Ո՞ւմ էր պետք բռնակալի մահը

15/03/2006

Մարտի 11-ին բանտախցում հայտնաբերվել է Հարավսլավիայի նախկին եւ վերջին նախագահ 64-ամյա Սլոբոդան Միլոշեւիչի դիակը: Կիրակի օրը Հաագայի դատաբժշկական ինստիտուտի ուսումնասիրություններն, ըստ էության, արդյունք չեն տվել: Բորիսլավ Միլոշեւիչը եղբոր մահվան մեջ մեղադրում է Միջազգային դատարանին՝ պատճառաբանելով, որ վերջինս նախկին նախագահին հնարավորություն չի տվել բուժվել Ռուսաստանում: Բելգրադի Սոցիալիստական կուսակցությունը նույնիսկ հայտարարել է սպանության վարկածի մասին: Միլոշեւիչի այրին նույնպես գտնում է, որ իր ամուսնուն թունավորել են: Իսկ Միլոշեւիչի գլխավոր մեղադրող Կարլա Դել Պոնտեն հերքում է բոլոր մեղադրանքները. նրա հավաստմամբ, Միլոշեւիչը մահացել է հիպերտոնիայի եւ թույլ սրտի պատճառով: Սակայն, նա նույնպես չի բացառում ինքնասպանության վարկածը: Դել Պոնտեի համար Միլոշեւիչի մահը «պարտություն» էր: Սակայն նա հայտարարել է, որ այժմ ինքը մտադիր է ապացույցներով այլ գործընթացներում հանդես գալ եւ ցույց տալ, թե ինչպես է տեղի ունեցել բոսնիական մուսուլմանների ցեղասպանությունը: Սերբիայի արտգործնախարարն իր հերթին ափսոսանք է հայտնել, որ Միլոշեւիչն այլեւս չի կարողանա իր հայրենիքում դատարանի առջեւ կանգնել: Դեռ հայտնի չէ, թե որտեղ կթաղվի նախկին նախագահը, սակայն նրա եղբայրը գտնում է, որ Միլոշեւիչի աճյունը պետք է հանձնվի հայրենի հողին: