Գողն ի՞նչ կուզի՝ «մութ գիշեր»

15/03/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

2005թ. ՀՀ-ում արձանագրվել է 2463 գողության, տրանսպորտային միջոցների փախցնելու՝ 96 դեպք: Արձանագրված գողությունների բացահայտման ցուցանիշներում նկատվել է նվազում. եթե 2004թ. գողությունների բացահայտումը եղել է 77,1%, ապա 2005-ին այն կազմել է 75,0%: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հետեւանքով ՀՀ քաղաքացիները տարեկան կրում են 60-90 մլն ԱՄՆ դոլարի նյութական վնաս:

Գողացել են քրեական գործը

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քննչական բաժնի քննիչ Գարիկ Հասասյանը զեկուցագիր է ներկայացրել իր վերադասին այն մասին, որ իր մոտից գողացել են հարուցված 2 քրեական գործ: Պարզվել է, որ գողությունը կատարել է հարուցված քր. գործերից մեկով անցնող ամբաստանյալ, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակչուհի Սոխակ Բադալյանը, որը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու եւ իր համագյուղացուն մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Նա խոստովանել է, որ իրեն գողության դրդողը եղել է իր որդին, Ոստիկանության Արմավիրի բաժնի քննիչ Պապին Բադալյանը:

Գողություն՝ պատարագի ժամանակ

Հունվարի 22-ին Սուրբ Սարգիս եկեղեցում, Սուրբ Սարգսի տոնին նվիրված պատարագի ժամանակ, 1961-ին ծնված նախկինում 3 անգամ դատապարտված Պետրոս Սարգսյանը հափշտակել է 1984-ին ծնված Մելսիդա Կարագյանի «Samsung» տեսակի բջջային հեռախոսը:

Գողացել են հրացանը

Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Եղբայրության փողոցի 9 շենքի բնակչուհի Ռ. Գեւորգյանը եւ հայտնել, որ գիշերն անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել բնակարան եւ գողացել կանացի 2 մուշտակ, հագուստեղեն, սպիտակեղեն, կոբալտե սպասքեղեն, «Samsung» մակնիշի տեսամագնիտոֆոն, 1300 ԱՄՆ դոլար եւ իր տղային` ՀՀ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, ներքին ծառայության գնդապետ Գերասիմ Գեւորգյանին պատկանող 12 մմ տրամաչափի ողորկափող «Վինչեստր» տեսակի որսորդական հրացանը:

Գողացել են կենցաղային իրեր

Հ. Բարսեղյանը Ոստիկանության Կենտրոնի բաժին հայտնել է, որ իր բնակարանի պատուհանը բացելու միջոցով գողացել են ննջասենյակի կահույքը, լվացքի մեքենան, սառնարանը, գազօջախը, երաժշտական կենտրոնը, տեսաձայնագրիչը, 3 հատ հեռուստացույցները եւ այլ կենցաղային իրեր:

Գողություն դիահերձարանից

Ոստիկանության Էջմիածնի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօր.-ի 265 հոդվածի հատկանիշներով: «Էջմիածնի հիվանդանոց» ՓԲԸ-ից Ոստիկանությանը ահազանգել են, որ անհայտ անձը կամ անձինք դիահերձարանից գողացել են հանգուցյալներից մեկի ներքնաշորերը, կոշիկները եւ գուլպաները:

Գողություն նախարարի տնից

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրգործ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի բնակարանից կատարված գողության փաստով. անհայտ անձը կամ անձինք գիշերը բնակարանի տանիքից պարանի միջոցով մուտք են գործել բնակարան եւ հափշտակել 9000 ԱՄՆ դոլար, 14 հազար ԱՄՆ դոլար արժողության ոսկյա զարդեր, կենցաղային ապրանքներ, որսորդական եւ մարտական տեսակի զենք-զինամթերք: