ՀՀ-ում ռուսական ռազմակայանը չի սպառնում տարածաշրջանի ոչ մի պետության: Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ ՌԴ-ն պաշտպանում է ոչ միայն իր, այլեւ իր դաշնակիցների շահերը»,- հայտարարել է Ն. Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը մեկ նպատակ է հետապնդում` թույլ չտալ տարածաշրջանում իրադարձությունների անցանկալի զարգացում: «Սակայն, դա ամենեւին չի նշանակում, որ 102-րդ ռազմակայանը գործում է տարածաշրջանի որեւէ պետության դեմ: Բանն այն է, որ այնպիսի ոչ կայուն տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է, կարող են տեղի ունենալ միջպետական դիմակայության հետ կապ չունեցող իրադարձություններ»,- նշել է Բորդյուժան: Նրա կարծիքով, այդպիսիք կարող են հանդիսանալ ահաբեկչական այնպիսի խոշոր գործողություններ, որոնց դիմակայման համար հատուկ ծառայությունների միջոցները բավարար չեն լինի եւ կպահանջվի իրական ռազմական ուժ: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը երեկ երեկոյան երկօրյա այցով ժամանել է Երեւան: