21-րդ դարի ժանտախտն ազգային փոխադարձ ատելությունն է

15/03/2006 Պատրաստեց Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Լեֆորտովո բանտից օրերս ազատ է արձակվել ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին լիազոր խորհրդական Արբակ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2003թ. ՀՀ նախագահական ընտրություններից առաջ Մոսկվայում նրան ձերբակալեցին՝ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով:

2003թ. փետրվարի 5-ին «Շերեմետեւո- 1» օդանավակայանի VIP սրահում Մոսկվա-Երեւան չվերթից առաջ մաքսատան աշխատակիցները ձերբակալեցին ՌԴ քաղաքացի, բժիշկ Յուրի Ռյաբցեւին՝ առանց հայտարարագրման 120.000 ԱՄՆ դոլար տեղափոխման փորձ կատարելու համար: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 12 կապ 100 դոլարանոցները չեխական բանկերից մեկի թղթե ժապավենով էին կապված: Սկզբում Ռյաբցեւը հերքել է իր մոտ չհայտարարագրված դոլարների առկայությունը, սակայն մաքսավորների ստուգումից հետո խոստովանել է, թե այդ գումարն իրեն է տվել Արբակ Խաչատրյանը:

Վերջինիս շահերի պաշտպան Վլադիմիր Լեւինը «Կոմերսանտ» թերթին ժամանակին հայտնել էր, որ թեեւ մաքսային ծառայությունները բժիշկ Ռյաբցեւի նկատմամբ քրգործ են հարուցել մաքսանենգության կազմակերպման մեղադրանքով, այնուամենայնիվ, նա ազատ է արձակվել 120.000 ռուբլի գրավի դիմաց: Օրերս մեզ հետ հեռախոսազրույցում Ռյաբցեւն ասաց, որ տեղյակ է մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն, այդ գումարները նախատեսված էին Արտաշես Գեղամյանի համար: Ռյաբցեւը հերքում է սա՝ ասելով, որ «Պարոն Խաչատրյանն օգնել է ընտրություններին, բայց երբեք չի առանձնացրել նախագահի թեկնածուներից կոնկրետ որեւէ մեկին»: Ռուսաստանյան եւ հայաստանյան լրատվամիջոցներն այդ օրերին ողողվեցին այդ դեպքի եւ Ա. Խաչատրյանի մասին պատմող տեղեկություններով: ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին լիազոր խորհրդական Ա. Խաչատրյանը եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը: Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց հետո Ա. Խաչատրյանը տեղափոխվել է Մոսկվա՝ ստանալով ՌԴ քաղաքացիություն: 2002թ. նշանակվել է ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանի լիազոր խորհրդական:

Լեֆորտովոյում գտնվելու ընթացքում Ա. Խաչատրյանը մի քանի նամակներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակներից մեկում Ա. Խաչատրյանը Վ. Պուտինին գրում է. «Ձեզ խնդրում եմ օգնել ինձ 2 հարցում: 1-ին` քրգործում գտնվում են Չեխիայում գտնվող ֆիրմային հասցեագրված նամակների պատճենները, որոնց տակ առկա է «Գազպրոմի» ղեկավարների ստորագրությունը: Դրանց բնօրինակները գտնվում են Չեխիայում: Խնդրում եմ ձեր աջակցությունը ստորագրությունների փորձաքննության արդյունքները ստանալու գործում, որպեսզի հետագայում գործը քաղաքական երանգ չստանա: 2-րդ` քրգործի հետ ծանոթանալիս ես իմացա, որ կալանավորումից 2 օր առաջ ինձ ազատել են աշխատանքից: Իսկական ստալինյան ժամանակներ են»:

Ա. Խաչատրյանի այս նամակներում հետաքրքիրն այն է, որ վերջինս քրգործից կտրուկ անցում է կատարում քաղաքական կանխատեսումների՝ ներկայացնելով տարածաշրջանում եւ մասնավորապես ՌԴ-ում ստեղծված իրավիճակը. «2003թ. հունվարին ես դիմել էի Ձեզ մի շարք չինովնիկների գործողությունների կապակցությամբ, որոնց գործունեությունը կարող էր Մոսկվայի եւ ԱՊՀ մի շարք պետությունների հարաբերություններում ճգնաժամի պատճառ դառնալ: Նամակում կանխատեսումներ էին արվում Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուկրաինայի եւ, որ ավելի ցավոտ է ինձ համար՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման առթիվ: Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները` կապված ԼՂՀ հարցի հետ, ցավոտ են ոչ միայն Հայաստանի եւ Կովկասի, այլեւ Ռուսաստանի համար: Եվ դրա մեղավորը կենտրոնի խնամակալներն ու տեղի դրածոներն են: Իսկ առջեւում դեռ այնպիսի ռազմավարական հիմնախնդիրներ են, ինչպես նավթամուղն ու գազամուղը…»:

Մեկ այլ նամակում Ա. Խաչատրյանը ՌԴ նախագահին գրում է. «Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, անկախ պետությունների ստեղծման գլխավոր պատճառն ազգային ատելությունը չէր. այն ժամանակների գլխավոր կարգախոսն անկախության կարգախոսն էր, որ կրկնում էին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող բոլոր հանրապետությունները: Բայց դա այդպես չէ, քանի որ տոկոսային հարաբերությամբ քիչ էին այն քաղաքական գործիչները, որ գիտակցում էին անկախության իմաստը եւ, թե ինչ է լինելու ապագայում: Առավել եւս դա չէր հասկանում ժողովուրդը: Իսկ ընդհանրապես Միությունը քանդեց կոմունիստական կուսակցական օղակից դուրս պրծնելու ցանկությունը, եւ մարդիկ ուզում էին ազատ մտածել` դեռ չհասկանալով կատավածի իմաստը: Դա 1-ին փուլն էր: 2-րդ փուլն ամենակործանարարն էր ոչ միայն նախկին հանրապետությունների, այլեւ աշխարհի շատ պետությունների համար: Պետական կառավարման համակարգերը, որ ստեղծվել էին եւ մերժվեցին 2 ճամբարների (կապիտալիզմ-սոցիալիզմ) համակարգի համար, դրանցից մեկի փլուզումից հետո դարձան ոչ կարեւոր: Համաշխարհային շատ հասարակական եւ հատուկ կազմակերպություններ, որ գտնվում էին հատուկ խոշոր ծառայությունների հսկողության տակ, այլեւս պետք չէին: Դադարեցվեց փոքր պետությունների ֆինանսավորումը, որոնք պատերազմում էին իրար դեմ: Համաշխարհային համակարգի փլուզումը քաոսային իրավիճակ առաջացրեց ոչ միայն ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում, այլեւ խարխլեց ու փոփոխեց նաեւ քաղաքական, տնտեսական, ֆինանսական հիմքը` ողջ աշխարհի մասշտաբով: …Ելցինյան ժամանակաշրջանի կործանարար հարվածից հետո ՌԴ պետականությունն ամրապնդելու համար գաղափարախոսություն էր հարկավոր: Եվ «ոչ ռուսներ» կարգախոսը վարակի նման մտավ վերոհիշյալ «գործիչների» գլուխը: Երկրի բնակչության ավելի քան 50%-ն ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ եւ օրենքից դուրս վիճակում, ու հեշտ էր թշնամու դերում պատկերացնել «օտարին»: «Օտարի» հասկացությունը բաղկացած էր մի քանի բանից` ազգություն, կրոն, մաշկի գույն եւ այլ պետությունների բնակչության բարեկեցություն: 2,5 տարի առաջ, երբ ես դիմեցի Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, հայտարարելով, որ այդ քաղաքական գործիչների գործողությունները ՌԴ-ին կհասցնեն ներկայիս դրությանը, ինձ մեկուսացրին: Այդ մարդիկ այդպես էլ չհասկացան, որ 21-րդ դարի ժանտախտի հիմնական պատճառը փոխադարձ ազգային ատելությունն է` ահաբեկչության եւ ՌԴ կործանման հիմքը»:

Ազատ արձակվելուց հետո Մոսկվայում մեզ հետ զրույցում Ա. Խաչատրյանն, անդրադառնալով տարածաշրջանի քաղաքական իրավիճակին, ասում է. «ԽՍՀՄ համակարգի փլուզումից հետո պետությունները կորցրին իրենց շահերը: Առաջ դրանք անհրաժեշտ էին, այսօր` ոչ: Այդ փլուզումն աշխարհի շատ երկրներին կանգնեցրեց տնտեսական սովի առջեւ: Նրանք սկսեցին ուղիներ փնտրել` իրենց «նշանավորելու», ցույց տալու համար: Դրա մեթոդներից մեկն ահաբեկչությունն էր, ինչը գոյատեւեց, որովհետեւ ահաբեկչության համար օգտագործում էին մաշկի գույնը, ազգային եւ ռասսայական պատկանելությունը: Այս ամենը տվեց շատ վտանգավոր արդյունք: Իրենց ուժը ցույց տալու համար տարբեր պետություններ իրենց հնարավորություններն են գործի դնում. ոմանք` իրենց հարստությունը, ոմանք` զենքը, հրեաներն` իրենց բանկերը, Ռուսաստանը` նավթն ու գազը, ԱՄՆ-ը` իր հզորությունը, ԵՄ-ն` քաղաքակրթությունն ու մարդու իրավունքները: Այս պետությունները չեն կարող համաձայնության գալ. դա անհնար է: Որովհետեւ նրանք մեկը մյուսի դեմ «եռում են»: Պատկերացնենք տարիներով շարունակվող Չեչնիայի կամ Պաղեստինի պատերազմները: Այս պետությունների երիտասարդության գիտակցության մեջ միայն «թշնամի» հասկացությունն է: Որովհետեւ երիտասարդը խաղաղ կյանք երբեք չի տեսել: ՌԴ-ն այսօր վաճառում է այն, ինչ ունի: Սակայն դա այդ երկրին հնարավորություն չի տալիս բարձրացնել իր բնակչության աշխատավարձերը: Ուստի ՌԴ-ին մնում է իր նույն հնարավորություններով նոր շուկաներ ձեռք բերել, այն է` փոքր երկրները: Սակայն, ըստ էության, շուկա չկա: Եթե Հայաստանը կամ Վրաստանը ՌԴ-ից գազ են ստանում, ի՞նչ կարող են դրա դիմաց տալ ՌԴ-ին: Ոչինչ: Միայն վաճառել իրենց տարածքնե՞րը: Քանզի այս փոքր պետությունները միայն տարածք ունեն: Նրանք Մոսկվայից կախվածության մեջ են ընկնում, իսկ այդ կախվածությունը հետագայում վերածվում է ատելության: Դա շատ կարճ է տեւում: Հիշենք Ուկրաինան կամ Վրաստանը: Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ պատգամավոր Պատրուշեւն իր ելույթում հայտարարեց, որ ամերիկացիները 50 մլն դոլար են տվել եւ իրենց նախագահին են նշանակել: Ես կասկածում էի, քանզի ամեն տարի ՌԴ-ն Ուկրաինային տալիս էր ավելի քան 1 մլրդ դոլարի գազ: Թեեւ 10 տարում ՌԴ-ն այդ երկրին տրամադրել է

10 մլրդ դոլարից ավելի գազ, իսկ ԱՄՆ-ը` ընդամենը 50 մլն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի քաղաքականությունն ավելի խելամիտ էր, քանզի նա կարողացավ Ուկրաինայի նախագահ նշանակել եւ այդ երկրին դարձնել ՌԴ-ի թշնամին: Դրա համար ասում եմ, որ կախվածությունը միշտ թշնամանք է ծնում: Մի՛շտ: Նույնիսկ, եթե նրանք նույն կրոնին են պատկանում: Որովհետեւ տնտեսական կախվածությունը ՌԴ-ի համար կարեւոր է. նա չի կարող իր ազգին կերակրել: 1500-2000 ռուբլի ստացող ուսուցչուհին չի կարող երեխային պահել, իսկ Մոսկվան այսօր ամենաթանկ քաղաքներից մեկն է:

Իմ անձնական կարծիքով, առանց զոհերի գրեթե հնարավոր չէ, հաղթանակն այն կլինի, որ դրանց թիվը շատ քիչ լինի: Բայց կան այլ բաներ` կապված Հյուսիսային Կովկասի հետ, Կրեմլի հետ կապված կլանների հետ: Եթե Մոսկվայի հետ ինչ-որ բան համաձայնեցված չլինի, մարդիկ կդառնան ահաբեկիչներ, եւ նոր կլաններ կձեւավորվեն: Ե՛վ Դաղստանը, եւ՛ մյուս երկրները տնտեսապես կախված են ՌԴ-ից: Միայն թե Չեչնիան նավթ ունի, որով նա կկարողանա ոտքի կանգնել: Իսկ ի՞նչ անեն մյուս պետությունները, որոնք ոչինչ չունեն: Ի՞նչ կարող են անել Հայաստանը կամ Վրաստանը ՌԴ համար: Բացարձակապես ոչինչ: Այն պետությունների մոտ, որոնք կարող են ՌԴ-ին պահանջներ ներկայացնել, ամեն ինչ նորմալ է»: Իսկ Ղարաբաղի խնդրի լուծման հնարավոր եղանակների մասին խոսելիս` Ա. Խաչատրյանն ասաց. «Հայաստանի համար ձեռնտու է, որպեսզի այս հարցը միշտ հետաձգվի: Աշխարհը պաշտոնապես կընդունի Ղարաբաղը, եթե վերաբաժանում լինի ամբողջ աշխարհով: Տարածքային այդպիսի պահանջները շատ են: Ինչո՞ւ է այսօր Հայաստանում այսպիսի ծանր իրավիճակ: Դեռ 3 տարի առաջ ես գիտեի, որ ՀՀ տնտեսությունը չի զարգանա, ԼՂՀ հարցը պաշտոնապես չի լուծվի: Ուստի ես խնդրում էի, որ Հայաստանի նախագահը Ղարաբաղից չլինի, որովհետեւ այդ դեպքում հայաստանցի հայերը բոլոր անհաջողությունների մեջ պետք է մեղադրեն ղարաբաղցիներին: …Ղարաբաղյան հարցը Հայաստանի համար նորմալ չի կարող լուծվել, որովհետեւ շատ հայեր հոգնել են դրանից: ԼՂՀ միացման հարցի սկզբում ողջ ազգը ոտքի կանգնեց, բայց այսօր այդպես չի լինի: Հայաստանն այսօր կախված է նրանից, թե որպես իր ռազմավարական կետ` ՌԴ-ն ինչ կանի իր համար: ՀՀ-ն այսօր ֆինանսական բազա չունի, շատերն արտագաղթել են: Թող ինձ ներեն, սակայն այսօր Հայաստանում «ուղեղային կենտրոն» էլ չկա: Չկան գիտակից քաղաքական գործիչներ, ովքեր պետք է հասկանան, թե ինչպես հաղթել տնտեսությամբ: …Ինչո՞ւ եմ Պուտինին դիմելիս ասել, որ ՌԴ-ի համար Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետեւ Հայաստանի կորուստը կնշանակի կորցնել Կովկասը: ՌԴ-ն չպետք է ոտնահարի Հայաստանի շահերը: Հիշո՞ւմ եք, 4 տարի առաջ ՌԴ վարչապետ Կասյանովը Հայաստանում ռուսական գործարանների առնչությամբ ասաց, որ ամեն ինչ լավ կլինի: Ես այն ժամանակ ասացի, որ այդ ձեռնարկությունները չեն աշխատի, դրանք կմոռացվեն, որովհետեւ շուկա չկա: Իսկ ի՞նչ երկրներով է Հայաստանը շրջապատված: Այդ պատճառով Ռուսաստանի համար ոտքի կանգնեցնել 5 մլն-անոց ժողովրդի տնտեսությունը, որն այժմ 2 մլն-ից էլ քիչ է՝ շատ հեշտ էր: Ընդ որում, Հայաստանն օգնություն էր ստանում Արեւմուտքից: ՌԴ նման խոշոր երկրի այն քաղաքականությունը, որ երբ ուզեր, «ծորակը» կբացեր-կփակեր, շատ ճղճիմ էր: Կարծում եմ` շատ շուտով ՌԴ-ն կկորցնի նաեւ Հայաստանը: Այնպես որ, սա Ռուսաստանի շահերից չի բխում:

Ի՞նչ տվեց Ռուսաստանին Սիրիային զենք վաճառելը: Հեռուստացույցով հայտարարեցին, որ ինչ ուզեն` այն կվաճառեն: Բայց չէ՞ որ այդ 10 մլն դոլարը շահելով` նրանք կորցրեցին գրեթե 1 մլրդ դոլար այն եվրոպական բանկերից, որոնք Սիրիային դեմ էին: Իսկ ՌԴ բնակչությունը չի հարցնում, թե ո՞ւր են այդ փողերը: ՌԴ այսօրվա նախագահը շատ է ուզում, որ բնակչությունը լավ ապրի, բայց ուզելը քիչ է: Հայաստանում էլ են ուզում: Բայց դրա համար պետք է երբեմն զոհաբերություն անել, պաշտոնից հեռանալ, որպեսզի բնակչությունը հասկանա, որ նա «ատամներով կառչած» չէ այդ պաշտոնից: Շատ հարցեր կան, որոնցում Ռուսաստանը պարտվել է: Ինչո՞ւ պետք է Հայաստանը լինի այն զենքի պահեստը, որ բերվել է Վրաստանից: Դա ցուցադրություն էր, թե իբր Հայաստանը մե՞րն է: Որքան էլ մուրացկանին շատ փող տաս, միեւնույն է, նա չի դառնա միլիոնատեր: ՀՀ-նն այսօր ոչինչ չի անում, իսկ այն կոպեկները, որ ստանում է՝ բազմամիլիոնանոց սփյուռքի շնորհիվ է:

Իսկ ի՞նչ է այսօր կատարվում Ռուսաստանում: Ո՞վ կարող է ինձ հետ չհամաձայնել, որ ռուսների գերակշիռ մեծամասնությունն ատում է կովկասցիներին: Եվ պարզվում է, որ մենք այստեղ ստրուկի նման ենք ապրում: Փողոց ենք դուրս գալիս` մտածելով, որ ոստիկանությունը մեզ կմոտենա: Մեր երեխաները նույնպես վախեցած են: Սա Հայաստանի համար շատ վտանգավոր է: Չէի ցանկանա, որ Ռուսաստանը բարեկամություն աներ հետամնաց երկրի հետ: ՌԴ-ն պետք է բարեկամանա քաղաքակիրթ Հայաստանի հետ: Իսկ այսօր դա չի հաջողվում»:

Ա. Խաչատրյանի կանխատեսումներով` տարածաշրջանում շատ շուտով կլինի առեւտրային շրջափակում. «Նավթի եւ գազի գները կաճեն, Հայաստանն Իրանի հետ չի կարողանա առեւտուր իրականացնել, դժվար ժամանակներ կսկսվեն Հայաստանի համար: Իսկ միջազգային հանրությունն ուղիներ կփնտրի, որպեսզի նավթն ու գազը Եվրոպա հասցնի: Ղազախստանն ու Թուրքմենստանն իրենց նավթն ու գազը Եվրոպա կհասցնեն Կասպից ծովի, Բաքվի եւ Վրաստանի միջոցով: Հայաստանը կընկնի դժվար կացության մեջ: Նաեւ Ռուսաստանի համար դժվար կլինի, քանզի այդ ճանապարհը կշրջանցի Ռուսաստանը: Դա կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի համար ամենավտանգավոր քայլը»:

Մոսկվա-Երեւան