Ո՞ր չինովնիկի «կաթիկն» էր պակասել

15/03/2006

Դեռ այն օրերին, երբ «Ղ-Տելեկոմը» դարձավ Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատորը, «ԱրմենՏելի» եւ հիշյալ ընկերության միջեւ սկսվեց բավականին սուր մրցակցություն, ինչն էլ ակնկալվում էր բջջային կապի շուկա երկրորդ օպերատորին հրավիրելով։ Այսինքն, սպասվում էր, որ նման մրցակցությունը կնպաստի ոչ միայն որակի բարելավմանը, այլեւ շուկայում գների անկմանը, ինչը դրված է մրցակցության գաղափարի հիմքում։

Այն, որ այդ սպասելիքներն անցած ամիսների ընթացքում հիմնականում իրականացվեցին, կասկածից դուրս է։ Համենայն դեպս, դեռ «Ղ-Տելեկոմի» շուկա մուտք գործելու առաջին իսկ օրերից սկսվեցին տարբեր զեղչեր, այսպես ասած, սակագնային նվերներ եւ այլ անակնկալներ։ Այդ նվերներից մեկն էլ «ԱրմենՏելի» խոստումն էր, թե մինչեւ 2005թ. վերջն իրենց մեկ տարվա բաժանորդները կստանան անվճար, կամ գրեթե անվճար խոսելաժամանակ։ Ըստ այդմ էլ, դեկտեմբերի վերջերին ընկերությունը հայտարարեց, որ իր մեկ տարվա բաժանորդներին տրամադրում է որոշակի քանակությամբ խոսելաժամանակ` գրեթե զրոյական սակագներով՝ մեկ րոպեն 2 դրամով (առանց ԱԱՀ հարկի)։

Հիշեցնենք, որ այդ գովազդային քաղաքականությունը չէր արժանացել «Ղ-Տելեկոմի» հավանությանը, ու այդ ընկերությունը դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ պնդելով, որ «ԱրմենՏելի» նշված քայլը հակասում է ազատ մրցակցության կանոններին, ուստի հանձնաժողովը պետք է պատժեր այդ ընկերությանը։ Օրերս կայացավ հանձնաժողովի նիստը, որում «Ղ-Տելեկոմը» պնդում էր, թե «ԱրմենՏելի» այդ քայլը ոչ թե նվեր է իր բաժանորդին, այլ սակագնային զեղչ, այն էլ` 95%-ով, որի «շնորհիվ» «Ղ-Տելեկոմը» զրկվել է որոշակի շահույթներից։ «ԱրմենՏելն» իր հերթին հավաստիացնում է, թե խոսքն ընդամենը նվերի մասին է, քանի որ այդ ակցիան տեւելու է որոշակի ժամանակահատված, ուստի այն ոչ մի կերպ չի կարող ավելացնել ընկերության բաժանորդների թիվը։ Ամենեւին էլ չխորանալով տեխնիկական բնույթ կրող այդ մեղադրանքների եւ պարզաբանումների մեջ, նշենք միայն, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, այնուամենայնիվ, որոշեց «ԱրմենՏելին» տուգանել բջջային կապի ոլորտում անցած տարվա իր հասույթի մեկ տոկոսի չափով։ Միաժամանակ նկատենք, որ «Ղ-Տելեկոմը» փաստորեն հավաստիացնում է, թե «ԱրմենՏելն» ունի մենաշնորհ, եւ որոշակի սակագների պարագայում ինքը չի կարող մրցակցել թիվ մեկ օպերատորի հետ, քանի որ վերջինս մյուս ոլորտներում, մասնավորապես` ֆիքսված հեռախոսակապում, ունենալով մենաշնորհ, կարող է սահմանել շատ ավելի մատչելի սակագներ։ Այստեղ հիշենք, որ «ԱրմենՏելը» միաժամանակ մեղադրվում է 95%-անոց զեղչի մեջ, այսինքն` խոսքն այնպիսի փաստացի սակագնի մասին է, որն «ԱրմենՏելն» ամենահզոր մենաշնորհի պարագայում անգամ չէր կարող կիրառել, քանի որ իր համար էլ է վնասաբեր։

Այսինքն, ասել, թե խոսքը տվյալ դեպքում նվերի մասին չէ, պարզապես անիմաստ է դառնում։ Երկրորդ հանգամանքը. անկախ նվերներից կամ դեմպինգներից, սակագնի էժանացումը միմիայն ողջունելի է ցանկացած սպառողի համար։ Այս տեսանկյունից Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործելաոճը լիովին անտրամաբանական է դառնում, հաշվի առնելով, որ այդ հանձնաժողովը զարմանալիորեն լռում է, երբ սակագները բարձրանում են, այն էլ` բացառապես տեղական կլանների կողմից ձեւավորված մենաշնորհային դաշտի պատճառով։ Կարելի է թվարկել բազմաթիվ կոնկրետ ապրանքատեսակներ, երբ նույն հանձնաժողովը ոչ թե խուսափել, այլ անգամ չի համարձակվել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ արդարանալով, թե չունի համապատասխան փաստեր։ Մինչդեռ, երբ գները սկսում են նվազել, չգիտես ինչու հանձնաժողովը սկսում է լրջորեն մտահոգվել։ Լավ, ենթադրենք «ԱրմենՏելը» տուգանվեց` այն էլ նույն չափով։ Այդ դեպքում հարց է ծագում, թե այդ ընկերությունը երբեւիցե կփորձի՞ մտածել այլ զեղչերի եւ նվերների մասին։ Էլ չասած, որ խոսքը կլորիկ գումարով տուգանվելու մասին է, որի ուղղորդումը դեպի տվյալ ոլորտ կարող է միմիայն դրականորեն անդրադառնալ սակագների վրա։

Ի դեպ, ինչպես ցույց են տալիս հանձնաժողովի ուսումնասիրությունները, տվյալ ոլորտում գերիշխող դիրք ունի ոչ միայն «ԱրմենՏելը», այլեւ «Ղ-Տելեկոմը»։ Այսինքն, այս ընկերությունը եւս, ելնելով «ԱրմենՏելի» հետ կատարվածից, պետք է առավելագույնս զերծ մնա սակագնային հետագա զեղչերից կամ նվերներից։ Միանշանակ է, որ տուժում է շարքային սպառողը, այն էլ` այն հանձնաժողովի ջանքերով, որն ի պաշտոնե պարտավոր է պաշտպանել այդ նույն սպառողին։ Նկատենք, որ տվյալ դեպքում որեւէ կերպ իրենց խոսքը չասացին նաեւ սպառողների շահերը պաշտպանող մեր բազմաթիվ կազմակերպությունները, հաշվի առնելով, որ խոսքն, ի վերջո, ուղղակիորեն վերաբերում է «ԱրմենՏելի» տասնյակ հազարավոր բաժանորդների ֆինանսական շահին։ Մինչդեռ այդ նույն կառույցները մեծ ակտիվությամբ պաշտպանում են «ԱրմենՏելի» դեմ բողոքող մի քանի տասնյակ այլ բաժանորդների։ Հարց է ծագում՝ ո՞րն է այդ կազմակերպությունների նպատակը, «ԱրմենՏելի» դեմ հանդես գալն ու այդկերպ էժան դիվիդենտներ վաստակե՞լը, թե՞ սպառողի շահը, ինչի պաշտպանության նպատակով էլ այդ կառույցներն ի հայտ են եկել։

Եվ վերջապես, անկախ տեխնիկական նրբություններից, հարց է ծագում նաեւ, թե իրականում ի՞նչ հիմքեր ունեն նման բողոքներն ու որոշումները։ Կրկնում ենք, որ իր գործունեության ընթացքում ոչ պակաս տպավորիչ զեղչեր արել է նաեւ «Ղ-Տելեկոմը», ինչի համար նա, որպես գերիշխող դիրքի չարաշահող, չի հայտնվել այդ նույն հանձնաժողովի առջեւ։ Ավելին, ամեն մի նոր տարվա ընթացքում Հայաստանում չի մնում գրեթե որեւէ ընկերություն, որը խոսի 10-20, ընդհուպ` մինչեւ 50-60 տոկոսանոց զեղչերից։ Նրանցից ո՞վ է առայսօր պատժվել։ Կարծում ենք` «ԱրմենՏելի» պատժի իրական պատճառն ամենեւին էլ այդ զեղչը չէր, եւ ուզում ենք պարզապես հարցնել, թե ո՞ր չինովնիկի «կաթիկն» էր պակասել։

Ա.Ք.