Չվերթը ժամանակավորապես դադարեցվել է

15/03/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Բանն այն է, որ բիզնես եւ էկոնոմ կարգի միակողմանի տոմսերի գնային տարբերությունը միջինը մոտ 20-50% է: Սակայն, ուղեւորների հավաստմամբ, մատուցվող ծառայությունների տարբերությունն աննշան է: «Արմավիա» ՍՊԸ կոմերցիոն գծով տնօրենի տեղակալ Անդրեյ Աղաջանովը, սակայն, վստահեցնում է, որ բիզնես սրահի նստատեղերը եւ սեղաններն առավել հարմարավետ են, տարբեր է նաեւ մատուցվող բորտսնունդի, ոգելից եւ զովացուցիչ ըմպելիքների, տրամադրվող մամուլի տեսականին: Տեղափոխման համար թույլատրելի անվճար ուղեբեռի քաշն ավելի մեծ է: Բացի այդ, բիզնես կարգի տոմսերը հետ վերադարձնելու եւ ամսաթվի փոփոխման հետ կապված տույժեր հիմնականում չեն կիրառվում: Ուղեւորները բողոքում են, որ մեկ շաբաթվա ընթացքում բիզնես կարգով մի քանի անգամ ճանապարհորդելիս պարբերաբար դիտում են նույն ֆիլմերը: «Այժմ մենք աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի մեր օդանավերում առկա ֆիլմերի շարքը համալրվի նոր եւ որակյալ ժապավեններով: Հուսով եմ, որ մոտակա ժամանակներս նման հարցեր էլ չեն առաջանա»,- ասում է Ա. Աղաջանովը:

«Արմավիան» նախատեսում էր ապրիլից շատացնել նախկինում իրականացվող չվերթերի քանակը, սակայն դրան խանգարում են «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման աշխատանքները, ինչի պատճառով «Զվարթնոցը» շուտով աշխատելու է միայն գիշերային ռեժիմով: Ա. Աղաջանովի հավաստմամբ, ավիաընկերությունը ստիպված է տվյալ ծրագրերը հետաձգել մինչեւ հուլիս:

Սակայն, միայն այս ծրագրերը չէ, որ ընկերությունը հետաձգում է: Վերջին շրջանում պարբերաբար գովազդվում է «Արմավիայի» Երեւան-Թել-Ավիվ-Երեւան նոր չվերթը, որի իրականացումը նախատեսված է եղել հունվարից: Չվերթը ժամանակավորապես դադարեցվել է, որի պատճառն, ըստ Ա. Աղաջանովի, ուղեւորահոսքի սակավությունն է, ինչը պայմանավորված է վիզաների ձեւակերպման խնդրով: Հայաստանում Իսրայելը ներկայացուցչություն չունի, ուստի վիզաները ձեւակերպվում են Վրաստանում: Այս խնդիրն ընկերությունը փորձում է լուծել կառավարության հետ միասին: Ամառային չվացուցակում «Արմավիան» նախատեսել է 2 նոր ուղղություններ: Աղաջանովը վստահեցնում է, որ հուլիսից կանոնավոր չվերթեր կիրականացվեն Երեւանից դեպի Անապա եւ Դոնեցկ: Այստեղ վիզաների խնդիր հաստատ չի առաջանա, բայց պետք է հիշենք, որ Հայաստանի ավիացիոն շուկայում մրցակցությունը խիստ մեծ է, ուստի յուրաքանչյուր նոր չվերթի ճակատագիրը միշտ էլ անորոշ է:

Մեկ այլ խնդիր` կապված տոմսի բարձր գնի հետ: Վերջերս մի ուղեւոր դժգոհում էր, որ Մոսկվայից թռիչքի նույն օրը «Արմավիայի» տոմսը ձեռք է բերել սովորականից բարձր գնով: Ընկերությունը սա համարում է անբարեխիղճ գործակալի աշխատանքի արդյունք, ինչը «շատ մեծ վնաս է հասցնում ընկերության իմիջին»: Ի դեպ, ավիաընկերությունը նախատեսում է այս տարի օդանավային շարժակազմը լրացնել 2 նոր «Էյրբաս Ա-319» ինքնաթիռներով, որոնցից մեկը կշահագործվի արդեն մարտի վերջին կամ հուլիսի սկզբին: