Կյանքը թանկանալու է

15/03/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մինչեւ փետրվարի 28-ը մեր ժողովուրդը հույս ուներ, որ մեր «մեծ եղբայր» Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի գինը չի բարձրացնի կամ էլ քիչ կբարձրացնի: Հույս կար, որ մի քանի ամիս տեւող բանակցություններն, այնուամենայնիվ, ինչ-որ արդյունք կտան, եւ մեր ռազմավարական համարվող գործընկերն այնքան դաժան չի լինի, որ գազը միանգամից կրկնակի չափով թանկացնի:

Սակայն այս երկու պետությունների գործընկերային ջերմ հարաբերությունները կարողացան գազի գինը նույն մակարդակի վրա պահել ընդամենը երեք ամիս: Մեր պատկան մարմինները դա էլ մեծ ձեռքբերում համարեցին, որովհետեւ այդ երեք ամիսները ձմեռային էին, ու սպառվող գազի մոտ 50 տոկոսն իրացվում է հենց այդ ընթացքում:

Բոլոր դեպքերում գազի նոր սակագներն արդեն իրողություն են: Ապրիլի 1-ից Հայաստանը՝ 1000 խմ գազի դիմաց Ռուսաստանին կվճարի 110 դոլար, իսկ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն էլ իր բաժանորդներին գազը թանկ կվաճառի միայն ապրիլի 10-ից հետո: Կարելի է ասել, որ ընկերությունն իր բաժանորդներին գարնանային նվեր է մատուցում՝ այդ 10 օրվա յուրաքանչյուր օրը կորցնելով 70 մլն դոլար: Իսկ «ՀայՌուսգազարդի» բաժանորդը, նաեւ Հայաստանի բնակիչն ու արտադրողը թե ինչքա՞ն են կորցնելու ապրիլի 10-ից հետո, դեռեւս դժվար է հաշվարկել:

Դեռեւս տարեսկզբին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ գազի թանկացման դեպքում 3-4 դրամով կթանկանա նաեւ էլեկտրաէներգիան: Իսկ գազից հետո նաեւ էլեկտրաէներգիայի թանկացումը կբերի տրանսպորտի ու բոլոր ապրանքների կտրուկ թանկացմանը: Մեր ժողովուրդը թանկ կվճարի ոչ միայն վառած գազի ու լույսի համար, այլեւ հացի, ձվի, կաթնամթերքի, պահածոների ու շինանյութի համար: Նույնիսկ գազարի ու կարտոֆիլի համար, որովհետեւ արամուսցին ու մարտունեցին իրենց մշակաբույսը շուկա կհասցնեն իր ծառայություններն արդեն թանկ գնով վաճառող, գազով աշխատող տրանսպորտային միջոցներով: Իսկ մեր պետական այրերն ու տնտեսագետները հաշվարկել են, որ 2006 թվականին սղաճն ընդամենը 3 տոկոս կլինի, այսինքն` ապրանքների գներն ընդամենը 3 տոկոսով կբարձրանան: Մինչդեռ փորձագետները հաշվում են, որ տարվա վերջում սղաճը կհասնի մինչեւ 22-25 տոկոսի: Այս պահին սղաճը 3 տոկոսն արդեն անցել է: «Որովհետեւ ապրանք ու ծառայություն առաջարկողները չեն սպասում մինչեւ իրենց արտադրած կամ ներմուծած ապրանքի վրա թանկացման գործոնն ազդի,- ասում է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: -Նրանք նախօրոք թանկացնում են իրենց ապրանքը: Իսկ գազի գնի այսօրինակ թանկացման դեպքում կյանքը կտրուկ թանկանալու է ու ստեղծելու է սոցիալական ճգնաժամ»:

Այն, որ ռուս-հայկական գազային բանակցություններում մեր իշխանություններն ապաշնորհ գտնվեցին, արդեն ապացուցվեց: Իսկ մի՞թե Հայաստանում գազի գինը մի փոքր ավելի ցածր սահմանելու ոչ մի հնարավորություն չկար: Ապրիլի 10-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած գազի նոր սակագնի մեջ ներառվել է նաեւ «ՀայՌուսգազարդի» միջին աշխատավարձի 40 տոկոս բարձրացում, շահագործման ու պահպանման ծախսերի ավելացումը: Այսինքն` գազի նոր սակագնի վրա ազդել է ոչ միայն ռուսական, այլեւ «տեղական» գործոնը: Նիստի ժամանակ հարց բարձրացվեց, թե արդյո՞ք միայն «տեղական գործոնների» պատճառով «ՀայՌուսգազարդը» սակագնի բարձրացման հայտ կներկայացներ: Ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ ոչ: Այդ դեպքում նոր սակագնի մեջ ինչո՞ւ միայն ռուսական թանկացումը չի հաշվի առնվել: Եթե «ՀայՌուսգազարդը» Հայաստանի կեսից ավելին արդեն գազիֆիկացրել է եւ, պարոն Կարապետյանի ասելով` մինչեւ այս տարվա վերջ մնացած կեսն էլ կգազիֆիկացնի, ապա ինչո՞ւ պիտի ավելանան շահագործման ծախսերը: Մանավանդ, ընկերության մասնագետներն էլ արդեն ենթադրում են, որ թանկացումից հետո գազի սպառումը կտրուկ կնվազի: «ՀայՌուսգազարդի» կողմից ավելի ազնիվ չէ՞ր լինի ապրիլյան տասնօրյա զեղչի փոխարեն` իր սպառողների ծախսերը թեթեւացնել սակագնի մեջ: Փորձագետների կարծիքով, այս պահին լրիվ անտեղի էր գազի սակագնի մեջ շահագործման ծախսերի ավելացումն ու աշխատավարձի կտրուկ բարձրացումը: Հանձնաժողովի Սակագնային վարչության պետն էլ տեղեկացրեց, որ պահպանման ու շահագործման ծախսերը նոր ընդունված սակագնի մեջ կազմում են 5-6 դրամ, եւս 2-3 դրամ էլ կազմում է աշխատավարձի ավելացումը: Դրանց գումարենք նաեւ կորուստների առաջարկվող կրճատումը, կստացվի, որ հնարավոր է սակագնի մեջ 10 դրամ կրճատել: Սա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հնարավորության սահմաններում էր, որը չօգտագործվեց: Բայց դեռ ուշ չէ: Պարոն Աղաջանովը համաձայն չէ այն տարբերակի հետ, որ «ՀայՌուսգազարդի» 45 տոկոսի բաժնետեր մեր կառավարությունը հրաժարվեր իր շահույթից կամ գազի ներմուծման դեպքում հաներ ավելացված արժեքի հարկը: Տնտեսագետի կարծիքով` պետք չէ մեր բյուջեին ու «ՀայՌուսգազարդին» արհեստականորեն վնաս հասցնել: Գազի գնի թանկացման ազդեցությունն այլ ապրանքների վրա հնարավոր է նաեւ այլ ձեւով կրճատել:

«Հայաստանի իշխանությունները դեռ անցած տարվանից պետք է օրենսդրական փոփոխություններ կատարեին այն մասով, որ էներգիախնայող արտադրողներին հարկային արտոնություններ տրամադրեին,- ասում է Էդուարդ Աղաջանովը: -Այսինքն, այն արտադրողը, ով քիչ էներգիա ծախսող ժամանակակից սարքավորումներ կօգտագործի, նրան արտոնություններ տրվեն: Ուրիշ ճանապարհ չկա: Դա կբերի նրան, որ արտադրանքի գինն ավելի քիչ կթանկանա: Սա եւ՛ արտադրողի համար է օգտակար, եւ՛ բնակչության: Տեսեք, այս տարվա սկզբին Բուշը նոր նախաձեռնությամբ հանդես եկավ, որը կոչվում է «նոր էներգետիկ նախաձեռնություն»: Այս ծրագիրը ենթադրում է հսկայական միջոցառումների համակարգ, որը բերելու է էներգիայի խնայողությանը, էներգատարության իջեցմանը, եւ դրանով մտադիր են Միջին Արեւելքից գնվող գազի քանակը կրճատել 70 տոկոսով: Նայեք, Չինաստանը 1 դոլար արտադրանքի վրա 11,5 անգամ ավելի էներգիա է ծախսում, քան Ճապոնիան: Միակ ելքը սա է: Մեր երկրում չկա որեւէ ճյուղ, որտեղ գազ չօգտագործվի: Դրա համար էլ էներգիա խնայող տեխնոլոգիաների օգտագործումը մեզ համար պետք է դառնա ազգային նախագիծ: Ախր Ամերիկան, որ գազ եւ նավթ է արդյունահանում, այդ ճանապարհով է գնում: Մենք ո՛չ գազ, ո՛չ էլ նավթ ունենք, իսկ մեր իշխանությունները գազի գնի բարձրացմանը զարմանալի հանգստությամբ են նայում: Ախր գազը գնագոյացնող է մյուս ապրանքների համար»: