Շախմատ

15/03/2006

Եվ այսպես. Լեւոն Արոնյանը Լինարեսի սուպերմրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում սեւ խաղաքարերով հաղթանակ տարավ Պետեր Լեկոյի նկատմամբ եւ նվաճեց հաղթողի կոչումը։ Վերջին տուրն ինտրիգային էր նաեւ նրանով, որ Լեկոյի կինը հայ է, իսկ աները՝ Արշակ Պետրոսյանը, նաեւ հունգարացի գրոսմայստերի մարզիչն է։ Իսկ Լեւոնը մեր փեսային զրկեց անգամ մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից, քանի որ մյուս առաջատարները՝ Թոփալովն ու Ռաջաբովը, ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաներն ու զբաղեցրին 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները։ Լեւոն Արոնյանի համար, սա հիանալի արդյունք էր, եթե հաշվի առնենք, որ նա ընդամենը երկրորդ անգամ էր մասնակցում նման սուպերմրցաշարի։ Վեյկ ան Զեեի մրցաշարում, երբ Լեւոն Արոնյանը գրավեց միջին տեղ, ոմանք սկսեցին կասկածել՝ արդյո՞ք նրա խաղամակարդակը համապատասխանում է ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակում իր զբաղեցրած տեղին։ Սակայն այժմ բոլորի համար պարզ դարձավ, որ նրա հաջողությունները, մասնավորապես, ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունում նրա տարած հաղթանակը, պատահական չեն։

Նախկինում այս մրցաշարի անփոփոխ հաղթողը Գարրի Կասպարովն էր։ Անցյալ տարի նա իր կարիերան ավարտեց հենց Լինարեսում՝ Թոփալովի հետ միասին գրավելով առաջին տեղը։

Լեւոն Արոնյանը հանգստանալու համար, սակայն, այնքան էլ երկար ժամանակ չունի։ Նա մասնակցելու է նաեւ Մոնակոյի սուպերմրցաշարին, որը մեկնարկելու է մարտի 18-ին։ Արոնյանի մրցակիցներն են լինելու Թոփալովը, Անանդը, Լեկոն, Սվիդլերը, Իվանչուկը, Վալեխոն, Մորզեւիչը, Գելֆանդը, Գրիշչուկը, վան Վելին եւ Նիլսենը: Շախմատիստներն այս անգամ միմյանց հանդիպելու են մեկական անգամ։

Նշենք, որ մեր շախմատային հաջողություններն այսքանով չեն ավարտվում։ Այս օրերին Ռեյկյավիկում ընթանում է միջազգային մրցաշար, որին մասնակցում է նաեւ հայ երիտասարդ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Մրցաշարի 7-րդ տուրում մեր շախմատիստը պարտության է մատնել առաջատարներից մեկին՝ Պերսոնին, եւ այժմ 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սարգսյանն անցկացրած 7 պարտիաներից 5-ում հաղթանակ է տոնել, 2-ն ավարտել է ոչ-ոքիով։ 7 հնարավորից 6 միավոր վաստակելը հիանալի արդյունք է։ Գաբրիել Սարգսյանին կես միավորով զիջում եւ 2-րդ տեղը բաժանում են 5 շախմատիստներ։ 8-րդ տուրում Սարգսյանը մրցելու է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ, որն այս մրցաշարում իր վարկանիշով 1-ինն է։