Միջազգային հանրությունը պետք է ճիշտ գնահատի

17/03/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Օրերս ԼՂՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը karabakh-online-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման թեմային: Նրա խոսքերով` «Ղարաբաղում չկան վերահսկվող ու օկուպացված տարածքներ: Կա ԼՂՀ ամբողջականություն՝ իր ներկայիս սահմանների շրջանակներով: Դա պետք է գիտակցել առհավետ»,- ասում է նա:

 «Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա այդ հասկացության հեղինակները պետք է ճշտեն, թե հատկապես ո՞ր Ադրբեջանի մասին է խոսքը: Պատմությունը գիտի ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների նվազագույնը 3 ժամանակաշրջան՝ մինչհեղափոխական, խորհրդային եւ հետխորհրդային: Առաջին եւ երրորդ պատմական ժամանակաշրջաններում Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չի եղել: Դա միայն խորհրդային ոչ մեծ ժամանակաշրջանում է եղել: Ուրեմն՝ կարելի է ենթադրություն անել, որ մարդիկ, ովքեր խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ցանկանում են վերադառնալ խորհրդային իրականություն»,- ասել է նախկին փոխնախարարը:

«1988-ին, երբ ԼՂԻՄ-ը դեռ գտնվում էր Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթի, Բաքվի եւ այլ քաղաքների ոճրագործությունները եւ իրականացրեցին «Կոլցո» օպերացիան՝ հենց ԼՂԻՄ-ում: Դա սեփական քաղաքացիների դեմ պատերազմ էր: ԽՍՀՄ անկումից հետո արդեն անկախ Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց՝ անկախ Ղարաբաղի դեմ: Պատերազմն ընթանում էր Ղարաբաղի տարածքում, եւ մենք ստիպված էինք պաշտպանվել: Այսօր Ադրբեջանը խոսում է երրորդ պատերազմի մասին, եւ միջազգային հանրությունը ոչինչ չի անում՝ այդ երկրում հակահայկական քարոզչության դադարեցման ուղղությամբ: Ես խորապես համոզված եմ, որ միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է գնահատական տա կատարված իրադարձություններին: Ադրբեջանցի փախստականների վերադարձը պահանջող հանրությունը պետք է խոստովանի, որ երկու կողմերի փախստականներն ի հայտ են եկել Ադրբեջանի կողմից ծավալած պատերազմի արդյունքում»,- այս կարծիքն է արտահայտել պարոն Բալասանյանը:

Բոլորովին վերջերս Արցախյան պատերազմի մի շարք մասնակիցներ՝ ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ ստեղծել են «Հավատ» անունով նոր հասարակական կազմակերպություն, որի նպատակը, Վ. Բալասանյանի խոսքերով՝ միջազգային ասպարեզում Ղարաբաղի ներկա կարգավիճակի եւ պատմական ճշմարտության հիմնավորումն է, Ադրբեջանա – Ղարաբաղյան պատերազմի ծագման դրդապատճառները միջազգային հանրությանը ներկայացնելը եւ այլն:

«Անցել ենք մի դժվար ճանապարհ, երբ մեզ դրդել են պարտադրված պատերազմի: Սակայն առ այսօր քաղաքական ուժերը չեն կարողացել հայ ազգին ներկայացնել կատարվածը եւ միջազգային հանրությունն առ այսօր չի ճանաչել, թե ով է սկսել պատերազմը: Ուստի՝ նպատակ ունենք դիմել միջազգային հանրությանը, որպեսզի վերջինս ճանաչի, թե ով է պատերազմ հրահրող կողմը: Եվ եթե կարողանանք հասնել այդ նպատակին, ապա ԼՂՀ կարգավորման գործընթացն այլ ուղիով կընթանա»,- ասում է Վ. Բալասանյանը, որի հավաստմամբ, նոր կազմակերպությունը քաղաքական նպատակներ չի հետապնդում, ու թեեւ կազմակերպության կորիզը պատերազմի մասնակիցներն են, իրենք նպատակ ունեն կազմակերպության շարքերում ներգրավել հատկապես երիտասարդներին: Վերջիններիս մասնակցությամբ պարբերաբար կհրավիրվեն կլոր սեղաններ, կկազմակերպվեն հանդիպումներ, հեռուստաելույթներ, կազմակերպությունը կհրատարակի նաեւ իր թերթը:

Մեր տվյալներով, առաջիկայում նախատեսվում է «Հավատ» կազմակերպության նախաձեռնությամբ հրավիրել կլոր սեղան՝ 20-30 տարեկան երիտասարդների մասնակցությամբ՝ «Որքանո՞վ է մեր երիտասարդությունը ներգրավված քաղաքականության մեջ եւ որքանո՞վ է քաղաքականությունը հետաքրքրում երիտասարդությանը» թեմայով: