Շարունակվում են Երեւանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթի վերանորոգման աշխատանքները, որի կառավարիչ Շափուր Լոթֆին «Արմինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ մզկիթի ծիսակատարությունների «Հուսեյնի» դահլիճի վերակառուցումը կավարտվի 2006թ. ամռանը: Շ. Լոթֆին ասել է, որ վերանորոգման աշխատանքներն անցկացվում են հնամյա արխիվային նյութերի հիման վրա: Հայաստանի եւ Իրանի միջեւ մզկիթի վերակառուցման վերաբերյալ 1995թ. ստորագրված միջկառավարական պայմանագրի համաձայն, վերականգնողական աշխատանքներ իրականացվել են միայն մզկիթի հարավ-արեւելյան եւ հյուսիսային մասերում: Այստեղ են գտնվում 24 մետր բարձրությամբ մինարեթը, գմբեթը, հիմնական դահլիճը եւ ներքին գավիթը: Բոլոր աշխատանքները ֆինանսավորել է իրանական բարեգործական հիմնադրամը:
7000քմ մակերեսով «Կապույտ մզկիթը» կառուցվել է 1765թ. (իսլամական օրացույցով՝ 1144թ.) Հոսեին Ալի Խանի հրամանով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ մինչեւ 1995թ. մզկիթի տարածքում էր գտնվում Երեւանի պատմության եւ բնության թանգարանը: Ըստ Հայաստանի Հուշարձանների պահպանության վարչության, ՀՀ տարածքում գոյություն ունի պատմության 12 հուշարձան, որոնք պատկանում են պարսկական, մոնղոլական եւ թուրքական մշակութային ժառանգությանը: Ինչպես հայտնի է, մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը ՀՀ տարածքում գործել է 8, իսկ որոշ տվյալներով՝ 9 մզկիթ, որոնցից մինչեւ օրերս պահպանվել է միայն «Կապույտ մզկիթը»: Մնացած 11 հուշարձանները գտնվում են կիսավեր վիճակում: