Հիմա գրաքննություն չի՞ լինի

15/03/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Բացի Հանրային ռադիոյից, այստեղ գործում է FM-ի թվով 4 ռադիոկայան` «Վան», «Փեյս», «Նոր ալիք» եւ «Երիտասարդական», որոնք հիմնականում երաժշտական բնույթի են, հեռարձակում են նաեւ տարաբնույթ զվարճալի հաղորդումներ, վիկտորինաներ… Ի տարբերություն նշված ռադիոալիքների, Արցախի հանրային ռադիոն հեռարձակվում է օրական 2 ժամ:

Արցախի հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր Սեյրան Կարապետյանի (նշանակվել է 2005թ. վերջերին) խոսքերով, վերջին շրջանում Հանրային ռադիոյում տեղի են ունեցել կազմակերպչական եւ բովանդակային մի շարք փոփոխություններ. բավականին նոր հաղորդումներ են պատրաստվում, փոխվել է նույնիսկ ռադիոեթերի բնույթը: «Ռադիոյի դինամիկան այլ է հիմա. եթե նախկինում հաղորդումները տեւում էին 30-40 րոպե, հիմա հաղորդման առավելագույն տեւողությունը 15-17 րոպե է: Նախկինում չկար նույնիսկ թեմաների հստակ բաշխում, ինչի արդյունքում շատ թեմաներ դուրս էին մնում: Հիմա խնդիրը կամաց-կամաց լուծվում է: Նոր հաղորդաշարեր նույնպես ունենք: Իմ առաջարկով ամեն երկուշաբթի եթեր է հեռարձակվում «Քաղաքական օրագիր» հաղորդումը, որն ամփոփում է շաբաթվա բոլոր քաղաքական նորությունները: Նոր են «Լուսատտիկ» մանկական, «Առագաստ» երիտասարդական հաղորդաշարերը եւ «Օրացույց» հաղորդումը: Շաբաթական 2 անգամ մեկական ժամ եթեր է հեռարձակվում նաեւ երաժշտական ծրագիրը, որի ընթացքում ուղիղ եթերում ընդունվում են նաեւ հեռախոսազանգեր»,- ասաց Ս. Կարապետյանը` ավելացնելով, թե երաժշտական ծրագրերի շնորհիվ ընդլայնվել են ռադիոունկնդիրների շրջանակները:

«Կատարո՞ւմ է ռադիոն հանրայինի դերը» հարցին Ս. Կարապետյանը պատասխանեց. «Խոստովանեմ, որ դեռեւս լրիվությամբ չենք ներկայացնում հանրության կյանքը, հաճախ որոշ թեմաներ դուրս են մնում մեր ուշադրությունից, բայց ամեն դեպքում ձգտում ենք անել հնարավորինը: Միաժամանակ պետք է փաստել, որ հաճախ հասարակական սեկտորի ներկայացուցիչներն էլ են պասիվություն ցուցաբերում, բացառությամբ մի քանի կազմակերպությունների, որոնք շահագրգռված են իրենց գործունեության լուսաբանմամբ»: Նրա հավաստմամբ, պետական ռադիոյի եւ հանրայինի տարբերությունը հիմնականում կայանում է նրանում, որ հանրայինում գրաքննություն չկա, եւ ոչ ոք չի արգելում որեւէ նյութ եթեր հեռարձակել կամ խոսել այս կամ այն թեմայի շուրջ: «Հիմա պատկերն այլ է. ազատ ու օբյեկտիվորեն աշխատելու համար ոչ մի արգելք չեմ տեսնում»,- ասում է նա:

Հանրային ռադիոն համագործակցում է մի քանի կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունն ակտիվորեն լուսաբանվում է հանրային ռադիոյի եթերում: Գլխավոր խմբագիրը չմոռացավ նշել, որ նրանց աջակցում է Հայաստանի հանրային ռադիոն, որը վերջերս մեծ օգնություն է ցուցաբերել ձայնադարանի հարստացման գործում` տրամադրելով հայ ժողովրդական, ազգագրական եւ ժամանակակից էստրադային երգերի մոտ 100 ձայնասկավառակ, ինչպես նաեւ` նախատեսում են ուղարկել ռադիոկոմպոզիցիաներ եւ թատերական բեմադրություններ:

Խոսելով նախատեսվող ծրագրերի շուրջ, Հանրային ռադիոյի ղեկավարը փաստեց, որ մայիս ամսից նախատեսում են եթերաժամը երկարաձգել` երաժշտական հաղորդումների հաշվին: «Ապրիլին եթեր կհեռարձակենք նաեւ բանակային կյանքը ներկայացնող հաղորդում, որի համար պայմանավորվածություն է ձեռք բերվել Պաշտպանության բանակի ղեկավարության հետ: Ծրագրեր ունենք ռադիոստուդիայում կլոր սեղաններ անցկացնելու վերաբերյալ: Համապատասխան մասնագետների` հաղորդավարներ եւ այլն, առկայության դեպքում, կարծում եմ, եթերին նոր շունչ կտրվի»,- վստահեցնում է Ս. Կարապետյանը: