Կայացավ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մարտի 10-ի որոշմամբ գազի գները Հայաստանում ապրիլի 10-ից կբարձրանան։ Հասարակությունն արդեն պատրաստ էր այս նորությանը։ Ռուսաստանը դեռ անցած տարի էր խոստացել բարձրացնել Վրաստան եւ Հայաստան մատակարարվող գազի սակագինը։ Հետո ՌԴ նախագահը մեզ «Տաք ձմեռ» շնորհելով` խոստացավ գները բարձրացնել ավելի ուշ` ենթադրվում է` ապրիլի 1-ից։ Հենց այս ենթադրությունն էլ «ՀայՌուսգազարդին» դրդեց դիմել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով։ Բնակչությունն այլեւս գազի 1000 խմ դիմաց նախկին 59 հազարի փոխարեն վճարելու է 98 հազար։ Ոչ մի փաստարկ չաշխատեց։ Անգամ այն, որ 59 հազար նախկին սակագինը հաշվարկված էր որպես 100 դոլարի համարժեք. մինչդեռ այն երկար ժամանակ իրականում 130 դոլարի համարժեք էր։ Այսինքն` «ՀայՌուսգազարդը» երկար ժամանակ տարադրամային փոխարժեքով հավելյալ 30 տոկոս ուներ։ Այս գարունն ընդհանրապես վտանգավոր սպասումների շրջան է։ Թռչնագրիպի սպասումից զատ` կա խմելու ջրի եւ էլեկտրաէներգիայի վարձավճար-սակագների աճի իրական սպասում։ Թե՛ Ջրմուղի, թե՛ էլեկտրացանցերի սեփականատերերն արդեն տեղեկացրել են իրենց այս քայլերի մասին։ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակն էլ օրերս հայտարարեց, որ փորձագիտական հետազոտություն է պատվիրել` պարզելու, թե ինչ հետեւանքներ կունենա գազի գնի աճը տնտեսության վրա։ Ենթադրվում է, որ այդ ուսումնասիրությունները պատրաստ կլինեն ամռան սկզբին։ Փորձագետներն, ի տարբերություն լրագրողների, զգուշավոր են։ Նրանց կարծիքը փաստորեն կհրապարակվի թանկացումների շղթայական ռեակցիայի առաջին էտապից հետո, երբ թանկացած կլինեն ջուրը, էլեկտրաէներգիան եւ այլն։
Թանկացումներն առաջինն իրենց կենցաղում երեւանցիները կարձանագրեն։ Քաղաքային տրանսպորտի վարչությունում այս օրերին նորից հիշել են աշնանային իրենց անհաջող փորձը։ Այն ժամանակ ուղեվարձի 30 տոկոսանոց թանկացումը ձախողվեց։ Ապրիլին, ենթադրվում է, որ ռեւանշը կկայանա։ Ընդ որում, ենթադրություններ կան, որ այս անգամ խոսքը կգնա 50 տոկոս թանկացման մասին։ Ընդամենը մի քանի օր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հայտարարեց, որ անցած տարի գների նվազում է արձանագրվել։ Հասարակությունը (անգամ ներառյալ Ազգային ժողովը) չհասցրեց մարսել այս հայտարարությունը, սպառողական շուկայում գներն աճեցին. շաքարավազը` 8-10 տոկոսով, ընդեղենը` 40-60 տոկոսով։ Պարենային մթերքների շուկայում այս ցնցումները հնարավոր կլիներ սեզոնային կամ պատահական համարել, եթե չլիներ գնաճի սպասումը։ Աճում են բոլոր էներգակիրների գները, այսինքն` տնտեսության բոլոր ոլորտներում` արտադրություն-ներկրում-առեւտուր, աճում է ապրանքի ինքնարժեքը (տեղափոխման, պահպանման ծախսերը)։ Այն, որ Հայաստանում, ասենք, ուղեվարձը կարող է միանգամից թանկանալ 30 կամ 50 տոկոսով, կարելի է բացատրել մեր ազգային վճարամիջոցի «պատճառով»։ Մանրադրամի` լումայի գոյության մասին մենք վաղուց ենք մոռացել, իսկ 10 կամ 40 դրամը ոչինչ չարժե։ Այդքան փոքր գումարով հնարավոր է միայն լուցկի գնել։ Հետեւաբար թանկացումները մեզ մոտ հնարավոր են միայն կլոր եւ նկատելի թվերով։
Որքան էլ որ «ՀայՌուսգազարդը» հայտարարի, որ աշխատում է ընդամենը 6 տոկոսանոց շահույթով, անհասկանալի է մնում` այդ 6 տոկոսանոց շահույթն ընկերությունն ակնկալում էր ստանալ իր առաջարկած 118 հազարանո՞ց, թե՞ 98 հազարանոց «Հանձնաժողովային» սակագնից։ Հատկապես, որ իշխանություններն առայժմ չեն հաստատում Ռուսաստանից ներմուծվող գազի գնի թանկացման մասին լուրը։ Բանակցություններն, իբր, դեռ ընթանում են։ Որքան ինձ հայտնի է` գազի գներն ապրանքային որեւէ բորսայում չեն որոշվում, դրանք միշտ ճշգրտվում են երկկողմ պայմանագրերով։ Իսկ թե ինչու են մեր իշխանությունները թաքցնում բանակցությունների մասին մանրամասները, դժվար է բացատրել։ Մինչխորհրդարանական հերթական հանդիպմանը Մոսկվա մեկնելիս ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը երկու օր առաջ հայտարարեց, որ մտադիր է իր ռուս գործընկերներին բացատրել, թե ինչ աղետալի վնասներ է կրում Հայաստանը Ռուսաստանի տնտեսական քաղաքականության արդյունքում։ Սա, հնարավոր է, պիտանի գործ է։ Փոխարենն անհասկանալի է, թե ինչու են այդքան շատ հասարակական կազմակերպություններ դժգոհում գազի նորահաստատ սակագնից։ Գուցե՞ այն պատճառով, որ սակագների բարձրացման տնտեսագիտական հաշվարկները համոզիչ չեն։ Որքան էլ մասնագիտական բարձր որակավորում ունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն, ակնհայտ է, որ հատկացված մի քանի օրում անհնար է լրջորեն ստուգել նման խոշոր ընկերության ֆինանսական ծրագրերը։ Այս կարծիքը պնդել դժվար չէ, եթե դիտարկենք հետեւյալ օրինակը. «ՀայՌուսգազարդը» ենթադրում էր, որ իր համակարգի շահագործման եւ պահպանման համար անհրաժեշտ է 8 մլրդ 112 մլն դրամ։ Հանձնաժողովը որոշեց, որ դա անթույլատրելի մեծ թիվ է, կրճատեց ու դարձրեց 6 մլրդ 415 մլն դրամ։ Ի՞նչ տնտեսագիտական հիմնավորմամբ, դժվար է անգամ գլխի ընկնել։ Անցած տարվանից Գլխավոր դատախազությունը ներդրումային (իմա` պահպանման) ծախսեր է ստուգում մեկ այլ խոշոր ռուսական ընկերությունում` Հայաստանի էլեկտրացանցերում։ Մամուլում առկա նախաքննական նյութերի արտահոսքից ակնհայտ է, որ պահպանման ծախսեր կոչվածը պարբերաբար ուռճացվում եւ յուրացվում է։ Անմեղության կանխավարկածը բնականաբար հուշում է, որ չի կարելի ռուսական մի ընկերության օրինակը տարածել մյուսի վրա։ Ավելին` այն նույնիսկ չի կարելի տարածել առաջին ընկերության վրա։ Ոչ այն պատճառով, որ դատախազության տվյալները դեռեւս դատարանով հաստատված փաստ չեն, այլ այն` որ դատախազության կազմակերպած արտահոսքը կարելի է գնահատել որպես լեզու գտնելու կոպիտ առաջարկ։ Ասել է թե, տնտեսական հաշվարկներն (անգամ ստուգումները) իրենց հիմքում տնտեսագիտական չեն։ Դրանց տակ, կարծես, այլ շահ կա։