Վերջին 15 տարիների ընթացքում հանրապետությունում ծնելիության մակարդակը երեք անգամ նվազել է: Կոպիտ հաշվարկով, բնականաբար, երեք անգամ էլ պակասած կլինեն մանկական մահացության դեպքերը, սակայն սա դեռ չի նշանակում, որ մանկական մահացության ցուցանիշները մեզ մոտ հուսադրող են: Օրինակ, Մերձբալթյան երկրների հետ համեմատության արդյունքում պարզվել է, որ մանկական մահացություններով մենք կրկնակի անգամ առաջ ենք Լատվիայից, Լիտվայից ու Էստոնիայից: Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնի վերջին հինգ տարիների ընթացքում կատարած դիահերձումների ամփոփիչ արդյունքները ցույց են տվել, որ երեխաների մահվան հիմնական պատճառների մեջ առաջին տեղ են զբաղեցնում շուրջծնային փուլում առաջացող առանձին վիճակները: Երկրորդ տեղում են բնածին անկանոնությունները, նյութափոխանակության եւ վարակամերժման խանգարումներով հիվանդությունները: Երրորդ հորիզոնականը, ըստ մասնագետների, գրեթե միշտ զբաղեցնում է սեպսիսը` իր բազմազանությամբ՝ հիմնականում թոքային, աղիքային, պորտային եւ այլ մուտքի դռներով:
«Այսօր Երեւանի ցանկացած մանկական հիվանդանոցում մահացած երեխայի դիահերձումը կատարվում է Մանկական պաթանատոմիական կենտրոնում, տարեկան մենք շուրջ 500 դիակ ենք ուսումնասիրում, սակայն ես գտնում եմ, որ այստեղ պետք է կենտրոնացվի նաեւ շուրջծնային պաթանատոմիական ծառայությունը, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրել նաեւ շուրջծնային շրջանում մահացությունները ողջ հանրապետության մակարդակով եւ տալ մեր եզրակացությունը»,- գտնում է Առողջապահության նախարարության գլխավոր մանկական ախտաբան-անատոմ Ջանիբեկ Գեւորգյանը: Մասնագետը պնդում է, որ ներարգանդային վարակական մի շարք հիվանդությունների (մեռելածնություն, խորը անհասություն, զարգացման բնածին արատներ) դեպքում` ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ նպատակներով պահանջվում է 500 գրամից ավելի քաշով մահացած պտուղների, ընկերքի եւ մնացած հյուսվածքների համալիր հետազոտություն կատարել: Այս հետազոտությունների կենտրոնացվածությունը հնարավորություն կտա պատասխանել մի շարք հարցերի՝ ինչո՞ւ են բավականին բարձր մեռելածնության, զարգացման բնածին արատներով ծնունդների ցուցանիշները, ի՞նչ անել, որ կրճատվեն մանկական մահացությունները:
Ոչ միայն մանկական մահացությունների դեպքում, այլեւ առհասարակ յուրաքանչյուր մահվան, նաեւ հիվանդներից հեռացված յուրաքանչյուր օրգանի եւ հյուսվածքի դեպքում լուրջ հետազոտություններ են անհրաժեշտ՝ ոչ միայն պարզելու մահվան պատճառները, այլեւ ուսումնասիրելու առկա հիվանդություններն ու, հնարավորության դեպքում, նաեւ բուժման նոր մեթոդներ առաջարկելու համար: Մասնագետներն արդեն անհանգստանում են, որ ոչ բոլոր բուժհիմնարկներում է անհրաժեշտ ուշադրություն դարձվում դիահերձումների, հիվանդներից հեռացված օրգանների եւ հյուսվածքների լիարժեք համալիր հետազոտությանը՝ պաթանատոմիային, մասնագիտական լեզվով՝ ախտաբանական անատոմիային: Այս ծառայության վերաբերյալ հասարակության պատկերացումներն էլ են թյուր՝ պաթանատոմի անհրաժեշտությունը մենք սահմանափակում ենք միայն դիահերձմամբ եւ նրա կողմից տրվող մահվան տեղեկանքով: Բազմաթիվ դեպքերում, հատկապես հեռավոր մարզերում համապատասխան մասնագետների սակավության պատճառով, դիահերձումներ չեն կատարվում եւ առանց դիահերձման պոլիկլինիկայի բժիշկը մահվան տեղեկանք է տալիս. ենթադրվում է, որ հաճախ մարդու մահվան իրական պատճառը կամ բուն հիվանդությունն այդպես էլ մնում են մինչեւ վերջ չբացահայտված: Պակաս անհանգստացնող չէ նաեւ այն, որ իրականությանը կարող է չհամապատասխանել նաեւ պաթանատոմի կողմից տրված եզրակացությունը: Մասնագետները միանգամայն հնարավոր են համարում դա, քանի որ պաթանատոմիական ծառայությունն անկախ չէ, եւ պաթանատոմը որոշակի կախվածության մեջ է տվյալ հաստատության ղեկավարից, որտեղ ինքն աշխատում է: «Պաթանատոմիան պետք է տա վերջնական գնահատականը, թե հիվանդանոցն ինչպես է բուժել, որքանով է ճիշտ եղել այդ բուժումը, եւ, եթե ամեն ինչ ճիշտ է եղել, ապա ինչից է մահացել հիվանդը, այսինքն՝ այս ծառայությունը գործնական ու տեսական բժշկության հիմնական հենակետերից մեկն է, առանց որի չի կարելի պատկերացնել բուժող բժշկի աշխատանքը, նրա մասնագիտական կատարելագործումը»,- նշում է Ջ.Գեւորգյանը: Ուստի մասնագետներին արդեն սկսել է անհանգստացնել պաթանատոմիական ծառայությունների կախվածությունն այս կամ այն բուժհաստատությունից: Նրանք պնդում են, որ ժամանակն է, որպեսզի ստեղծվի պաթանատոմիական առանձին մի կենտրոն, որը կլինի պետական վերահսկողության տակ, եւ պաթանատոմները կլինեն անկախ, ինչպես ողջ աշխարհում է ընդունված: Վերջին շրջանում պաթանատոմիական ծառայությունը պետական հսկողության դաշտ բերելու վերաբերյալ անհանգստությունները որոշակի արձագանքներ ունեցել են։ Առողջապահության նախարարությունում այս ուղղությամբ ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, սակայն քանի դեռ վերջնական որոշում չկա, նախարարության համապատասխան մասնագետները հրաժարվում են որեւէ պարզաբանում տալ: Որոշ մասնագետներ հուսով են, որ վերջապես վերադաս մարմինները եւս բավարար ուշադրության կարժանացնեն այս խնդիրն ու պաթանատոմիական ծառայությանը կվերապահեն անկախ փորձագետի կարգավիճակ, սակայն որոշ մասնագետներ էլ կարծում են, որ իրավիճակն այնքան է բարդացել, որ խնդրի լուծումը չի երեւում: Մանկական պաթանատոմիական կենտրոնի տնօրեն Հասմիկ Զաքարյանի կարծիքով, պաթանատոմիական ծառայության անկախությունը հղի է բազմաթիվ հետեւանքներով: «Հայաստանի բուժհիմնարկների մեծ մասն այսօր սեփականաշնորհված է, եւ այսօր այդ սեփականաշնորհված հաստատություններից առանձնացնել այս ծառայությունն ու անկախ կարգավիճակ տալ նրան, կարծում եմ, հնարավոր է միայն ինչ-ինչ օրենքների դեմ գնալով (լիցենզավորման, սեփականաշնորհման եւ այլն): Չէր կարելի ժամանակին անտեսել այս խնդիրները եւ հսկայական բուժհաստատությունները տալ միանձնյա օգտագործման, ինչի հետեւանքով այսօր մի մարդ է որոշում՝ տվյալ հաստատության գլխավոր բժիշկը կամ տնօրենը, թե իր հաստատությունում գրանցված մահերը ով եւ ինչպես պետք է հետազոտի»,- ասում է Հ.Զաքարյանը։