Ծալկայում մի քանի հարբածներ կռիվ են արել: Մի մարդ զոհվել է: Երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել: Հինգ հոգի կալանավորված են սպանության կասկածանքով: Համագյուղացիներին, որ ուզում էին ինքնադատաստան տեսնել մարդասպանի հետ, ցրել է հատուկ նշանակության ջոկատը: Սպանության փաստով քրեական գործ է հարուցված:
Այս տխուր տեղեկատվությունը կարելի է նաեւ այլ կերպ ներկայացնել: Ասենք` այսպես: Ծալկացի մի քանի հայ երիտասարդներ ընթրում էին քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանում: Արդեն փողոցում, երբ նրանք պատրաստվում էին տուն գնալ, նրանց վրա հարձակվում են էկոլոգիական աղետի պատճառով վերջերս Ծալկայի շրջան տեղափոխված սվաններ կամ աջարներ: Էթնիկ կոնֆլիկտն ավարտվում է մի հայի սպանությամբ եւ երկուսի վիրավորվելով: Հարձակվողների խմբից մի քանի մարդ ձերբակալված են: Սակայն տեղի հայերը չեն հավատում վրացական արդարադատության անաչառությանը եւ որոշում են Լինչի դատաստան տեսնել: Օրինապահ մարմինները ստիպված են լինում օգնության կանչել հատուկ նշանակության ջոկատին, որն էլ ցրում է ոստիկանության բաժնի շենքի դեմ հավաքված բորբոքված ամբոխը: Մի քանի հայեր մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության հետ բախման ժամանակ:
Նույն իրադարձության մասին երկու տարբեր տեղեկություններն էլ գոյության իրավունք ունեն: Մեկը հակիրճ է, որ ոչ մի մանրամասն չի բացահայտում սպանության մասին: Մյուսը… Հո՛պ: Մյուսում ավելի կտրուկ շեշտերով կա մի վտանգավոր բառակապակցություն՝ «միջէթնիկական բախում Ծալկայում»: Եվ հենց այդ բառակապակցությունն էլ գերադասեցին ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների մեծ մասը՝ լուսաբանելով կատարված ողբերգությունը: Ես հակված չեմ պնդելու, թե Ծալկայի սպանությանը հաջորդած՝ հայերի զանգվածային ելույթներն Ախալքալաքում՝ ինքնավարություն տրամադրելու պահանջով, կապված են միայն ու միայն ԶԼՄ-ների հրապարակումների հետ: Սակայն համընկնումն ակնհայտ է: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել: Հարբած կենցաղային վե՞ճ, թե՞ էթնիկ հողի վրա սպանություն: Տարբերությունը երեխային էլ է պարզ:
Ծալկայում իմ աղբյուրները հայտնեցին, որ վիճողների երկու խումբն էլ նստած են եղել նույն ռեստորանում եւ վեճը սկսվել է հենց հարբած լինելու պատճառով: Ավելի ուշ այդ ինֆորմացիան հաստատեց նաեւ խորհրդարանի պատգամավոր, «Վրաստանի հայերի միության» փոխնախագահ Վան Բայբուրթը: Այսինքն՝ կարող էին վիճել ովքեր ասես՝ հայերը, սվանները, հույները… Իհարկե, չի կարելի ժխտել, որ շրջանում տեղաբնակների եւ նոր տեղափոխվածների միջեւ հարաբերությունները չափից դուրս «տաքացած» են, ժխտելը հիմարություն կլիներ: Եվ որպեսզի այդ հարաբերություններն ավելի չսրվեն ու խորանան, մի քանի ամիս առաջ այստեղ բերվեցին ՆԳՆ լրացուցիչ ուժեր: Սակայն բախումներ, այնուամենայնիվ, լինում են: Բայց դրանց սկզբնաղբյուրը պետք է փնտրել ոչ թե ինչ-որ ազգային անհանդուրժողականության մեջ, այլ այն բանում, որ էկոլոգիական աղետ տեսած աջարներին ու սվաններին տեղափոխելով կլիմայական դժվար պայմաններ եւ սոցիալապես ոչ այնքան բարգավաճ շրջան, իշխանությունները, ըստ էության, իրենց գործն ավարտված համարեցին: Բայց հնարավոր չէ բոլոր գինետների, բոլոր հայերի, սվանների կամ աջարների կողքին ոստիկաններ դնել: Հարկավոր է ռազմավարական հիմնավոր մոտեցում ցուցաբերել այս հակասությունների անվերջանալի շարանում, որ առաջին հայացքից էթնիկ բնույթ ունեն, սակայն հիմքում սոցիալական խնդիր է ընկած: Հրդեհը կարող է բորբոքվել, եւ այն ձեռք կբերի ոչ թե սոցիալական, այլ հենց էթնիկ բնույթ, քանի որ իշխանությունները, ինչպես երեւում է, հակված չեն դասեր քաղել ոչ այնքան հեռու անցյալից: Դա հեշտ գործ չէ, ավելի հեշտ է, իհարկե, շատրվաններ տեղադրելն ու պուրակներ տնկելը: Բայց դա շատ կարեւոր է: