Հնամաշ, խունացած գրքեր, ձանձրույթից հորանջող գրադարանավարներ, մեկ-երկու պատահական եւ մեկ-երկու «պարտադրված» այցելուներ: Այսպիսին է այսօրվա՝ գուցե մի փոքր չափազանցված, պատկերացումը գրադարանների մասին: Մինչդեռ գրադարանները, պատշաճ ուշադրության եւ հոգածության դեպքում, կենսականորեն անհրաժեշտ խնդիրներ կարող են լուծել: Իսկ ուշադրություն, թեպետ ուշացած, բայց նկատվում է, այն էլ՝ պետական մակարդակով:
ՀՀ ԱԺ օրակարգում այսօր ընդգրկված է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքի նախագիծը: Այն կոչված է «կարգավորելու գրադարանային-տեղեկատվական ոլորտում ծագող իրավահարաբերությունները» եւ «նպաստելու գրադարանային հավաքածուների համալրմանն ու պահպանմանը»: Գրադարանների առջեւ այնպիսի հրատապ խնդիրներ են ծառացել, որ օրենքի անհրաժեշտությունն այլեւս աներկբա է: Իսկ խնդիրները հիմնականում առաջացել են անկախացումից հետո, երբ ստեղծված «աշխարհաքաղաքական» իրավիճակում գրադարաններն ակամա մոռացության մատնվեցին: Վերջին տասնամյակում հանրապետությունում 250, այլ տվյալներով՝ 275 գրադարան է փակվել, իսկ գրականության ֆոնդը նվազել է 3 միլիոնով, թեեւ տրամաբանորեն պետք է հակառակը լիներ: Այս տասը տարիների ընթացքում տպագրված բազմաթիվ գրքերի հաշվին հանրապետության գրականության ֆոնդը պետք է ոչ թե նվազած լիներ, այլ ավելացած:
Վերջ մասնավորեցմանն ու օտարմանը
«Օրենքն ուշացած է, բայց կարծում եմ, որ այս օրենքի համար երբեք էլ ուշ չէ»,- այսպես գնահատեց օրենքի նախագիծը Երեւանի Ավ. Իսահակյանի անվ. գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:
Ավ. Իսահակյանի գրադարանը ՀՀ հանրային բնույթի երկրորդ խոշոր գրադարանն է, տարեկան սպասարկում է 32.000 ընթերցողի: Գրադարանը ֆոնդերի համալրման համար ամեն տարի պետբյուջեից ստանում է կես միլիոն դրամ, ինչն, ըստ գրադարանի տնօրենի, բավականացնում է ամենաշատը 100-200 կտոր գիրք ձեռք բերելու համար: Բնականաբար ինֆորմացիայի հսկայական հոսքի պայմաններում նոր գրականության այսպիսի քանակը չի կարող բավարարել գրադարանի ընթերցողների տեղեկատվական պահանջները: Ելքն, ամեն դեպքում, գտնվել է: Թեկուզեւ` ոչ պետության հաշվին: Ամեն տարի գրադարանում մինչեւ 12 հազար կտոր գրքի համալրման խնդիր է լուծվում. դրամաշնորհային եւ գրքափոխանակման ծրագրերով, օտարերկրյա դեսպանատների նվիրատվությունների շնորհիվ:
Եթե ֆոնդերի համալրման խնդիրը գրադարանը կարողանում է լուծել նման ճանապարհներով, ապա օրենսդրական դաշտի բացակայության պայմաններում գրադարանի շենքերի հետ կապված խնդիրները սովորաբար լուծվում են դատական ատյաններում երկարատեւ քաշքշուկներից հետո: Օրինակ, անցյալ տարի Տիգրան Մեծ 30 հասցեում գտնվող գրադարանի մասնաճյուղի շենքի օտարման խնդիրը վեց ամիս չարչրկվելուց հետո, ի վերջո, վճռաբեկ դատարանում լուծվեց հօգուտ գրադարանի: Եվ միայն գրադարանի տնօրինության համառության շնորհիվ: «Մեր գրադարանն ամեն օր էլ ունենում է նման խնդիր եւ դա օրենքի բացակայության պատճառով է: Նախորդ տարի մենք խնդիր ունեցանք կենտրոնական գրադարանի հետ կապված, իսկ այսօր Մոսկովյան 31 հասցեում գտնվող մասնաճյուղն առանց մեր տեղեկության վաճառվել է եւ Տնտեսական դատարանի որոշմամբ մենք պետք է ազատենք տարածքը»,- ասում է Հասմիկ Կարապետյանը: Մինչդեռ, տնօրենի կարծիքով, եթե գրադարանների շենքերն օրենքով ամրագրվեն գրադարաններին, նման կամայականություններին վերջ կտրվի: Թեպետ օրենքի նախագծում նման կետ չկա, սակայն խորհրդարանական առաջին լսումների ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով խնդիրը, նշել է, որ օրենքում պետք է հստակ գրվի, որ գրադարանների շենքերի վաճառքն արգելվում է, կամ այդ շենքերը կարող են օգտագործվել միայն մշակութային նպատակներով:
Գրադարանը պետք է լինի դինամիկ կառույց
«Այսօր ավանդական դասական գրադարանը պետք է դառնա ակտիվ գրադարան՝ դինամիկ, բայցեւ՝ միաժամանակ եղածը պահպանող կառույց, ինքնակրթական կարեւորագույն ինստիտուտ»,- ասում է գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լեւոն Ղարիբյանը:
Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդը հանրապետությունում ամենախոշորն է՝ 22 միլիոն օրինակ, իհարկե, դրանց մեծ մասն արտոնագրային փաստաթղթերն են՝ շուրջ 18,5 միլիոն: Այս ֆոնդով գրադարանը հատկապես հպարտանում է, քանի որ այն հանրապետությունում միակն է, եւ «ոչ մի գյուտարար չի կարող իր գյուտը ներկայացնել մինչեւ այն չհիմնավորվի այստեղ եղած նյութերով»:
Գրականության ձեռքբերման համար պետբյուջեից տրամադրվող գումարները գրադարանի առաջնահերթ պահանջները բավարարում են. «Այսօր կառավարությունը բավականին մեծ գումարներ է տրամադրում գրադարանին` գրականություն, հատկապես` ամսագրեր ձեռք բերելու համար»,- ասում է Լեւոն Ղարիբյանը: Գրքեր ձեռք բերելիս գրադարանը հաշվի է առնում ընթերցողական պահանջարկը: Կազմակերպության գիտքարտուղար Աիդա Սարգսյանը նշում է, որ ամեն տարի կատարվում է մարկետինգային հետազոտություն. ուսումնասիրվում են հանրապետությունում տնտեսության զարգացման գերակա ուղղությունները, եւ ըստ այդմ էլ ձեռք է բերվում գրականությունը: Ֆոնդերը համալրվում են նաեւ արտերկրից եկած նվիրատվությունների միջոցով:
Գրադարանի ընթերցողական շրջանակը հիմնականում դասախոսներ, ասպիրանտներ, գիտնականներ, գիտաշխատողներ են: Նրանց թիվը տարիների ընթացքում բավականին նվազել է: Եթե 1996-ին գրադարանի ընթերցողների թիվը կազմում էր 8029 մարդ, ապա վերջին տարիներին անցկացված վերագրանցումը ցույց է տվել, որ գրադարանից այժմ ակտիվ օգտվում է միայն 1701 մշտական ընթերցող: Լեւոն Ղարիբյանը նշում է, որ եթե ընթերցողների թիվը նվազել է, ապա փաստաթղթի շրջանառությունն ավելացել է, այսինքն՝ այսօրվա քիչ ընթերցողներն ավելի շատ ինֆորմացիա են օգտագործում, քան առաջվա շատը: Նա նաեւ բնական է համարում ընթերցողների փոքր թվաքանակը, քանի որ մասնագիտացված գրադարաններն ավելի նեղ շրջանակների համար են նախատեսված:
Գրադարանային ոլորտը կարգավորող օրենքի անհրաժեշտությունը Լեւոն Ղարիբյանը նույնպես կարեւորեց. «Օրենքը երեք խնդիր պետք է լուծի՝ ֆոնդերի պահպանման, համալրման եւ գոյություն ունեցող ենթակառուցվածքների միջեւ փոխադարձ կապի ձեւավորման»: Եթե առաջին երկու խնդիրներն օրենքով կարծես թե լուծվում են, ապա գրադարանային ցանցի ամբողջական գործունեության առումով պարոն Ղարիբյանը մատնանշեց մի թերություն: Նույն ոլորտում ընդգրկված գրադարանների համագործակցության խնդիրն օրենքում ներկայացված չէ:
Երաժշտագիտական գրադարանը վատ վիճակում է
«Ուրախ եմ: Վերջապես»,- քննարկվող օրենքի մասին արտահայտվեց Երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանը: Այս գրադարանը հատկապես օրենքի հետ մեծ հույսեր է կապում: Եվ դա բոլորովին էլ պատահական չէ: Հայաստանի երաժշտագիտական գրադարանն ունի երաժշտական գրականության եզակի ֆոնդ՝ 220.000 միավոր գրքեր եւ նոտաներ, շուրջ 8000 ձայնասկավառակներ եւ ձայներիզներ, բացառիկ ձայնագրություններ: Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում եզակի այս գրադարանն այսօր անմխիթար վիճակում է: Սա հատկապես վերաբերում է գրադարանի շենքային պայմաններին եւ ֆոնդերի համալրմանը: Գրադարանը գտնվում է Տիգրան Մեծ 53 հասցեում, բարձրահարկ բնակելի շենքի առաջին հարկում: Գրադարանի փոքր տարածքը շտապ վերանորոգման կարիք ունի, առաստաղը կաթում է, ինչը հատկապես վտանգավոր է ֆոնդերի պահպանման համար: «Ես համոզված եմ, որ օրենքը կկարողանա կարգավորել մեր առջեւ դրված շենքի խնդիրը»,- ասաց տնօրենը: Նա ուրախությամբ (բայց խոր հոգոցով) նշում է, որ գրադարանը Մշակույթի նախարարությունից ֆոնդերի համալրման համար միջոցներ ստանում է: Մշակույթի նախարարության տրամադրած միջոցներից բացի, երաժշտագիտական գրադարանն իր ֆոնդերը համալրում է նվիրատվությունների շնորհիվ: Տնօրենը ցավով նշեց նաեւ, որ անցյալ տարի ընդունված «Պարտադիր օրինակի մասին» օրենքում Երաժշտագիտական գրադարանը չի նշվել, ինչը նշանակում է, որ Հայաստանում լույս տեսնող երաժշտական բնույթի գրականությունը գրադարանին չի հասնում: Լավն այն է, որ ամեն դեպքում հայ կոմպոզիտորներն իրենց նոր լույս տեսած աշխատանքների օրինակները գրադարանին նվիրում են: Երաժշտական գրականության ամենացավոտ կողմերից մեկն այսօր ուսումնական գրականությունն է, որը մեր հանրապետությունում չի հրատարակվում, իսկ եղած ուսումնական ձեռնարկներն էլ բազմամյա օգտագործումից մաշվել եւ գրեթե անօգտագործելի են դարձել:
Մեր խնդիրները պետք է լուծվեն օրենքի շրջանակներում
«Միանշանակ ասել, թե օրենքի ընդունումից մեկ-երկու ամիս հետո ամեն ինչ կկարգավորվի, իրատեսական չէ: Օրենքը հնարավորություն կտա, որ հանրապետությունում գրադարանային օրենսդրական դաշտ ստեղծվի, եւ մենք մեր խնդիրներն այսուհետ լուծենք օրենքի շրջանակներում»,- ասում է Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը: Լուրջ խնդիրներ ու մտահոգություններ Ազգային գրադարանն իսկապես ունի: Այսօր գրադարանը իր 6,5 միլիոն հաշվառային միավոր գրականությամբ օրհասական վիճակում է. գրապահոցային բազմահարկ մասնաշենքը դեռեւս շահագործման հանձնված չէ: Գրադարանին հաջողվել է սեփական միջոցներով 3 հարկ «հարմարեցնել» եւ գրականությունը փրկել փչացումից, սակայն շենքը չունի հակահրդեհային եւ օդափոխիչ համակարգեր: Հրատապ է նաեւ գրադարանի տանիքների եւ ջրհորդանների հարցը. կաթոցների հետեւանքով գրականությունը ոչնչացման սպառնալիքի տակ է: Անմխիթար են գրադարանի խողովաշակաշարերն ու հոսանքալարերը, որոնք 40-60 տարվա հնության են. գրադարանում ապահովված չեն սանիտարահիգիենիկ ամենատարրական պայմանները: Ռաֆիկ Ղազարյանի խոսքերով` Ազգային գրադարանը կոչված է գրականությունը պահպանելու դարերի համար, սակայն ստեղծված իրավիճակում գալիք սերունդներին փոխանցելու քիչ բան կլինի թերեւս: Գրադարանի տնօրինությունը հույս ուներ, որ գրադարանը կընդգրկվի Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվող հաստատությունների ցուցակում, բայց ավաղ…
«Եթե Ազգային գրադարանն է այս վիճակում, պատկերացրեք, թե մյուս գրադարանների վիճակն ինչպիսին կլինի»,- ասում է Ռաֆիկ Ղազարյանը: Եվ իրավ, հանրապետությունում գործում է 1079 գրադարան, եւ եթե մայրաքաղաքի խոշորագույն գրադարանների վիճակն այսպիսին է` մասնավորեցման վտանգ, շենքային վատթար պայմաններ, արխիվի վերածվող ֆոնդեր, ապա մարզային եւ գյուղական գրադարանների վիճակի մասին խոսելն ավելորդ է: Խնդրի կարեւորությունը զգում են նաեւ գործադիր իշխանության օղակներում: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Գեւորգ Գեւորգյանի կարծիքով` առ այսօր կարգավորված չեն պետության, գրադարանի եւ քաղաքացիների միջեւ իրավահարաբերությունները, ինչը բացասաբար է անդրադառնում գրադարանների աշխատանքի վրա: Գրադարանները մարդու տեղեկատվություն ստանալու նպատակին ծառայող սոցիալական ինստիտուտներ են, իսկ այսօր հանրապետության ազգաբնակչության ստվար մասը` հատկապես մարզերում, զուրկ է այդ հնարավորությունից: Օրենքը, ըստ նախարարի, ամրագրում է գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների իրականացման ոլորտում յուրաքանչյուր անձի իրավունքներն ու պահանջները, որոնք «ընդհանուր են եւ հավասարապես կիրառելի բոլոր գրադարանների համար»: