Մնացին միայն չորսը

17/03/2006 Մ. ՀՈՒՍԵՅՆՈՎ, «Զերկալո» (Ադրբեջան)

Երեկ Ուզբեկստանը վերջնականապես ձեւակերպեց ՎՈՒՈՒԱՄ (Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) բլոկից իր դուրս գալը: Հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովը ստորագրեց «Հյուպատոսական հարցերով փոխադարձ օգնություն ցուցաբերելու մասին ՎՈՒՈՒԱՄ-ի մասնակից պետությունների պայմանագրի չեղյալ հայտարարելու մասին» օրենքը: Նշենք, որ հունվարի 27-ին այդ փաստաթուղթն ընդունվեց Ուզբեկստանի խորհրդարանի Ներքին պալատի կողմից, իսկ փետրվարի 25-ին հավանության արժանացավ Սենատի կողմից: Այսպիսով, բլոկի հապավումը փոխվեց, ՎՈՒՈՒԱՄ-ից այն վերափոխվեց առավել բարեհունչ ՎՈՒԱՄ-ի:

Բլոկից Ուզբեկստանի դուրս գալն իր հետեւից որեւէ լուրջ փոփոխություններ առաջ կբերի՞: Այս հարցին կարելի է պատասխանել, վերլուծելով բլոկի ստեղծման պատմությունը եւ նրա գործունեության հիմնական ուղղությունները: Այսպես, ՎՈՒԱՄ-ը կազմավորվել էր Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի կողմից 1997թ. հոկտեմբերի 10-ին՝ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի վեհաժողովի ժամանակ: Կազմակերպություն վերջինը մտել է Ուզբեկստանը 1999թ.՝ ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան վեհաժողովի ժամանակ: Բլոկի ստեղծումը, փաստորեն, անմիջապես ստացավ ԱՄՆ-ի աջակցությունը, որին պետք էր հուսալի գործընկեր նախկին սովետական տարածքում իր շահերի պահպանման համար: Առաջ եկավ բլոկի քաղաքական բաղադրիչը՝ ԱՄՆ-ի շահերը: Արդյունքում հատկապես բլոկի արեւմտամետությունը դարձավ Ուզբեկստանի՝ բլոկի մեջ մտնելու պատճառը: Արդյունքում Ուզբեկստանը դարձավ ԱՄՆ-ի կարեւոր ռազմավարական գործընկերը, այդ պետության տարածքն օգտագործվում էր Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների անցկացման ժամանակ: ՎՈՒԱՄ-ի համար ամենածանր եւ բեկումնային ժամանակահատվածը, հավանաբար, եղան 2003 եւ 2004 թվականները: Վրաստանում տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», հետո Ուկրաինայում՝ «նարնջագույն հեղափոխությունը», Մոլդովայում հեղափոխությունը ստացվեց վերեւից՝ Միխայիլ Վորոնինը փոխեց կոմունիստական գաղափարախոսությունը: Ուզբեկստանում հեղափոխությունն ավարտվեց արյունահեղությամբ: Ուզբեկստանի այդ իրավիճակում, որը կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքական ուղղվածությունը, ամեն ինչ հստակ դարձավ: Անդիժանի դեպքերից հետո Իսլամ Քարիմովն այլ ճանապարհ չուներ` բացի Ռուսաստանի կողմը շրջվելուց: Նշենք, որ մարտի 7-ին Ուզբեկստանը վավերացրեց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը: 2005 թվականի նոյեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը եւ Իսլամ Քարիմովը ստորագրեցին Ռուսաստանի եւ Ուզբեկստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը: Պայմանագրի համաձայն, կողմերը երկարաժամկետ հիմքի վրա կառուցում եւ զարգացնում են դաշնակցային հարաբերություններ: Դա նշանակում է, որ Ռուսաստանի կամ Ուզբեկստանի դեմ ուղղված զավթողական ցանկացած ակտ` որեւէ պետության կողմից, կդիտվի որպես զավթողականություն՝ ընդդեմ երկու երկրների: Կողմերից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռվում նաեւ օգտագործել դաշնակից պետության տարածքում գտնվող ռազմական օբյեկտները: Այլ խոսքերով, այդ պայմանագիրը ոչ մի կերպ չէր շաղկապվում ՎՈՒՈՒԱՄ-ին Ուզբեկստանի անդամակցության հետ:

Վրաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում եւ Մոլդովայում իրավիճակը բոլորովին այլ էր: Ամեն ինչ կախված էր այն բանից, թե կկարողանա՞ն, արդյոք, նախագահներն ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ: Չնայած բոլոր հոռետեսական կանխատեսումներին, ՎՈՒԱՄ-ի առաջնորդները համաձայնություններ ձեռք բերեցին, որոնք արտացոլում ունեցան «Հանուն ժողովրդավարության, կայունության եւ զարգացման» դեկլարացիայում: Այդ փաստաթուղթը յուրօրինակ հիմք է հանդիսանում ՎՈՒԱՄ-ի միջազգային կազմակերպության վերաձեւավորման համար: Ընդ որում, նախկին սովետական տարածքում որեւէ նոր միավորման հիմնադրման գործընթացի ավանդական բյուրոկրատացվածությունը, կարծես թե, շրջանցում է ՎՈՒԱՄ-ին: Համենայնդեպս, տարածաշրջանային բլոկին միջազգային կազմակերպության կարգավիճակ տալու աշխատանքը շատ ակտիվորեն է տարվում: Այսպես, սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպել են ՎՈՒԱՄ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Նաեւ որոշակի աշխատանք է կատարվել ՄԱԿ-ի շրջանակներում: ՎՈՒԱՄ-ը վերաձեւավորելու վերաբերյալ «թղթային» գործունեությանը զուգահեռ, այդ միավորման մասնակիցներն ուժգնորեն վերամշակում են կազմակերպության գաղափարական բաղադրիչները` պարբերաբար հնչեցնելով հավակնոտ ծրագրեր: ՎՈՒԱՄ-ի գլխավոր վերակենդանացնողներ հանդիսացան Վրաստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանը: Հրապարակվեց էներգափոխադրման նախագծի ըմբռնումների համակարգը, որի գործարկումը կօգնի ուժեղացնել ՎՈՒԱՄ-ի մասնակից երկրների էներգետիկ անվտանգության մակարդակը: Էներգետիկ անվտանգության կարեւորությունը եւ այդ ուղղությամբ համագործակցությունը հաստատեց վերջին գազային ճգնաժամը: Տվյալ իրավիճակում, եթե Ուկրաինան մնաց առանց ՎՈՒԱՄ-ի երկրների օգնության, ապա Վրաստանին դժվար կացությունից օգնեց դուրս գալ Ադրբեջանը: Ընդ որում, ԱՊՀ տարածքում «գազային պատերազմները» լրջորեն անհանգստացրին ոչ միայն ՎՈՒԱՄ-ի երկրներին, այլեւ եվրոպական պետություններին, որոնք գիտակցեցին ածխաջրածինների փոխադրման հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ ՎՈՒԱՄ-ի երկրները, որոնք էներգետիկ եւ տարանցումային բացառիկ հնարավորություններ ունեն, եվրոպական երկրներին առաջարկելու շատ բան ունեն: Նմանատիպ աննախադեպ հնարավորություն են ընձեռում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերը, ինչպես նաեւ` կասպյան նավթի փոխադրման հնարավորությունը Ուկրաինայի միջով՝ Օդեսա-Բրոդի երթուղով: Սրանք արդեն կոնկրետ տնտեսական եւ ֆինանսական շահաբաժիններն են: Իսկ այնտեղ, ուր կան տնտեսական անվտանգության հարցեր, մշտապես գոյություն ունեն քաղաքական հարցեր: ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների համար ծայրաստիճան կարեւոր է` քաղաքական հենակետ ունենալ Հարավային Կովկասում եւ ԱՊՀ-ի արեւելյան հատվածում: Իսկ նման հենակետի դեր կարող են խաղալ ՎՈՒԱՄ-ի երկրները: ՎՈՒԱՄ-ի երկրների համար այդ տնտեսական եւ քաղաքական դիվիդենտները Եվրամիություն մտնելու հեռանկար են բացում: Ճիշտ է, այդ հեռանկարը բավական երկարաժամկետ է, սակայն բլոկի երկրներից ոչ մեկը չի թաքցնում այն փաստը, որ իրենց վերջնական նպատակը միավորված Եվրոպային անդամակցելն է: Բացի այդ, ՎՈՒԱՄ-ի երկրների համագործակցության առավել հեռանկարային ուղղություններից մեկը կարող է դառնալ մասնակցությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Առաջին հերթին խոսքը Վրաստանի տարածքում տարածաշրջանային հակամարտությունների մասին է: Այսօր Վրաստանում տեղակայված են ռուսաստանյան խաղաղապահ ուժերը: Սակայն Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հակասությունները հասել են այնպիսի մակարդակի, որ Վրաստանի խորհրդարանը հարց է բարձրացնում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի դուրսբերման մասին: Իսկ կրակագծում, այլ երկրների զինծառայողների հետ նույն շարքում կարող են կանգնել խաղաղապահներ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրներից: Նույնը կարելի կլինի կիրառել ավելի ուշ հեռանկարում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում:

ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների միջեւ փոխհարաբերությունները կարող են բավականին ուժեղ խթան դառնալ զարգացման համար, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի՝ Բաքու կատարելիք վաղուց ծրագրված այցի իրագործման դեպքում: Սկզբունքորեն, կարծես թե, Յուշչենկոյի այցը չի ուշանա: Այսպես. այդ հարցն արդեն քննարկվել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Անատոլի Կինախի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Աբբաս Աբբասովի հանդիպման ժամանակ: Այցի ընթացքում նաեւ ծրագրվում է ուկրաինա-ադրբեջանական բիզնես-գիտաժողովի անցկացում: Ուկրաինայի նախագահի այցը ծայրաստիճան կարեւոր է բլոկի զարգացման տեսակետից: Այսպես. Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարների միջեւ գոյություն ունեն խիստ վստահելի հարաբերություններ: Ուկրաինական առաջնորդի հետ նույնանման լավ կապեր հաստատելը միայն կամրապնդի ինչպես միջպետական հարաբերությունները, այնպես էլ համագործակցությունը ՎՈՒԱՄ-ի շրջանակներում: Այս իրավիճակում Ուզբեկստանի բլոկից դուրս գալը ՎՈՒԱՄ-ի երկրների համար, փաստորեն, նշանակում է ազատվել ավելորդ բեռից:

www.mediadialogue.org