Թռիչք «ԱրմենՏելի» վրայով

15/03/2006

Հայաստանում բջջային կապի ոլորտը հաջորդ տարվանից կդառնա մրցակցային, քանզի ՀԲ-ն մտադիր է 2007թ. ներգրավել բջջային կապի 3-4 օպերատոր: ՀԲ-ն նպատակ ունի նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով զարգացնել բջջային կապի շուկան: Այս հարցի շուրջ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը բանակցություններ է վարում եւ նույնիսկ հուշագիր է ստորագրել, սակայն դեռ չեն տեղեկացնում, թե ովքեր են լինելու Հայաստանի նոր ներդրողները: Նախարարության Կապի վարչության պետի տեղակալ Գեւորգ Գալոյանը հավաստիացնում է միայն, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ հայերը հնարավորություն կունենան բջջային հեռախոսով, օրինակ, երաժշտական ֆիլմեր դիտել կամ մասնակցել տեսակոնֆերանսների: Սակայն Հայաստանի կառավարության կողմից «ԱրմենՏել» ՓԲԸ-ին տրամադրված թիվ 60 լիցենզիան թույլ չի տալիս ՀՀ-ում բջջային կապի 3-րդ օպերատորի մուտքը: Իսկ Գ. Գալոյանը գտնում է, որ այդ լիցենզիան պետք է վերանայվի: Նրա հավաստմամբ, նույնիսկ չփոփոխվելու դեպքում նոր օպերատորի ներգրավման խոչընդոտ չի լինի: «ԱրմենՏելն» այլ կարծիքի է: Ընկերությունից տեղեկացանք, որ մինչեւ 2009թ. հունվարի 1-ը բջջային շուկայում 2-րդ օպերատոր չի կարող հայտնվել: Ընկերությունը հավաստիացնում է, որ այս առնչությամբ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հնչել, ուստի իրենք չեն կարող մանրամասն բացատրություններ տալ: