Ծալկայում սպանված Գեւորգյանի եւ վիրավորված Սահակյանի հարազատները պահանջել են հարձակվողներին Լինչի դատաստանի ենթարկել: Չորս կասկածյալները ձերբակալվել են հանցագործության կատարման օրը: Ո՞վ է մարդասպանը` առայժմ հայտնի չէ: Տուժածների հարազատները ոստիկանության շենքի առջեւ բողոքի աղմկոտ ակցիա արեցին: Շրջանում տեղակայված հատուկ նշանակության ջոկատը բերվել էր բարձր մարտական պատրաստության, բայց շուտով իրավիճակը կայունացավ:
Մարտի 9-ին պատահած ողբերգության մասին գրեցին ոչ միայն վրաստանյան, այլեւ ռուսաստանյան ԶԼՄ-ները: Հանցագործությունը կատարվել էր Ծալկայի կենտրոնում, ռեստորանի մոտ: Մի խումբ երիտասարդ հայեր ռեստորանում ծննդյան օր էին նշում: Ջավախեթիում գործող «Ա-ինֆո» գործակալության տեղեկատվության համաձայն, երբ նրանք մեքենա են նստել, նրանց վրա հարձակվել են, չեն թողել մեքենա նստել եւ սկսել են ծեծել: Հարձակվողների խումբը բաղկացած է եղել 15 հոգուց, շատերը զինված են եղել սառը զենքով: Գործակալությունը հայտնում է, որ ստացած վնասվածքներից տեղում մահացել է 23-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 25-ամյա Սահակյանը վիրավորվել է ոտքից, իսկ 25-ամյա Բալոյանը ծանր վիճակում տեղափոխվել է Թբիլիսիի 1-ին քաղաքային հիվանդանոց: Հայերի վրա հարձակվողները փախել են: Նույն «Ա-ինֆոն» շարունակում է. ի նշան բողոքի, Ծալկայում հավաքվել են մոտ 300 հայեր, պահանջելով հանցագործներին Լինչի դատաստանի ենթարկել: Նրանք ջարդել են ոստիկանության շենքի ապակիները: Ի պատասխան, այստեղ մի քանի ամիս առաջ Թբիլիսիից բերված հատուկ նշանակության ջոկատը սկսել է հավաքվածներին ծեծել ռետինե մահակներով, արդյունքում տուժել է մոտ 100 մարդ: Գործակալությունը նաեւ պնդում է, որ ռեստորանի մոտ ծեծկռտուքից տուժածների խոսքերով, իրենք չգիտեն, թե ինչու իրենց վրա հարձակվեց սվանների կամ աջարների խումբը: Բոլոր տուժածները ծնունդով Քուշի գյուղից են: Ականատեսների խոսքերով, միջադեպից անմիջապես հետո հատուկ նշանակության ջոկատը շրջափակեց Ծալկայի շրջանի հայկական բնակավայրեր տանող բոլոր ճանապարհները: Մյուս ճանապարհները մնացել էին ազատ:
Ո՞վ էր հարձակվել, եւ ինչո՞ւ էր բախում տեղի ունեցել: Քվեմո Քարթլի տարածաշրջանում (որի կազմի մեջ է մտնում Ծալկայի շրջանը) նախագահի լիազոր Զուրաբ Մելիքիշվիլու խոսքերով, հանցագործությունը կատարվել է ծագած վեճից հետո: «Երկու խմբերն էլ զվարճանում էին ռեստորանում: Նրանք այնտեղ ինչ-որ հակասություններ են ունեցել, եւ բախումը թեժացել է փողոցում: Շատ ակտիվ են աշխատել իրավապահ մարմինները` անմիջապես ձերբակալելով չորս կասկածյալների: Այլ անձերի անուններ էլ են տրվում: Հետաքննությունը կպարզի, թե կոնկրետ ով է վեճի ընթացքում դանակ գործածել»,- հայտարարեց Մելիքիշվիլին «Ռեզոնանսիին»: Նրա խոսքերով, վերջին 7-8 ամիսների ընթացքում շրջանում լուրջ բախումներ չեն եղել: Մելիքիշվիլին դա կապում է այն բանի հետ, որ իշխանությունները ժամանակին Ծալկայի շրջանում տեղակայել են հատուկ նշանակության զորամիավորումներ. մոտավորապես մեկ տարի առաջ այստեղ շատ բարդ քրեածին իրավիճակ էր:
Ծալկայի շրջանի վարչության նախագահ Միխայիլ Ցկիտիշվիլին «Ռեզոնանսիին» հայտնեց, որ այժմ իրավիճակը կայունացել է: «Արդեն միջադեպից հետո, երեկոյան, այն բավականին խաղաղ էր: Ծալկայում հատուկ նշանակության ջոկատի հայտնվելն առաջին հերթին պայմանավորված էր կասկածյալներին օպերատիվորեն ձերբակալելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե այն բանով, որպեսզի ցրեն Լինչի դատաստան պահանջող, տուժածների ցուցարար հարազատներին»,- հայտնեց Ցկիտիշվիլին «Ռեզոնանսիին»:
Ցկիտիշվիլին հանդիպեց տուժածների հարազատների հետ: «Ես արդեն հանդիպել եմ սպանված Գեւորգյանի հարազատների, Քուշի գյուղի վարչության նախագահի, հայկական գյուղերի բնակիչների հետ: Մարդիկ, համենայնդեպս` նրանց մեծ մասը, այնուամենայնիվ հասկանում են, որ նմանատիպ հանցագործություն կարող էր կատարվել Վրաստանի ցանկացած շրջանում, որ դա կոնկրետ հայերի դեմ ուղղված հանցագործություն չէր: Դա սովորական վեճ էր, որը վերածվել էր ծեծկռտուքի, ցավոք, նման ծանր վերջաբանով»,- ասաց «Ռեզոնանսիին» Ցկիտիշվիլին:
Զուրաբ Մելիքիշվիլին նույնպես գտնում է, որ այդ հանցագործությունը ոչ մի դեպքում չի կարելի էթնիկ անվանել. «Դա քրեական պատմություն է, եւ հանցագործներն անպայման արժանի պատիժ կկրեն: Բայց այսպիսի իրավիճակում միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով անպայման կատարվածին էթնիկ երանգ կտան…»:
Ողբերգությանն այդպիսի գնահատական է տալիս նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթը: «Ապշում եմ, որ կատարված հանցագործությունը որոշակի շրջանակներ փորձում են բնութագրել որպես էթնիկ: Ծեծկռտուքը տեղի է ունեցել հիմարության պատճառով, առանց հատուկ պատճառների: Իսկ ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության պնդմամբ, պարզվում է, ընդհանրապես զինված հարձակում է կատարվել: Ցավոք, իսկապես գոյություն ունեն ուժեր, որոնք ուզում են, որպեսզի Վրաստանում բարդ քաղաքական խորապատկերին ավելանա նաեւ էթնիկ դիմակայությունը: Դա անամոթություն է: Ի ուրախություն, վերջին տարվա ընթացքում Ծալկայում հանգիստ էր, եւ շատ ափսոս, որ հանգստությունը խաթարվեց կատարված հանցագործությամբ»,- հայտարարեց «Ռեզոնանսիին» Վան Բայբուրթը: