ՀՀ կուսակցական դաշտն ընտրությունների նախաշեմին

17/03/2006 Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ, Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Վերաձեւումներ եւ նորամուծություններ

Նախորդ հոդվածում մենք ներկայացրել էինք գերմանացի սոցիոլոգ Միխելսի տեսակետները քաղաքական կուսակցությունների մասին: Նրա գլխավոր դրույթն այն էր, թե ցանկացած կուսակցության հատուկ է օլիգարխիայի երկաթյա կանոնը, ինչի պատճառով կուսակցություններն անհամատեղելի են դեմոկրատիայի հետ: Կիրառելով միխելսյան վերլուծության սխեման` մենք փորձել էին առանձնացնել հայ քաղաքական դաշտի որպիսությունը պայմանավորող գործոնները եւ առաջին հոդվածում դրանցից նշել նախագահի անկուսակցական լինելն ու կառավարման կոալիցիոն բնույթը: Այժմ ներկայացվում են մյուս կարեւոր գործոնները:

Երբ տնտեսական օլիգարխները ձգտում են քաղաքական իշխանության

Այսօր մենք ականատես ենք մի գործընթացի, երբ տնտեսական օլիգարխիան փորձում է վերաձեւավորվել քաղաքական ուժերի` կուսակցությունների միջոցով եւ դրանով իսկ ապահովել սեփական շահերի ներկայացումը քաղաքական մարմիններում: Ուշագրավ է, որ այս տիպի կուսակցությունների նախաձեռնությունները պատկանում են այն գործարարներին, որոնք արդեն եկել էին խորհրդարան` որպես անհատ, հիմնականում ընտրվելով մեծամասնական կարգով: Եվ տրամաբանությունն այնպիսին է, որ եթե միեւնույն է, գործ է արվում, որ անհատը գա խորհրդարան, ապա ինչո՞ւ չգա սեփական կուսակցությունը: Ակնհայտ է, որ նման հիմքով ստեղծված կուսակցությունների սոցիալական հենակետն իրենց տնտեսվարող սուբյեկտների կազմում ընդգրկված, աշխատող մարդիկ են` հարակից սոցիալական ցանցերով: Պակաս կարեւոր չէ փողի առկայությունը: Եթե իշխանական կուսակցությունները ներգրավվածություն են ապահովում իշխանության ռեսուրսի առկայության շնորհիվ, ապա այս կուսակցություններն ընդլայնում են իրենց սոցիալական բազան` շնորհիվ դրամի: Եվ սա բնական է, քանի որ գործազրկության մեծ տոկոսի պայմաններում կուսակցական գործունեությունը դառնում է սոցիալական եւ նյութական պահանջմունքների բավարարման միջոց: Ակնհայտ է, որ այս կուսակցություններից ոմանք առաջիկայում ավելի մեծ դերակատարություն կունենան Հայաստանի քաղաքական գործընթացներում, քան ներկայումս գործող շատ կուսակցություններ, ավելին, այս կուսակցություններից ոմանք կարող են դառնալ իշխանությունների անվանափոխության հեղինակ: Անվանափոխության, որովհետեւ դեռ փաստ չէ, որ դրանցից մեկի իշխանության գալն անպայմանորեն կնշանակի նոր դեմքերի իշխանության գալը: Անցյալի փորձը ցույց է տալիս, որ ներկա իշխանավորներից շատերը կարող են իրենց ներկա կուսակցություններից հրաժարվել եւ դառնալ նոր, ավելի հեռանկարային կուսակցությունների ներկայացուցիչներ, ուստի շատ հավանական է, որ մենք խորհրդարանական ընտրություններից հետո ունենանք մեծ մասամբ հին իշխանություններ` արդեն նոր անվանմամբ: Ինչ վերաբերում է կուսակցական օլիգարխիային, ապա պետք է հաշվի առնել, որ խոսքը տնտեսական օլիգարխների մասին է, որոնք նույն սկզբունքներով գործում են նաեւ քաղաքական դաշտում: Եվ այստեղ կուսակցության մյուս ներկայացուցիչներն առաջնորդին նայում են իբրեւ իրենց մի կտոր հացի տեր դարձրած անձնավորության, ուստի խոսել որեւէ քննարկումների, բանավեճերի, կուսակցական գործընթացների մասին` անտեղի է:

Երբ խոսում են այն մասին, թե ով որտեղից է

Խոսքը վերաբերում է հայրենակցական միությունների` իբրեւ քաղաքական ուժ արմատավորվելու ձգտմանը, եւ սրա վառ վկայությունն է վերջերս խորհրդարանում օմբուդսմենի ընտրությունների ժամանակ ԱՄ-ական ապարանցի, այսինքն` «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ Աղասի Արշակյանի վարքագիծը, որը կուսակցական նպատակահարմարությունը ստորադասել էր հայրենակցական նպատակահարմարությանը: Հետագայում «Նիգ-Ապարանի» նախագահ Ա. Հովսեփյանի հավաստիացումներն այն մասին, թե Արշակյանը կուսակցական է եւ գործել է ըստ իր կուսակցական պարտքի, հնչում էին իբրեւ հակառակի ապացույց` ցուցանելով այն փաստը, որ կուսակցությունը տվյալ դեպքում ավելի քիչ քաղաքական նշանակություն ունի, քան դե յուրե որեւէ քաղաքական հավակնություն չունեցող հայրենակցական միություն: Հենց այս եւ նման դեպքերը թույլ են տալիս խոսել ՀՀ-ում կուսակցական համակարգի իմիտացիոն բնույթի մասին, քանի որ կուսակցությունների մեծ մասը չունի որեւէ այլ ֆունկցիա, քան իր անդամների մի մասի անձնական պահանջմունքների բավարարումը: Իսկ ռեալ քաղաքական ուժը, որ պետք է բաշխված լիներ տարբեր կուսակցությունների միջեւ, բաշխվում է վարչական եւ ֆինանսական ռեսուրսների տիրապետողների միջեւ: Ուշագրավ է, որ հենց գաղափարական-ծրագրային վակուումի շնորհիվ է տեղի ունենում զանազան հայրենակցական միությունների վերաիմաստավորումն իբրեւ քաղաքական կոորդինացիայի ներուժ ունեցող կառույցներ: Այս միություններն ունեն հասարակական հիմնավորվածություն զուտ իրենց տեղանքային իմաստով, սակայն տիրապետելով նաեւ որոշ վարչական ռեսուրսների` սրանք հավակնում են իրենցում ներառել անձանց եւ խմբերի` ոչ նույն տեղանքային պատկանելության, եւ դրանով իսկ ընդլայնել իրենց հասարակական աջակցությունը: Եթե մենք չենք կարողանում համախմբվել գաղափարների եւ ծրագրերի շուրջ, ապա մնում է համախմբումը զուտ տեղանքային հիմքով, ինչը ոչ այլ ինչ է, քան վերադարձ ցեղային գաղափարախոսությանը` «դու գյումրեցի ես, ես` լոռեցի» սկզբունքով: Հատկանշական է, որ մարդկությունն անցել է համախմբման այս փուլը նախնադարում:

Երբ ընդդիմությունը տարբեր ֆորմատներ է փորձարկում

Ընդդիմադիր կուսակցություններն ի սկզբանե առավելություն ունեն իշխանական կուսակցությունների նկատմամբ, քանի որ նրանցում ուղղակի օբյեկտիվորեն չի կարող գործել Միխելսի նշած այն միտումը, թե հռչակված նպատակները մնում են թղթի վրա, իսկ իրականում կուսակցությունը գործում է իշխանությունը պահպանելու նպատակով: Սակայն մեր ընդդիմադիր կուսակցությունների դեպքում էլ է գնում հռչակված նպատակների եւ իրականացվող գործողությունների անհամապատասխանության գործընթացը, քանի որ անհիշելի ժամանակներից ընդդիմությունը հռչակել է «իշխանափոխություն եւ արտահերթ ընտրություններ» թեզը, որն այդպես էլ չի իրականանում: Պետք է ասել, որ ընդդիմությունը գործում է արդյունավետության ճգնաժամի պայմաններում, եւ հենց սա է խթան հանդիսանում նորանոր ձեւաչափերի ստեղծման համար: Խնդիրն այն է, որ ձեւաչափերը ձեւի խնդրի լուծման փորձ են, իսկ բովանդակային լուծումներ ոչ ոք, կարծես, չի փորձում տալ: Նպատակները մնում են նույնը: Իսկ այդ նպատակները ենթադրում են համախմբում «ընդդեմ» հիմքի վրա: Պետք է նշել, որ «ընդդեմ-համախմբումներն» ավելի կարճատեւ եւ անհաստատ բնույթ են կրում, քանի որ դրանք ձեւավորվում են բացասական հիմքի վրա եւ ավելի շուտ են արդյունք ենթադրում, քան «հանուն-համախմբումները»: Այս առումով ուշագրավ է, որ Խորհրդային Միությունը 70 տարուց ավելի գոյատեւեց հանուն կոմունիզմի, սակայն ընդամենը մի քանի տարում փլուզվեց, երբ միացավ ընդդեմ բացասական երեւույթների, որոնք առկա էին հասարակական կյանքում: Ուշագրավ է «Քաղաքացիական Հայաստանի» նախաձեռնությունը, որը հիմնված է հասարակական որոշակի հախուռն գործընթացներ առաջ բերելու նպատակի վրա: Այդպիսի գործընթացների արդյունքում 1988-ին ձեւավորվեց ՀՀՇ-ն, որում այնուհետեւ գործեց Միխելսի նշած օլիգարխայի երկաթյա կանոնը: Եվ ուշագրավ է, որ այս նախաձեռնության հեղինակները ոչ միայն չեն թաքցնում, այլեւ հայտարարում են, որ իրենց նպատակն է վերաստեղծել 88-ի իրավիճակը` զանգվածային վարքի առումով: Նույնիսկ անվանումների նմանությունը` «Քաղաքացիական Հայաստան» կոմիտե – «Ղարաբաղ» կոմիտեի, նշում է ընտրված ռազմավարության առանձնահատկության մասին: Նպատակ ունենալով ստեղծել այդպիսի կոորդինացիոն մարմիններ բոլոր բնակավայրերում` նախաձեռնության հեղինակները հույս ունեն ապակենտրոնացնել իշխանությունը` տեղերում կազմակերպվելու հնարավորություն տալով: Նման մոտեցումը նորություն չէ, բացի 88-ի հայաստանյան իրադարձություններից, մենք կարող ենք գործունեության նույնատիպ մոտեցում տեսնել եւ բոլշեւիկների մոտ` անցած դարասկզբին, եւ դաշնակցականների մոտ: Ի տարբերություն իշխող կուսակցությունների, որտեղ փորձ է արվում հրապարակային ներկայացնել, իբր ամեն ինչ հարթ ու հանգիստ է, ընդդիմադիր կուսակցություններն ու ֆորմատներն իշխանամետ ԶԼՄ-ների կողմից ամեն կերպ ներկայացվում են իբրեւ թույլ, ոչ միաբան, ինչը ստիպում է ընդդիմադիրներին պարզաբանումներ տալ եւ դրանով իսկ բարձրացնել ներքին կուսակցական գործընթացների թափանցիկությունը: Այսպիսով, իշխանության դեմ պայքարի արդյունավետությանը կարող է նպաստել նաեւ ներքին կուսակցական ժողովրդավարության ապահովումը:

Երբ գալիս է սեպտեմբերը

Տվյալ դեպքում սեպտեմբերը գալու է 2007թ. մայիսին: Մայիսին, ըստ ժողովրդական ավանդության, չեն ամուսնանում, որովհետեւ մայիսը վայիս ամիս է, այսինքն` ապագա հեռանկարներ կազմելու, երկարատեւ պլաններ նախագծելու համար անհաջող ամիս է: Սա մեր պապերին հուշել են աստղերը, սակայն, ինչպես մեզ հուշում են բազմաթիվ աստղագուշակներ, չեն պարտադրել: 2003-ի մայիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձեւավորվեց ներկայիս իշխանական կոալիցիան, որի կոալիցիոն գործունեության արդեն երեք տարիները (եւ մեծ հավանականությամբ` եկող մեկ տարին նույնպես) լի էին տարաբնույթ հակասություններով եւ կոնֆլիկտներով: «Քաղաքական հակասությունները բնական են քաղաքական բազմակարծության դեպքում»,- կարող է հակաճառել ինչ-որ մեկը: Սակայն ժողովրդավարության տրամաբանությունը միայն բազմակարծության եւ հակասությունների մեջ չէ, այլ նաեւ այդ հասակությունները թափանցիկ գործընթացների միջոցով քննարկելու եւ փոխզիջումների գալու: Եվ եթե քաղաքական դաշտում չգործեն ժողովրդական իմաստնությունները (չէ՞ որ, ի վերջո, մենք գնում ենք ինտեգրվելու Եվրոպային, ուրեմն եւ պետք է թողնենք այդ նախապաշարումները), ապա հաջորդ ընտրությունները կարող են պսակվել նոր «ամուսնությամբ»: Սակայն այս «ամուսնության» նպատակը լինելու է ոչ թե միայն մինչեւ հաջորդ ընտրությունները վարքականոն գծելը եւ իշխանություն պահելը, այսինքն` «իշխանական օժիտին» տեր կանգնելը, այլ «զավակի»` այն է, հաջորդ հնարավոր նախագահի ծնունդը, որի ընտրություններն, ի դեպ, ծրագրված են խորհրդարանականից 9 ամիս հետո: