Արթուրը կատակով նշեց, որ շատերն իրեն կշտամբում են, թե ինչու վերջին մենամարտում նոկաուտի չենթարկեց իրեն ձեռնոց նետած Շենոն Թեյլորին։ «Ես բոլոր 12 ռաունդներում էլ առավելություն ունեի եւ ցանկանում էի նրան նոկաուտի ենթարկել, բայց Թեյլորը ֆիզիկապես ամուր տղա էր, ինձ չհաջողվեց նոկաուտով հաղթել»:
Արթուր Աբրահամն իր հերթական մենամարտը կանցկացնի մայիսի 13-ին, Գերմանիայում։ Թե այս անգամ ումից է պաշտպանելու իր գոտին, նա չշեշտեց, սակայն տեղեկացրեց, որ մրցակիցը լինելու է հոլանդացի։ Արթուրի քաշային կարգում հանդես են գալիս հանրահայտ շատ բռնցքամարտիկներ, եւ շատերը կցանկանային, որ մեր մարզիկը հաղթանակ տաներ նաեւ նրանց նկատմամբ։ Սակայն նրանց հետ մենամարտ կազմակերպելն այդքան էլ հեշտ չէ. «Դա կախված է մենեջերներից: Իմ մենեջերն առաջարկել էր Բեռնարդ Հոպկինսին եւ Ջերմեն Թեյլորին` հանդիպում անցկացնել ինձ հետ, բայց նրանք հրաժարվել էին: Ոչ ոք չի ցանկանում կորցնել չեմպիոնական գոտին»:
Սակայն ինքը պատրաստ է ռինգ դուրս գալ ցանկացած մարզիկի դեմ։ «Իրենք ուժեղ են, բայց դե մենք էլ ենք ուժեղ, խնդիր չկա»,- ասում է Արթուրը։
Ի դեպ, այդ «մենք»-ի մեջ կարելի է հասկանալ Արթուրին եւ նրա եղբորը՝ Ալիկին, որը նույնպես մեծ հաջողությամբ հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում։ Արթուր Աբրահամը կտրականապես մերժեց այն հնարավորությունը, որ իրենք երբեւէ ռինգում իրար դեմ դուրս կգան. «Մեզ մի քանի անգամ առաջարկել են, սակայն հրաժարվել ենք: Մենք նույնիսկ մարզումների ժամանակ իրար հետ չենք մրցում»:
Ուշադրությունից դուրս չմնացին նաեւ ցավոտ հարցերը, օրինակ այն, որ Արթուր Աբրահամն այսօր իր հայրենիքում չի ապրում։ «Ցավալի է, որ ուրիշ երկրում ես հանդես գալիս, բայց դե` այդ երկրում են քեզ համար ստեղծում բոլոր հնարավորությունները, որպեսզի հաջողության հասնես»,- ասում է նա:
Բռնցքամարտիկը համաձայն է, որ արդեն ժամանակն է Հայաստանում նույնպես ստեղծել պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիա, սակայն գտնում է, որ այդ հարցով ինքը դեռ չի կարող զբաղվել. «Ես հիմա մարզվում եմ եւ պատրաստվում մենամարտերին։ Երբ վերջացնեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերաս, անպայման կզբաղվեմ այդ հարցերով»:
Իսկ անմխիթար վիճակում գտնվող Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցով Արթուրը կարող է եւ պատրաստվում է զբաղվել։ Ի՞նչ զգացումներ է ունենում մարզիկը՝ աշխարհի չեմպիոն դառնալով. «Ամբողջ կյանքում ձգտում ես դրան, իհարկե, աննկարագրելի զգացումներ ես ապրում։ Սակայն հետո գնում ես տուն, հանգստանում եւ դառնում սովորական մարդ»։
Արթուրը նաեւ նշեց, որ բուն մենամարտն ամենահեշտ փուլն է, դրան նախորդած մարզումները շատ ավելի ծանր են։ Հաջողության հասնելու համար ամենակարեւոր բանը նա համարում է կարգապահությունը եւ խոստովանում է, որ Գերմանիայում ապրելն ու մարզվելն իրեն ավելի կարգապահ են դարձրել։
Բռնցքամարտիկը չբացառեց, որ մի քանի տարի անց կարող է հանդես գալ ավելի բարձր քաշային կարգերում, սակայն ներկա փուլում կարեւորը տիտղոսը պաշտպանելն է եւ մյուս վարկածներում նույնպես հաջողության հասնելը։
Վերջում նա ավելացրեց, որ իր համար ամենալավ բռնցքամարտիկը Մայք Թայսոնն է. «Բայց առաջվա, երիտասարդ Թայսոնը, ոչ թե հիմիկվա»,- ճշտեց նա։
Հույս ունենանք, որ ապագայում Արթուրն էլ հիացմունքի առարկա կդառնա աշխարհի այլ չեմպիոնների համար եւ իր հանրաճանաչությամբ չի զիջի անգամ Երկաթյա Մայքին։