ բազմաթիվ սթրեսների հետեւանքով` պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, հեռացած հարազատների կարոտ, աղմկահարույց սպանություններ, բազմաթիվ անիմաստ ընտրություններ եւ ավելի անիմաստ հանրահավաքներ, խնայբանկերում եւ դոշակի տակ պահած փողերի կորուստ, Տիգրան Ուրիխանյան եւ այլն: Սա, կարելի է ասել, հայ ազգի նորագույն պատմության էջերի թռուցիկ ակնարկ էր: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր, եւ ի՞նչն է հիմա նյարդայնացնում հայերին:
Կարելի է ասել՝ ամեն ինչը: Սակայն փորձենք վերլուծել ավելի հանգամանալից: Օրինակ՝ գովազդը: Հասկանալով, որ շուկայական պայմաններում առանց գովազդի ոչ մի հեռուստաընկերություն չի կարող գոյատեւել, պարզապես ուզում եմ հասկանալ, թե որ օրենքով է գովազդային բլոկը 5 րոպեից ավելի տեւում, կամ որ օրենքով է լրատվական հաղորդումը ընդհատվում գովազդով: Այս պարագայում ես երկու ենթադրություն կարող եմ անել: Կամ հեռուստառադիոհանձնաժողովի նախագահ պարոն Ամալյանն ընդհանրապես հեռուստացույց չի դիտում (երեւի հեռուստացույց չունի), կամ էլ ժամացույց չունի, որ չափի գովազդային բլոկների տեւողությունը: Երկու դեպքում էլ բացթողումը շատ արագ կարելի է լրացնել` նրան միաժամանակ հեռուստացույց եւ ժամացույց նվիրելով: Նվերը որպես կաշառք չի կարող դիտվել, քանզի դա նրա համար անհրաժեշտ աշխատանքային պարագա է:
Բնականաբար, վարորդների «նեռվերի վրա» սկսել են ազդել ոչ միայն «մարշրուտկեքի շոֆեռները», որոնք գծատերերի կողմից «իրենց վզին դրած պլանը» կատարելու համար պատրաստ են տրորել ում ասես եւ որտեղ ասես, այլեւ «գաիշնիկները», որոնք ճանապարհատրանսպորտային օրենքների վերջին «թարմացումից հետո» 500 դրամի փոխարեն առնվազն 2000 դրամ են պահանջում (գազի թանկացումը, երեւի, առաջին հերթին հայրենի պետավտոտեսուչների վրա ազդեց):
Դերասանները եւ երգիչները սկսել են նյարդայնանալ դահլիճում հնչող բջջային հեռախոսների բազմաճաշակ մեղեդիներից: Եվ շատ հաճախ նորմալ հանդիսատեսը այդպես էլ չի հասկանում` երաժշտությունը բեմի՞ց է հնչում, թե՞ իր կողքին նստած դեգեներատի գրպանից: Չնայած ասեմ, որ շատերն էլ նյարդայնանում են այդ երգիչ-երգչուհիների երգերից ու նրանց «սութի եվրոպական տեսքից»:
Էլիտար շենքեր կառուցողները «նեռվայնանում են» Բուզանդ անունը լսելիս: Իսկ Արտաշես Թումանյանը` էլիտար շենքեր կառուցողների անունը լսելիս: Քաղաքական դաշտում դեռ իրենց տեղը չգտած մի քանի «ջահել» նյարդայնանում են, երբ տեսնում են, թե ինչ լավ իր համար տեղ գտավ Վահան Բաբայանը, իսկ նախկին «ջահելները», ամեն անգամ նախագահի նստավայրի կողքով անցնելիս, նյարդայնանում են, որովհետեւ շատ են ուզում դառնալ նախագահ, բայց «էդքան դուխ չունեն»:
Քաղաքական գործիչներն ամենաշատն են «նեռվայնանում»: Որովհետեւ «Բուշի վարսավիրը հերիք չէր», «էգուց-մյուս օրն էլ» «Բուշի վարսավիրի շեֆն ա գալու»: Դա էլ բավական չէ՝ Վարդան Խաչատրյանն ու Վարդան Օսկանյանն իրենց ոտքով գնալու են ու հանդիպեն «Բուշի գլխավոր վարսավիր» Կոնդոլիզա Ռայսի հետ, որն, ի դեպ, ասում են՝ «ով ձեռն ա ընկնում՝ միանգամից թրաշում ա»: Եթե չեք հավատում, Էվանսից հարցրեք: Ընդդիմությունն էլ նյարդայնանում է, որ իրենց ոչ մեկը տեր չի կանգնում, կամ ընդհակառակը` որ տեր են կանգնում, բայց ոչ թե կոնկրետ իրենց, այլ ասենք՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Դրա համար էլ Գեղամյանը «նեռվայնացած» կոնֆերանսներ է հրավիրում, որ դրսին ցույց տա, թե ինքն ի՜նչ պակաս Րաֆֆի Հովհաննիսյան է: Դաշնակները նյարդայնացած են, որովհետեւ նյարդային հիվանդությունները նաեւ ծերության նշան են (ուշադրություն դարձրեք, որ դաշնակների պարագայում ես չեմ օգտագործում «նեռվայնանալ» բառը, թե չէ ինձ, որպես օտարամոլ, կարող է դատի տան): Իսկ հանրապետականներն անհանգստացած են ապագա խորհրդարանում իրենց ապագա տեղերի քանակով: Ապագա կուսակցություն բացողները նյարդայնացած են՝ տեսնելով Արտաշես Թումանյանի վիճակը (ասեմ, որ տվյալ պարագայում` վիճակը «պալաժենի ա»): Մի խոսքով, հանրապետությունում շտապ մեծ քանակությամբ «տազեպամ» կամ «անալգին-դիմեդրոլ» է հարկավոր, որ այս վիճակից կարողանանք դուրս գալ: Չնայած, եթե հիշենք, որ ես լավատես եմ, ապա կարելի է բուժման այլ ձեւեր եւս գտնել: Օրինակ, հանգստանալ, թուլանալ եւ հաճույք ստանալ, անցնել թոշակի եւ զբաղվել թոռների դաստիարակությամբ եւ այլն: Եվ հետո բժիշկներն ասել են, որ 21-րդ դարը ոչ թե նյարդային հիվանդությունների, այլ ալերգիայի դար է: Այնպես որ, հանգիստ եմ, որ հայերի նյարդային համակարգը շատ շուտով կկարգավորվի… Բայց, քանի որ, այնուամենայնիվ, ալերգիան մեզ սպառնում է, առաջարկում եմ, որ իրարից քիչ զզվենք: