Խռոված նստած է վառարանի մոտ եւ ցուցադրաբար հպարտ կեցվածք ընդունելով` ուզում է ձեւացնել, թե հասակակիցներից ոչնչով չի տարբերվում: Ամեն օր դպրոցից տուն վերադառնալիս Տաթեւիկը մորը նկարագրում է, թե դասարանցիներն ինչ նոր հագուստ են հագել, ինչպես են մազերը հարդարել, ինչպիսի շքեղ գրենական պիտույքներ են գնել, որից հետո արժանանում է մոր կշտամբանքներին՝ «Մի՛ համեմատվիր իրանց հետ»: Մայրը՝ տիկին Գյուլնարան, գիշերները քուն չունի, ամբողջ գիշեր երազում է կենցաղային նորմալ պայմանների մասին, իսկ երբ լույսը բացվում է՝ հասկանում է, որ իր ճակատագիրն այս քրջոտ տնակն է ու ինքը դատապարտված է աղքատության: Ասում է, որ նյարդերի լարվածությունից անքնությամբ է տառապում. «Բժիշկն ասում ա, որ ներվերից չաղանում եմ»: Ինչպես Հայաստանի շատ քաղաքացիներ, այնպես էլ` տիկին Գյուլնարայի ընտանիքը, ճգնաժամային տարիներին բնակարանը վաճառել է եւ ռուբլու արժեզրկման պատճառով հայտնվել փողոցում: Որոշ ժամանակ վարձով են ապրել, հետո վռնդել են իրենց, սակայն նրա ամուսինը չի դիմացել ծանր պայմաններին, լքել է ընտանիքը: «Շատ էր խմում, իրա անճարությունից խմում էր, անպետք էր զգում իրան, մտածում էր` ի՞նչ տղամարդ ա, որ չի կարում երեխեքին պահի: Ուզում էր աշխատի, բայց էդ տարիներին հնարավոր չէր, իրան պատեպատ էր ծեփում, տանջվում էր: Լրիվ իրան տվեց խմիչքին, հետո էլ մեզ թողեց անտեր-անտիրական, հեռացավ»,- պատմում է տիկին Գյուլնարան, ով արդեն հաշտվել է 2 երեխաներին միայնակ պահելու մտքի հետ եւ հույսեր չի փայփայում, թե մի օր ամուսինը ուժ կհավաքի ու կվերադառնա: Տիկին Գյուլնարայի նյարդերը քայքայված են, ամեն ինչից սրտնեղում է, երեխաների աղմուկից էլ նեղվում է:
Տղային՝ 12-ամյա Սեյրանին անընդհատ նկատողություն է անում, ասում է՝ «Մի՛ ծիծաղի»: Հարցնում եմ՝ ինչո՞ւ չծիծաղի, պատասխանում է՝ «Ախր գիտե՞ս շատ ա ծիծաղում, իրան երբ տեսնես` ծիծաղում ա: Ես անհանգստանում եմ, իրա մոտ մի քիչ աննորմալ երեւույթ ա, ծիծաղելու բան լինի-չլինի` իրա բերանը միշտ բաց ա»: Սեյրանը ժպտերես է, չի ծիծաղում, ժպտում է, բայց դա ջղայնացնում է մորը: Հարցնում եմ՝ «Ուրախ չե՞ք, որ այս վատ պայմաններում եք ապրում, բայց ձեր տղան ժպտում է: Ասում է՝ «Դե՛, ուրախ եմ, բայց ժպտալուն էլ ձեւ կա, ինչքա՞ն կարելի ա ժպտալ, վրես ազդում ա, համ էլ վախենում եմ իրա համար: Մի անգամ դասարանում մի երեխու ծեծել էին, դասատուն հարցրել էր, թե ո՞վ ա ծեծել, ոչ մեկ ձեն չէր հանել, էս էլի ժպտացել էր: Դասատուն էլ ասել էր, որ ծիծաղում ա, ուրեմն ինքն ա արել, ու գցել էին իրա վրա: Վաղը մեկը գողություն կանի, ինքը կծիծաղա, կիմանան, թե ինքն ա արել»:
Գյուլնարան 2 երեխաների հետ, արդեն 8 տարի է, ապրում է Չարբախում գտնվող Փայտամշակման գործարանի պահակակետում: Գիշերները պահակություն է անում, որի համար վարձատրվում է 15.000 դրամով: «Մի օր սոված, մի օր ծարավ ապրում ենք, վա՜յ էս ապրելուն: Կնոջ համար դժվար ա գիշերները պահակություն անել էս եքա գործարանում: Գնում եմ էն աշխարհ, հետ եմ գալիս: Մի անգամ գողություն էր եղել, քաղմաս ընգա, հետո հասկացան, որ ես կարգին կին եմ, անճարությունից եմ ստեղ հայտնվել: Շատ վախենալու ա, շներ կան, իմ հետ հսկում են, բայց մի հատ թրխկոցից էլ սարսափում եմ: Իմ համար չեմ վախենում, երեխեքիս համար եմ վախենում: Ես թասիբի մեռած եմ, աշխատանքից չեմ վախենում, մենակ թե կարենամ երեխեքիս պահեմ»: Ասում է, որ դժբախտ ու միայնակ է, բայց առանց ամուսնու ավելի հանգիստ է, քանի որ նա խմում էր, ծեծկռտուք էր սարքում: Ամուսնու վերջին խոսքն է հիշում՝ «Ձեզ չեմ կարա պահեմ»: Ձմռանը տաքանում են Փայտամշակման գործարանի տված անպետք փայտերով ու թեփով, իսկ ամռանը կարիճների ու օձերի առատությունից վախենում են գիշերները քնել: Տիկին Գյուլնարան դժգոհում է երեխաներից՝ ասելով, որ սովորելու հետ սեր չունեն, տղային հազիվ են փոխադրում: Երեխաները շատ դաստիարակված են, հյուրեր ընդունելուն պես կծկվում են մի անկյունում, որ մայրը նկատողություն չանի: «Սիրտս շատ վատ ա, ամեն ինչից վատանում եմ»,- ասում է նրանց մայրը, ով չնայած աղքատության մեջ է ապրում, բայց շուրջբոլորը կոկիկ ու անթերի մաքրությամբ է շրջապատել: Ասում է՝ «Ախր մեր խելքից չէր, որ ընկանք էս վիճակում, պետության վիճակը վիճակ չէր, կենդանի-կենդանի մեռնում էինք: Մութ ու ցուրտ տարիներին հղի վիճակում սովածությունից ուշագնաց էի լինում: Ծննդաբերեցի, ցրտից երեխես թոքաբորբ տարավ: Էսօր, երբ ստեղ ծվարել ենք, պետությունը տեղյակ էլ չի, որ գործարանում մարդ ա ապրում: Ոչ գրանցում ունենք, ոչ էլ որեւէ մեկը գիտի, որ ստեղ մարդիկ են ապրում: Ասում էին` «Փարոսի» նպաստ կտան, էն էլ չտվին: Ես շատ քաշվող եմ, էլի, չեմ կարա գնամ, մարդկանց ոտքերն ընկնեմ, որ օգնություն տան»: Գյուլնարան պահակություն անելիս ամբողջ գիշեր մտածմունքների մեջ է ընկնում ու լուսաբացին սթափվելով` հասկանում է, որ երազանքներն իրեն շատ հեռու էին տարել, ամեն օր հիասթափություն է ապրում: