Դպրոցը յուրաքանչյուրիս կյանքում գիտակցված կամ գուցե չգիտակցված, բայց անգնահատելի դեր ունի: Այն մեր, որպես անհատի, կայացման թե վկան է եւ թե գործուն մասնակիցը: Դպրոցը հոգսեր եւ խնդիրներ միշտ էլ ունեցել է:
Թիվ 115 դպրոցի տնօրեն Աիդա Մնացականյանի հետ զրուցեցինք դպրոցի, նրա դերի մասին` փորձելով պարզել դպրոցի այսօրվա խնդիրները:
– Ի՞նչ խնդիրներ ունի այսօր դպրոցը:
– Դպրոցը կրում է զոհված ազատամարտիկ Սոս Հովսեփյանի անունը: Նա մեր դպրոցի սանն է եղել եւ աչքի է ընկել իր հայրենասիրությամբ եւ հայրենիքի նկատմամբ իր երկրին նվիրվածությամբ: Եվ մենք առաջին հերթին խնդիր ունենք մեր աշակերտների մեջ սերմանել հայրենասիրություն: Իմ համոզմունքն է, որ երկիրը սիրել, հայրենիքը սիրել նշանակում է` օգնել հայրենիքին: Իսկ ինչպե՞ս կարող է աշակերտն օգնել իր հայրենիքին: Ամեն մեկն իր գործով պետք է օգնի: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք չպետք է բեռ դառնա երկրի ուսերին: Ուսուցիչն` իր հերթին, աշակերտն` իր հերթին: Աշակերտը պետք է սովորի, իսկ ուսուցիչն էլ պետք է իր գործն անի բարեխղճությամբ: Բացի այդ, այսօր դպրոցի խնդիրներից է նաեւ այն, որ երեխան իր ժողովրդի պատմությունից, գրականությունից երբեք չկտրվի:
Այսօր մեր դպրոցում չկան տղամարդ ուսուցիչներ: Առանց տղամարդ ուսուցչի դպրոցը նման է առանց հոր ընտանիքի: Դարեր շարունակ ուսուցչությունն այր մարդու գործն է եղել: Բայց այսօր դպրոցն ի վիճակի չէ համապատասխան վարձատրություն տալ տղամարդ ուսուցչին, որպեսզի նա աշխատի դպրոցում: Իսկ դա հատկապես վատ է անդրադառնում տղաների վարքի վրա. չէ՞ որ նրանց առաջ օրինակելի տղամարդ չի կանգնած:
– Իսկ ո՞րն է ուսուցչի դերն աշակերտի դաստիարակության գործում:
– Դպրոցում չկան վատ աշակերտներ, վատ երեխա ընդհանրապես չկա, կան վատ ուսուցիչներ: Եթե երեխան սայթաքել է, ապա մեղավորը մենք ենք` ուսուցիչներս: Ես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի եմ եւ կարծում եմ, որ առաջին հերթին գրականության ուսուցիչը պետք է լինի իր դպրոցի ամենաօրինակելի ուսուցիչը` թե իր պահվածքով, թե գիտելիքներով, թե ուսուցանելու մեթոդներով: Ի՞նչ է նշանակում դաս տալ, հատկապես գրականության դաս: Ուսուցիչը պետք է իմանա, թե ինչ է ասում եւ ինչպես է դա ասում: Նա պետք է կարողանա աշակերտին բացատրել, թե նրա ինչին է պետք այն ամենն, ինչ ինքն անցնում է: Եթե ես մերկապարանոց հայտարարեմ, թե «Սամվելն» այսպիսին է կամ այնպիսին, ապա ես ոչնչի չեմ հասնի: Ես պետք է կարողանամ աշակերտներին ցույց տալ «Սամվելի» կարեւորությունը:
– Դուք գրականության ուսուցչուհի եք, ձեր կարծիքով` գրականությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ անհատի ձեւավորման վրա:
– Գրականությունը, պոեզիան, իմ կարծիքով, առաջին հերթին մարդասիրություն է: Եվ ինչքան մենք առնչվենք պոեզիային, այնքան ժամանակավրեպ չենք լինի: Պոեզիան մնայուն եւ հավերժական արժեք է: Այն սովորեցնում է աշակերտին սիրել եւ գնահատել թե բնությունը եւ թե հայրենիքը: Բոլոր ժամանակներում, բոլոր պոետներին նույն թեմաներն են հուզել. սեր, բնություն, հայրենիք… Պոեզիայի թեմաները հավերժական են` սկսած անտիկ ժամանակներից մինչեւ մեր օրերը: Խնդիրն այն է, թե ինչպես են դրանք մատուցվում: Կարդում են այն պոետին, ով գտել է մատուցման ձեւը: Իսկ դրա համար գրողը պետք է ճանաչի իր ընթերցողներին:
– Իսկ ինչպիսի՞ն են այսօր ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները: Փոխվե՞լ են արդյոք դրանք տարիների ընթացքում:
– Ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն, ըստ շատ ուսուցիչների, փոխվել են, իսկ իմ կարծիքով` ոչ: Եթե դրանք ճշմարիտ հարաբերություններ են, ապա դրանք քիչ են փոխվում: Այսինքն` եթե աշակերտը տեսնում է ուսուցչի կերպար եւ նրանից բան ունի սովորելու, ապա ուրիշ ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը: Աշակերտը ակնածանք, հարգանք է տածում ուսուցչի նկատմամբ, նա եկել է դպրոց սովորելու: Իսկ եթե ուսուցիչն իր տեղում չէ, ապա հաստատ աշակերտն իր տեղում չի լինի: Ուսուցիչը ոչ միայն պետք է հարգի աշակերտին, այլեւ սիրի նրան: Եթե չսիրի, ապա չի կարողանա տալ նրան այն, ինչ ինքն ունի: Ես դասապրոցեսում հետեւյալն եմ կարեւորում. ուսուցիչը մտավ դասարան, նա պետք է աշակերտներին ջերմ ողջունի` անկախ նրանից, թե ինչ տրամադրությամբ է եկել դպրոց: Դպրոցում ուսուցիչը պետք է մոռանա իր հոգսերը: Այդպիսով, նա կարեւորում եւ արժեւորում է երեխաներին: Ես կցանկանայի, որ ուսուցչի սոցիալական խնդիրները փոքրիշատե լուծվեն, եւ նա դասարան մտնի հաճույքով: Իմ խնդիրն այն է, որ մանկավարժը սիրով մտնի դպրոց եւ սիրով գնա տուն: