Խոշոր էլեկտրոնային ծրագրային միջոցներ ստեղծող «Սինոփսիս» ընկերությունը Հայաստանի արտադրական ոլորտում ներդրել է շուրջ 150 մլն դոլարի, իսկ ուսումնական ոլորտում` մոտ 100 մլն դոլարի տեխնոլոգիաներ: Իսկ օրերս Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտորատի որոշմամբ, արտասահմանից «ՀՊՃՀ տարվա գործընկեր – 2006» մրցանակը շնորհվեց «Սինոփսիս Արմենիա»-ին` ՀՊՃՀ-ի հետ արդյունավետ համագործակցության, ՀՊՃՀ-ին Չարլզ Բեբիջի անվան դրամաշնորհի հատկացման, հեռաուսուցման առաջին դասարանի հիմնման համար:
– Դուք նաեւ ստրատեգիական շուկայի զարգացման գծով «Սինոփսիս»-ի փոխնախագահն եք: Ի՞նչ է նշանակում «ստրատեգիական շուկա»:
– Ստրատեգիական մարկետինգը այն մթնոլորտն է ստեղծում, որն առավելապես նպաստում է բիզնեսի զարգացմանը եւ հաճախորդների հետ կապերի հաստատմանը: «Սինոփսիսը» զբաղվում է նախագծման մեքենայացման միջոցների ստեղծմամբ, եւ քանի որ սա բիզնեսի առանձնահատուկ ոլորտ է, ուստի բարենպաստ բիզնես-մթնոլորտ եւ ենթակառուցվածքներ ստեղծելու համար «Սինոփսիսը» պետք է սերտ կապեր հաստատի այլ ընկերությունների, մասնավորապես` կիսահաղորդիչներ արտադրողների հետ:
– Երբ Երեւանի Պետական համալսարանի հետ համագործակցության պայմանագիր էիք կնքում, Դուք նշեցիք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են կառավարության աջակցությունը եւ բուհերի հետ համագործակցությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում այս գործընթացը:
– Ըստ էության, կառավարության հետ պետք է լինել գործընկերներ, այլ ոչ թե ստանալ նրա օգնությունը: Առաջին հերթին, կառավարությունը պետք է ապահովի բարենպաստ ներդրումային մթնոլորտը, որի շնորհիվ արեւմտյան ՏՏ ոլորտի ընկերությունների համար Հայաստանը կդառնա գրավիչ երկիր: Երկրորդ կարեւոր հանգամանքը ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող օրենսդրական դաշտի, ներառյալ` աշխատանքային եւ հարկային օրենքների վերամշակումն է, ինչն օտարերկրյա ներդրողներին թույլ կտա նորմալ գործունեություն ծավալել Հայաստանում, օգուտներ տալ եւ շահույթ ստանալ: Պետք է անընդհատ երկխոսություն լինի կառավարության եւ գործարարների միջեւ: Վերջիններս պետք է ներկայացնեն իրենց կարծիքներն ու պահանջները` հակադարձ կապ ակնկալելով: Այս 2 օղակների միջեւ կամուրջը միշտ պետք է պահպանվի: Հայաստանում մեր համալսարանական ծրագրերը սկսվեցին այն բանից հետո, երբ ՀՊՃՀ-ի հետ «Սինոփսիսի» համագործակցությունն արդյունավետ եղավ: Մեր ընկերությունը տարածք, ուսումնական պլաններ եւ դասախոսներ է տրամադրում ՀՊՃՀ-ի ուսումնական ծրագրի համար, իսկ ամբիոնն ավարտած ուսանողներն առաջին օրվանից հնարավորություն ունեն աշխատել «Սինոփսիս Արմենիայում»: Համալսարանական այս մոդելն ընկերությունը համարում է հաջողված: Անցյալ տարվա դեկտեմբերից համալսարանների հետ համագործակցությունը շարունակվում է: Բարեգործական հիմնադրամի շնորհիվ «Սինոփսիսը» ՀՊՃՀ-ին նվիրեց հեռաուսուցման լսարան (ինտերնետ, 20 համակարգիչներ): Ընկերությունը կարեւորում է որակյալ ճարտարագետների պատրաստումը, դրա համար էլ եւս 3 նման լսարաններ ստեղծվեցին Հայաստանում: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, ապա վերջինիս հետ համագործակցությունը կլինի նույնքան յուրահատուկ, ինչպես ՀՊՃՀ-ի դեպքում: Այսինքն, մենք տրամադրում ենք ուսումնական պլաններ, վարձատրում ենք դասախոսներին եւ կրթաթոշակներ ենք տալիս ուսանողներին: Այս ուսումնական կիսամյակում 31 ուսանող արդեն սկսել է այս ծրագրով սովորել: Բացի այդ, «Սինոփսիսը» որոշել է իր ամերիկյան խոշոր գործընկերներից մեկին ծանոթացնել Հայաստանի հետ, որի ջանքերով էլ ԵՊՀ-ի համակարգչային լսարանը կհամալրվի նոր սարքավորումներով: Այս պահին դրանք տեղափոխվում են Հայաստան:
– Այդ դասընթացներն ավարտելուց հետո մասնագետները «Սինոփսիսում» աշխատանքի են ընդունվում առանց որեւէ խոչընդոտի՞:
– Իհարկե, մեր նպատակը գործնականում բոլորին աշխատանքով ապահովելն է, սակայն իրականում այդպես չի լինում: Մենք աշխատանքի առաջարկություն ենք անում օրինակելի եւ լավ առաջադիմությամբ շրջանավարտներին: Փաստորեն, այս 2 համալսարանների միջոցով մենք մեզ համար ապահովում ենք բարձրորակ մասնագետների հոսքը: Սակայն, քանի որ ամեն տարի ընկերությունում բացվում են նոր աշխատատեղեր, մենք կանգնում ենք այլ խնդրի առջեւ: Մենք միջին օղակի մենեջերների կարիք ունենք: Այս հարցն ամբողջ երկրում է արդիական: Այս առնչությամբ այժմ համագործակցում ենք Ամերիկյան համալսարանի հետ, որպեսզի բիզնեսի հաջող գործունեության համար մեր կադրերից մենեջերներ պատրաստենք:
– Առաջիկայում որքա՞ն նոր աշխատատեղեր եք պատրաստվում ստեղծել Հայաստանում:
– Անցյալ տարի մենք բացեցինք 70 նոր աշխատատեղեր` հիմնականում համալսարանական ծրագրերի արդյունավետության շնորհիվ: Այս պահին մենք ունենք 25 թափուր աշխատատեղեր եւ որակյալ ճարտարագետներ ենք փնտրում, իսկ տարեվերջին դրանց թիվը կկրկնապատկվի:
– Բարձր հարկերը եւ ներմուծման մաքսադրույքները չե՞ն խանգարում արդյոք ոլորտի զարգացմանը:
– Ծանր հարց է, որովհետեւ մենք համաձայն չենք, որ ստիպված ենք վճարել բարձր մաքսադրույքներ, ինչպես նաեւ` ավելացված արժեքի հարկը: «Սինոփսիսն» այն ընկերությունն է, որը համակարգչային սարքավորումներ է ներմուծում գիտաուսումնասիրական, այլ ոչ թե վերավաճառքի նպատակով: Եվ բնականաբար, դրանք բերում ենք ընկերության ներքին պահանջների համար: Ուստի տրամաբանական չէ, որ վճարում ենք ավելացված արժեքի հարկ, այն դեպքում, երբ ավելացված արժեք դրանցով չենք ստեղծում: Եվ սա էլ համարում եմ ՏՏ ոլորտի զարգացման խնդիրներից մեկը:
– Ձեր գնահատականով, ոլորտի զարգացումն ինչպե՞ս կազդի տնտեսության զարգացման վրա:
– Տնտեսության մյուս ճյուղերի վրա ՏՏ զարգացումը 2 ձեւով է ազդում: Առաջինն ուղղակի ձեւն է, որովհետեւ այս ոլորտում աշխատողները պահանջարկ են ներկայացնում այլ ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ` նպաստելով ՀՆԱ-ի աճին: Երկրորդ, քանի որ Հայաստանն ունի մեծ ինտելեկտուալ ներուժ, ՏՏ-ն կարող է լինել տնտեսության լոկոմոտիվ:
– Բացի հարկերից ու մաքսերից, Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար ի՞նչ այլ խոչընդոտներ եք տեսնում:
– Թանկ եւ վատորակ ինտերնետ կապը: Քանզի միայն վերջինիս միջոցով է, որ Հայաստանը կարող է դառնալ գլոբալ տնտեսության լիիրավ մասնակից: Հայտնի պատճառներով յուրօրինակ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը համաշխարհային տնտեսական գործընթացներին կարող է մասնակցել ինտերնետի միջոցով: Այժմ այս խնդիրը համարվում է երկրի ամենաթույլ կողմերից մեկը: Ինտերնետի զարգացումը կարող է լինել կառավարության եւ բիզնեսի համագործակցության ուղղություններից մեկը: Այս առնչությամբ կառավարությունը կարող է տնտեսությանը մեծապես օգնել:
Կա եւս մեկ բացասական գործոն: Որքան ինձ հայտնի է, վերջերս ընդունվել է աշխատանքային նոր օրենսդրությունը, որը համապատասխանում է եվրոպական մոդելին: Դա լավը չէ նրանով, որ պաշտպանվում են հիմնականում աշխատողի, այլ ոչ թե գործատուի շահերը: Եվ, բնականաբար, երկիրն օտարերկրյա ներդրողների համար պակաս գրավիչ է դառնում: Հայաստանն այժմ գտնվում է զարգացման այն փուլում, երբ շատ կարեւոր է արտասահմանյան կապիտալի ներդրումը: Ներկայումս այս քայլը համարում եմ ոչ նպատակահարմար: Բացի այդ, գտնում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է հետամուտ լինի ժողովրդավարական սկզբունքների պահպանմանը, քանզի յուրաքանչյուր բիզնես արդյունավետ է զարգանում ժողովրդավարական երկրում: