Սուրճի շուկան Հայաստանում

15/03/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այսօր Հայաստանում բավական մեծ թիվ են կազմում սուրճ արտադրող ընկերությունները։ Դրանց քանակի մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն հեռուստացույց նայել եւ ուշադրություն դարձնել տարբեր ընկերությունների գովազդներին։ Մենք արդեն նշել ենք, որ սուրճ արտադրելը հեշտ գործ չէ, սակայն այս ոլորտի ընկերությունների չափազանց մեծ քանակից կարելի է անել 2 հետեւություն։ Կա՛մ սուրճ արտադրելն իրականում հեշտ գործ է, սակայն արտադրողները այդպես են ասում մյուս պոտենցիալ ներդրողների «աչքը վախեցնելու» համար, կա՛մ էլ մեր գործարարները չափազանց ընդունակ են եւ լավ գլուխ են հանում այս գործից։ Կա նաեւ 3-րդ տարբերակը, արտադրում են, սակայն անորակ սուրճ, իսկ դա հեշտ է։ Վերջիվերջո, Հայաստանում սուրճի որակին այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում ո՛չ սպառողները, եւ ո՛չ էլ համապատասխան մարմինները։ Ինչպես նշեց այս ոլորտին մոտ կանգնած մարդկանցից մեկը, սուրճի «ցեխ» ունենալը դարձել է մոդայիկ, եւ շատ ազդեցիկ մարդիկ ամենեւին էլ դեմ չեն «մարշրուտնու գծերից» բացի` մի այսպիսի գործ էլ կողքից ունենալ։ Եվ չնայած այս մեծ քանակին՝ սուրճի շուկայի մասին ճշգրիտ ինֆորմացիա ստանալը բավական դժվար է։ Լուրջ ուսումնասիրություն կատարելու համար խոչընդոտ է հանդիսանում ոչ միայն ստվերային շրջանառությունը, այլեւ ինֆորմացիա տրամադրելու հարցում որոշ մարմինների (դրա մասին առանձին), եւ հենց իրենց՝ գործարարների դժկամությունը։

Պետական մարմինների վերաբերմունքը մեզ համար նորություն չէր, սակայն սուրճ արտադրողների գաղտնապահությունը երբեմն, իրոք, անհասկանալի է։ Օրինակ, վաճառքի կամ արտահանման ծավալները շատերը թաքցնում են՝ համարելով այն կոմերցիոն գաղտնիք։ Մինչդեռ մեծ ծավալները որակի եւ հեղինակության ամենալուրջ վկայությունն են եւ գովազդը։

Սուրճի ոլորտում, իրոք, թեժ մրցակցություն կա, որը երբեմն վերաճում է անբարեխիղճ մրցակցության։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ սուրճի շուկայում ոչ ոք գերիշխող դիրք չունի, եւ այդ իմաստով խնդիրներ չկան։ Արձանագրված խախտումներն անբարեխիղճ մրցակցության դեպքեր են՝ ապրանքային շուկայում գործող այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող եւ իրացվող սուրճի պիտակների վրա հանրաճանաչ սուրճերի անվանումների ապօրինի օգտագործում, արտոնագրված պարկերի (փաթեթների) ապօրինի կրկնօրինակում, ինչը կարող է առաջացնել շփոթություն՝ այլ տնտեսվարող սուբյեկտի առաջարկած ապրանքի նկատմամբ եւ այլն: Օրինակ, 2004թ. ընթացքում խախտումներ են կատարել հետեւյալ ընկերությունները. անհատ ձեռնարկատեր Տիգրան Ալեքսանյան («Կարդինալ» անվանմամբ սուրճի արտադրություն եւ իրացում՝ «Ֆեռո» ընկերության կողմից արտոնագրված պարկերով փաթեթավորման կրկնօրինակմամբ), «Պռոշյանի կոնյակի գործարան» ԲԲԸ (ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող սուրճի պիտակների վրա «Maxwell» բառի օգտագործում, որը շփոթության աստիճանի նման էր այլ տնտեսվարող սուբյեկտի («Քրաֆթ Ֆուդզ» ընկերության) առաջարկած նույնանուն ապրանքին), «Վիվա Արգո», «Արմեն-Համիկ եղբայրներ», «Ֆեռո», «Միջնավան», «Մակոր», «Ոսկե Շողեր», «Կաֆե Մեզոն», «Դերժավա» ընկերություններ եւ այլն։

Մեր տեղեկություններով՝ սուրճի շուկայում այսօր գործում են ավելի քան 15 սուբյեկտներ։ Ժամանակ առ ժամանակ անհատ ձեռնարկատերեր եւս փորձում են մտնել սուրճի շուկա, սակայն, չդիմանալով մրցակցությանը, կարճ ժամանակ անց լքում են այն։

Ընդհանուր առմամբ, սուրճի շուկան կարելի է բաժանել 3 մասի։ Էժանագին սուրճեր, որոնց 100 գրամանոց աղացած եւ փաթեթավորված սուրճը վաճառվում է 200-300 դրամով։ Միջին հատված՝ մոտ 500 դրամ արժողությամբ, եւ, այսպես կոչված, «էլիտար» հատված, որտեղ 100 գրամ սուրճի գինը 1000 եւ ավելի դրամ է։ Մեր բնակչության ցածր գնողունակության պատճառով, սուրճի շուկայում բնեղեն արտահայտությամբ բավական մեծ տեսակարար կշիռ են կազմում էժանագին սուրճերը՝ մոտ 80%։ Սուրճ արտադրող ընկերությունները, հաշվի առնելով պահանջարկը, հիմնականում կողմնորոշվում են սպառողների հենց այս հատվածի վրա։

Թանկանոց սուրճ արտադրող ընկերությունները մի քանիսն են։ Դրանցից մեկը «Փարիզյան սուրճն է», որն այս շուկայի պիոներներից է եւ արդեն բավական ճանաչված է հանրապետությունում։ Այս ընկերությունների թվին է պատկանում նաեւ «Ջազզվեն», որը, բացի սրճարանային բիզնեսից, արդեն վաճառքի է հանել իր սեփական սուրճը։ Ընդ որում, ի տարբերություն մյուս ընկերությունների, «Ջազզվեն» սուրճն արտադրում է ոչ թե Հայաստանում, այլ պատվիրում է իտալական հանրահայտ ընկերություններից մեկին եւ այնտեղից ներմուծում Հայաստան։ Այսպիսի եղանակով սուրճ մատակարարելը զգալիորեն մեծացնում է ինքնարժեքը, սակայն ընկերության համասեփականատեր Միքայել Մինասյանի կարծիքով, սպառողները գնահատում են իսկական որակը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ սուրճ արտադրող շատ հայտնի ընկերություններ գործում են հենց այդ կերպ. ստեղծում են իրենց «բուկետը», պատվիրում որեւէ լուրջ ընկերության (որոնք աշխարհում մի քանիսն են), իսկ իրենք զբաղվում են իրենց բրենդի ճանաչվածությունը բարձրացնելով եւ վաճառքով։

Այսինքն, տարբեր ընկերությունների առաջարկած սուրճերն իրականում կարող են արտադրված լինել նույն տեղում։

Շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Հայաստանում լուծվող սուրճ չի արտադրվում։ Պրն Մինասյանի խոսքերով, այդպիսի սուրճ արտադրելու համար անհրաժեշտ տեխնոլոգիան բավականին թանկ արժե, այդ իսկ պատճառով լուծվող սուրճի արտադրությամբ զբաղվում են հատուկենտ ընկերություններ՝ օրինակ «Նեսկաֆեն»։ Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում իրեն այդ կարգի շքեղություն առայժմ կարողացել է թույլ տալ միայն «Ռոսկաֆեն»։

Մեր ընկերությունները սուրճն արտահանում են հիմնականում Վրաստան, Ռուսաստան եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ։ Օրինակ, «Ռոյալ-Արմենիա» ընկերությունն իր արտադրանքի մոտ 80%-ն արտահանում է Բուլղարիա, Իրան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա եւ Վրաստան։

Ինչ վերաբերում է եվրոպական երկրներ սուրճի արտահանմանը, ապա այստեղ ամեն ինչ ավելի բարդ է։ Եվրոպացիների պահանջները ներմուծվող ապրանքատեսակների նկատմամբ շատ խիստ են եւ լրացուցիչ դժվարություններ են ստեղծում հայաստանյան ընկերությունների համար։ Թեեւ կան այնպիսիները, որոնք կարողացել են շահել եվրոպական սպառողների վստահությունը եւ հաջողությամբ համագործակցում են։ Օրինակ, նույն «Փարիզյան սուրճն» իր արտադրանքն արտահանում է Ֆրանսիա, որի բնակիչները թերեւս ամենաքմահաճն են սուրճի ընտրության հարցում։

«Ֆեռո» ընկերությունը, համաձայն իրենց ինտերնետային կայքում տեղադրված ինֆորմացիայի, սուրճ է արտահանում ԱՄՆ, Անգլիա եւ Շենգենյան համաձայնագրի մի շարք երկրներ։ Այսպիսի ընկերությունները դեռ մի քանիսն են, սակայն հույս հայտնենք, որ դրանց թիվն ապագայում կմեծանա։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ սուրճի շուկան Հայաստանում քիչ թե շատ զարգացած է, թեկուզ միայն մասնակիցների մեծ թվի առումով։ Խնդիրները, որոնք կան այս ոլորտում, առկա են նաեւ մեր երկրի տնտեսության բոլոր ոլորտներում։ Մեր հարցին, թե ո՞րն են համարում իրենց համար ամենամեծ խնդիրը, գրեթե բոլորն անխտիր պատասխանում էին՝ անբարեխիղճ մրցակցությունը։ Այսինքն` բոլորը դժգոհում են մեկը մյուսից։ Օրինակ, «Վալետտա» ընկերության («Գլորիա» սուրճ) մարկետինգի գծով տնօրեն Նունե Հայրապետյանը դժգոհեց նաեւ իրենց հանդեպ տարվող սեւ «PR»-ից։ Ընկերությունը կողմնորոշվում է սպառողների միջին խավի վրա, սուրճի առավելագույն գինը 300 դրամ է (100 գրամ, աղացած)։ Վերջին շրջանում մամուլում հայտնված հրապարակումները՝ աղացած եւ փաթեթավորված սուրճի պարունակության հետ կապված, ըստ Ն. Հայրապետյանի, շահագրգիռ մարդկանց կողմից կազմակերպված քայլ էր՝ ընդդեմ աղացած սուրճ արտադրող ընկերությունների։

Այս ամենը հասկանալի երեւույթներ են, քանի որ ապրում ենք շուկայական հարաբերություններում։ Բնական է նաեւ, որ մրցակցությունը երբեմն կարող է դուրս գալ թույլատրելիի սահմաններից։ Հասկանալի է նաեւ այն, որ բոլորն իրենց սուրճը համարում են ամենալավը, ամենայուրահատուկը եւ ամենամաքուրը։ Մարդիկ միմյանց հետ մրցակցում են ամենատարբեր միջոցներով, իսկ Հայաստանի պարագայում դա ավելի վառ արտահայտված բնույթ է կրում։ Բացի միմյանց հետ մրցակցելուց, հարկավոր է նաեւ լեզու գտնել հարկային, մաքսային եւ այլ կառույցների հետ։ Այդ իսկ պատճառով, հասկանալի է նաեւ այն, որ գրեթե բոլոր սուրճ արտադրողների թիկունքում կանգնած են բավականին ազդեցիկ մարդիկ։ Պետությունն էլ հենց նրա համար է, որպեսզի ապահովի մրցակցային հավասար պայմաններ եւ առողջ գործարար մթնոլորտ։

Սակայն այնպիսի տպավորություն է, որ պետության նպատակը լրիվ այլ է։ Այն հարցին, թե ի՞նչն է տեղական արտադրողների ճանապարհին կանգնած ամենամեծ խոչընդոտը՝ մեր զրուցակիցներից մեկն առանց երկար մտածելու պատասխանեց՝ չինովնիկը։ Գալով պետական կառույցներին՝ նշենք նաեւ, որ գրեթե բոլորը դժգոհություններ էին հայտնում հատկապես մաքսային կառույցից։ Գաղտնիք չէ, որ ցանկացած ապրանք ներմուծող անցնում է այս կառույցի «թրի տակով»։ Մեր մաքսային օրենսդրությունն ասես հատուկ ստեղծված լինի «կողքից» փող աշխատելու համար։ Ապրանքի ձեռքբերման գինը հավաստող փաստաթուղթը մաքսայինի համար որեւէ նշանակություն չունի։ Գնահատման կարգը «մանեւրելու» հնարավորություն է տալիս։ Մաքսայինն ինքն է որոշում ներմուծվող ապրանքի արժեքը, որին համապատասխան գանձվում է մաքսային տուրք եւ ավելացված արժեքի հարկ։ Գործում է հետեւյալ մեխանիզմը՝ շատ տաս` քիչ կգրեմ, քիչ տաս՝ շատ կգրեմ։ Կախված այն հանգամանքից, թե ում մեջքին ով է կանգնած՝ պայմանավորվածությունները լինում են տարբեր։ Օրինակ «Ռոյալ-Արմենիա» ընկերության ներկայացուցչի հավաստմամբ, իրենք հաշվարկ են կատարել եւ պարզել, որ միայն սուրճի ներմուծումից մաքսայինը ստանում է տարեկան մոտ 1 մլն դոլար կողմնակի եկամուտ։

Կա նաեւ մեկ այլ հետաքրքիր հանգամանք, մաքսային արժեքի ցածր ձեւակերպումը կաշառքի միջոցով էական օգուտ չի տալիս ներմուծողին։ Եթե սուրճի արժեքը ցածր է սահմանվում, եւ հետեւաբար ԱԱՀ ու մաքսային տուրք քիչ է վճարվում, դա հետագայում հակառակ ազդեցությունն է ունենում։ Ցածր մաքսային արժեքը նշանակում է ցածր ինքնարժեք, որը վաճառքի գնի հետ համեմատած` արդեն բավական մեծ տարբերություն է տալիս։ Այսինքն, սուրճ արտադրողը վճարում է ավելի մեծ չափով ԱԱՀ եւ շահութահարկ։ Իսկ այս կորուստներից խուսափելու համար արտադրողը պետք է թաքցնի իրական եկամուտները` կա՛մ գինը ցածր, կա՛մ վաճառքի ծավալները փոքր ցույց տալու միջոցով։ Ահա ձեզ ստվերային շրջանառության դեմ «պայքարի» դասական օրինակ։

Մտածել, թե սուրճ ներմուծողներն այս ամենը չեն հաշվարկել՝ միամտություն կլինի։ Պարզապես մարդիկ չեն ուզում ավելորդ գլխացավանքներ ունենալ։

Թերեւս հոդվածից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ այն վերաբերում է ոչ թե սուրճին, այլ Մաքսային պետական կոմիտեին, սակայն չկա ոչ մի ոլորտ, որտեղ այս կառույցի ազդեցությունը ակնհայտ չլինի։ Եվ տնտեսության ցանկացած ոլորտի մասին խոսել զուտ տնտեսագիտական բացատրությունների եւ օրինաչափությունների, վիճակագրական տվյալների հիման վրա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում ոչ թե ժողովուրդը ծառայի չինովնիկին, այլ հակառակը…