Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը «Ֆորբս» ամսագրի հրապարակած այս տարվա միլիարդատերերի ցուցակում աշխարհում 53-րդն է: Նրա կարողությունը վերջին տարվա ընթացքում մի փոքր նվազել է՝ կազմելով 8,7 միլիարդ դոլար: Անցյալ տարի Քըրքորյանը 41-րդն էր եւ ուներ 8,9 միլիարդ դոլար: Վերջին տարվա ընթացքում Քըրքորյանը «Սոնի» ճապոնական ընկերությանը վաճառեց MGM հոլիվուդյան ստուդիան, որը գնել եւ վերավաճառել է մի քանի անգամ: Փոխարենը` նա գնեց «Ջեներալ մոթորս» ավտոհսկայի բաժնետոմսերի մոտ 10 տոկոսը: Քըրքորյանն ունի երկու դուստր՝ Թրեյսի եւ Լինդա, որոնց անունների համադրությամբ է կոչվում նրա «Թրասինդա» ընկերությունը: «Ֆորբսի» վկայությամբ՝ 88-ամյա մեծահարուստը, որն ապրում է հայաշատ Լոս Անջելեսում, շարունակում է ամեն օր թենիս խաղալ: «Ֆորբսի» ցուցակը 12 տարի շարունակ գլխավորում է «Մայքրոսոֆթի» ղեկավար Բիլ Գեյթսը: