Ինչպես գրել էինք մեր նախորդ համարներից մեկում, Մադրիդի «Ռեալի» անհաջողություններից հետո մարզիչը եւ խաղացողներից շատերը հայտնվել էին քննադատության թիրախում։ Թիմի երկրպագուները դժգոհ են հատկապես Ռոնալդոյից։ Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Ռեալն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Վալենսիայի» հետ։ Վերջին րոպեներին արքայական թիմի ֆուտբոլիստները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Ռոնալդոն չկարողացավ իրացնել այն։ Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով, «Ռեալը» 2 կարեւոր միավոր կորցրեց, իսկ Ռոնալդոն իրեն քննադատողներին խոսելու նոր նյութ տվեց։ Հարձակվողին կշտամբել էր նաեւ լեգենդար Միշել Պլատինին։
Բրազիլական «Օ Գլոբո» հանդեսին տված հարցազրույցում Ռոնալդոն շատ ավելի կտրուկ հայտարարություններ է արել իրեն քննադատողների հասցեին՝ նշելով, որ հիասթափված է իր որոշ բարեկամներից։ «Ինձ ամենից շատ հիասթափեցրել է Պելեն, որին ես համարում եմ էժանագին, հարմարվողական տիպ։ Իմ կարիերայում այժմ դժվարին շրջան է, սակայն ես նրանից այդպիսի բան չէի սպասում։ Չէի սպասում, որ նա կսկսի քննարկել իմ անձնական կյանքը։ Պելեն նույնպես ունի ընտանիք եւ շատ խնդիրներ, այնպես որ լիովին կարող է ինձ հանգիստ թողնել։ Իսկ Պլատինիի նկատմամբ ես անտարբեր եմ։ Ես միայն մեկ ֆրանսիացի ընկեր ունեմ, դա Զինեդին Զիդանն է, որը բոլոր տվյալներով Պլատինիից ուժեղ է։ Զիդանն ինձ ասել է, որ Պլատինին պարզապես նախանձ է», – հայտարարել է Ռոնալդոն։