Օրինակ, անցյալ տարի Հայաստանը ծիրանի աննախադեպ մեծ բերք էր ստացել, եւ մտավախություն կար, որ կմնա՝ կփչանա: Բայց ըստ մանրավաճառների՝ մեր նախագահը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ պայմանավորվեց, որ ծիրանը Հայաստանից Վրաստան անարգել ու առանց հարկերի տեղափոխեն: Սահակաշվիլին մեր ծիրան արտահանողների համար այդ պայմանն ապահովեց: Արտահանողները պատմում են, որ Բագրատաշենի հայ-վրացական մաքսակետում մեծ պաստառի վրա պատկերված էր Սահակաշվիլու նկարը եւ բջջային երեք հեռախոսահամար: Եթե մի վրացի մաքսավոր հանդգներ ծիրանի ներկրման ժամանակ իր նախագահի պայմանավորվածությունը խախտել, ապա ներկրողը կարող էր միանգամից այդ համարով զանգել ու իր հարցերը կարգավորել: Պատմում են, որ այդպիսի դեպքեր եղել են ու պայման խախտողները գործից ազատվել են: Անցյալ ամռանը Հայաստանի ծիրան աճեցնողները կարողացան իրացնել ստացած առատ բերքն ու արտահանողների հետ միասին մի կլորիկ գումար շահեցին: Իսկ աշնանը, երբ հերթը հասավ վրացական առատ մանդարինի բերքին, Ռ. Քոչարյանը չընդառաջեց իր վրացի գործընկերոջը: Սահակաշվիլին էլ ուզում էր, որ իր երկրի մանդարինը նույն ձեւով՝ անարգել ներկրվի ու իրացվի Հայաստանում, որպեսզի հայ եւ վրացի արտադրողն ու ներմուծողը կարողանան մանդարինից էլ մի փոքր շահել, ու Հայաստանի շուկաներում մանդարինը վաճառվի ոչ թե 400-700, այլ 200-300 դրամով: Իսկ մանդարինը եւ ցիտրուսային մյուս մրգերը ներկրվում են հիմնականում Վրաստանից, որոշ չափով՝ նաեւ Իրանից ու Թուրքիայից: Բայց մանրավաճառներն ասում են, որ ՀՀ իշխանությունները չհանեցին մաքսատուրքը մանդարինի վրայից, ու Սահակաշվիլին նեղացավ… Արդյունքում Բագրատաշենի վրացական կողմի մեծ տոնավաճառը տեղափոխեց սահմանից շատ ավելի ներս՝ Մառնեուլ: Այդպիսով հայ շատ մանրավաճառներ կորցրին Վրաստանից էժան ապրանք ձեռք բերելու եւ Հայաստանում իրացնելու հնարավորությունը: Դրա արդյունքում էլ Նոյեմբերյանի շրջանի բնակչության մի մասը մնաց գործազուրկ:
Մինչդեռ օրերս Վրաստան ժամանած Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերի հետ Սահակաշվիլին պայմանավորվել է մինչեւ տարեվերջ որոշակի ապրանքների համար առեւտրի պարզեցված ռեժիմ ներդնել` ապագայում ազատ առեւտրի շուրջ համատեղ պայմանագիր ստորագրելու հեռանկարով: Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների ներկայացուցիչները պայմանավորվել են արագ ստորագրել կրկնակի հարկումից խուսափելու մասին օրենքը: Մենք, իհարկե, կարող ենք այստեղից մի փոքր օգտվել՝ Վրաստանից ներկրելով թուրքական ապրանքը: Բայց ինքներս այլ պետությունների հետ նորմալ գործընկերային հարաբերություններ չենք կարող ստեղծել: Սա` իմիջիայլոց:
Մեր շուկաների վաճառողները մտածում են, որ Հայաստանի իշխանությունների ու մաքսավորների ագահությունը թույլ չի տալիս պարզ գործընկերային հարաբերությունների պատշաճ մակարդակը պահպանել: Նրանք մեկ այլ վարկած էլ ունեն՝ ենթադրում են, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն է ստիպել Քոչարյանին, որ Վրաստանին չընդառաջի: Այսօր վրացական մանդարինի առաջ փակ են նաեւ ռուսական դարպասները, ու այդ միրգն իր երկրում փչանում է: Իսկ նույն Ռուսաստանի՝ Վրաստանին սահմանամերձ Վերին Լարսում Հայաստանից դուրս եկած ծիրանի մեքենաները մեծ խնդիրների առաջ էին կանգնում: Վարորդները, եթե ուզում էին օրինական ճանապարհով՝ առանց կաշառք տալու անցնել, օրերով հերթի էին սպասում: Իսկ ծիրանը շուտ փչացող ապրանք է ու 3-4 օր բաց երկնքի ու կիզիչ արեւի տակ չի դիմանա: Մինչդեռ մեր ռազմավարական գործընկեր Պուտինն էլ կարող էր Սահակաշվիլու նման մեծահոգություն դրսեւորել ու սահմանային հեշտ ռեժիմ սահմանել Հայաստանից ծիրան արտահանողների համար:
Ինչեւէ, վաճառողները հավատացնում են, որ ոչ միայն մանդարինը, այլեւ մյուս տեսակի ներկրվող մրգերը նույնպես էժան կլինեն, եթե մեր մաքսավորների աչքը մի քիչ կուշտ լինի:
«Վրաստանից մանդարինը գնում են 1 կիլոգրամը 50 դրամով,- պատմում է վաճառողներից մեկը:- Բայց մեր տամոժնիայում կրկնակի՝ կիլոյին 100 դրամ էլ մաքսատուրք են վերցնում»:
Մեկ այլ խնդիր էլ կա: Վրացի մանդարին վաճառողները շահագրգռված են, որ իրենց ապրանքը Հայաստանում ավելի էժան գնով վաճառեն, քան վաճառվում է, սակայն հայ «շուկայագետները» դա թույլ չեն տալիս: Այսօր մեր շուկաներում մանդարին վաճառող վրացի չեք տեսնի, նրանք հասցնում են միայն սահմանն անցկացնել, ներսում արդեն հայերը նրանցից գրեթե խլում են, թույլ չտալով մի կգ անգամ վաճառել: Այդ «խլողները» շուկայում կանգնող մանրավաճառները չեն, դրանք ոլորտը վերահսկող հեղինակություններն ու մեծածախ վաճառողներն են:
«Բերողը կարող է, ասենք, 50-100 դրամ էլ ավելացնել ու վաճառել: Էլի էժան կլինի՝ 200-250 դրամ: Բայց մեզ մոտ արդեն թույլ չեն տալիս: Ներկրողից բիրիքով վերցնում են ու մեկին մեկ վաճառում են մանրավաճառին: Մենք էլ մի քիչ ավելացնում ենք, որ կարողանանք աշխատել, ու ստացվում է, որ ներկրողի ու մանրավաճառի արանքում, մաքսայինից բացի, մի շորթող էլ է ավելանում, ու միրգն արհեստականորեն մոտ 50 տոկոսով թանկանում է»: