«Հանրաքվեն բլեֆ է»

13/03/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Ղարաբաղի հարցում զարգացումները տեսանելի էին: Զարգացումների տրամաբանությունը տեսնելու համար պետք չէր գուշակ լինել»,- երեկ Մամուլի ազգային ակումբում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին նախագահ, «Արմատ» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Արարքցյանը:

Ըստ նրա, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները բացարձակապես անարդյունավետ են եղել եւ որեւէ բանի վրա չեն ազդել: ԱԺ նախկին նախագահի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հարցով վարվող քաղաքականության միակ նպատակը «ստատուս քվոյի» պահպանումն է՝ ձգձգել բանակցությունների հարցը եւ վերջում խոսել ուլտիմատումների լեզվով: «Այն, որ այսօր հայտարարվում է, թե եթե բանակցությունները ձախողվեն, մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը եւ կապահովենք ԼՂ անվտանգությունը, նոր չէ: Մի քանի տարի առաջ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, թե եթե երկու տարվա ընթացքում հարցը չկարգավորվի, ապա մենք կճանաչենք ԼՂ անկախությունը: Այն, որ արտգործնախարարը չի կարող անգամ «զկրտալ» առանց նախագահի թույլտվության, հայտնի է, ուրեմն դա քաղաքականություն է»,- կարծում է Բ. Արարքցյանը: Նրա խոսքերով՝ կա օրենք, որ եթե ներկայացման առաջին մասում պատին հրացան է կախված, ապա հաջորդ մասում այն անպայման պետք է կրակի: Եվ հիմա դա է արվում: Բանախոսի պնդմամբ՝ ԼՂ դուրսմղումը բանակցային գործընթացից պատահական չէր: Ավելին՝ ըստ նրա` դա նպատակասլաց քաղաքականություն էր, որպեսզի բանակցությունները տարվեն փակուղի: Բ. Արարքցյանը երեկ նաեւ կարծիք հայտնեց, թե բանակցող կողմերի վրա դրսից որեւէ ճնշում չի կարող լինել, քանզի ոչ մեկին պետք չէ այդ ճնշումներն իրականացնել:

«Ի՞նչ նպատակով պետք է իրականացվեն այդ ճնշումները»,- հարցնում է նա՝ պնդելով, թե ո՛չ 1997-ին, ո՛չ էլ այսօր հակամարտող կողմերի վրա ճնշումներ չկան միջազգային հանրության կողմից: Վերջիններս, ըստ նրա, ճնշում կգործադրեն միայն այն դեպքում, եթե այդ հարցն «իրենց հարցը լինի»: «Այս հարցն իրենց հարցը չէ: Դրա լուծմամբ պետք է շահագրգռված լինեն հակամարտող կողմերը, տարածաշրջանի երկրները»,- նշեց Բ. Արարքցյանը՝ հավելելով, թե այլ պետություններին հետաքրքրող կարեւորագույն հարցերը լուծված են. Բաքու-Ջեյհան նավթամուղը շուտով կսկսի աշխատել, բոլոր տնտեսական ծրագրերն իրականացվում են, իսկ Հայաստանն այսօր այնպես է մեկուսացվել, որ այս գործընթացներում Հայաստանի ներկայության կարիքը չկա: «Հետեւաբար ինչո՞ւ պետք է ճնշում գործադրեն»,- հարցնում է ԱԺ նախկին նախագահը: Նրա խոսքերով՝ եթե այդ քաղաքական եւ տնտեսական շահերի համար որեւէ վտանգ լինի, ապա կան մեթոդներ, որոնք այդ վտանգը կարող են վերացնել: «Կենցաղային լեզվով ասած՝ իրենք ասում են՝ ուզո՞ւմ եք, գտեք լուծում, նորմալ ապրեք, չե՞ք ուզում՝ ուզո՞ւմ եք այդպես ապրել, շարունակեք այդպես ապրել»,- նշեց բանախոսը: Վերջինիս համոզմամբ՝ ժամանակն աշխատում է ի օգուտ Ադրբեջանի, իսկ Ադրբեջանն էլ շատ համբերատար աշխատում է միջազգային ատյաններում ընդունել տարբեր փաստաթղթեր, արդյունքում կուտակվում է հսկայական ինչ-որ նյութ. մտցվում են նոր տերմիններ՝ ագրեսիա, օկուպացված տարածքներ եւ այն: «Մենք ունեինք ռազմական գործողություններով ստացված առավելությունը: Մի բան է հայտնի. ռազմական գործողություններով ստացված առավելությունը պետք է հնարավորինս արագ վերածել քաղաքական ձեւակերպումների: Դա չի արվել: Երբ ժամանակն անցնում է, ռազմական հաջողությունների դերը խիստ նվազում է: Եվ հակառակը՝ կարող է որոշ դեպքերում աշխատել ոչ թե ի օգուտ մեզ, այլ ի վնաս մեզ: Իմ կարծիքով՝ այսօր ստեղծվել է այդ իրավիճակը»,- ասաց Բ. Արարքցյանը: Իսկ անդրադառնալով այն փաստին, որ համանախագահները չեն համարում, թե բանակցությունները փակուղի են մտել՝ ԱԺ նախկին նախագահը հարցնում է. «Բա ի՞նչ պետք է անեն: Իրենք հրաժարվե՞ն իրենց գործից ու թողնեն գնան տո՞ւն»: Նրա խոսքերով՝ համանախագահները պրոֆեսիոնալ դիվանագետներ են, ապրում են այդ դիվանագիտությամբ եւ հետեւաբար երբեք էլ չեն ընդունի, որ հարցը մտել է փակուղի, եւ ոչ մի հեռանկար չեն տեսնում: Իսկ որ հարցի կարգավորումը փակուղի է մտել, ըստ Բ. Արարքցյանի, ապացուցվում է նաեւ նրանով, որ Հայաստանը Ղարաբաղը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններ է անում, ընդ որում, ԱԺ նախկին նախագահը զարմանալի է համարում, որ Հայաստանն է նման հայտարարություն անում: Նրա համոզմամբ՝ հաղթող կողմը նման հայտարարություններ չպետք է անի, դա կարող է անել Ադրբեջանը՝ ասելով, որ բանակցությունները մտել են փակուղի եւ, հետեւաբար, պատերազմական գործողություններով կարելի է այդ հարցը լուծել: «Հայաստանի իշխանություններին այս վիճակը շատ ձեռնտու է: Կոռումպացված երկիրը, թույլ, լեգիտիմության սարսափելի պակասով իշխանությունը երբեք չի կարող դրսեւորել քաղաքական կամք, այնպիսի մոտեցումներ, որոնք կբերեն այս հարցի լուծմանը»,- վստահ է Բ. Արարքցյանը, ում համոզմամբ, այսօր Հայաստանը ղեկավարվում է իշխանությունների հետ սերտաճած կրիմինալ օլիգարխների ձեռքերով, ինչի արդյունքն էլ այն է, որ Հայաստանում այսօր «ամբողջ քաղաքական համակարգի դեֆոլտ է»՝ այդ թվում եւ Ղարաբաղի հարցով: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդին եւ միջազգային հանրությանը մի բան կարող են ասել, որ եթե հնարավոր չէ հարցի քաղաքական լուծումը, ապա կարող են դիմել ռազմական ձեւերի: «Անհասկանալի է, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է պատերազմ անի: Ի՞նչ ենք ուզում: Եթե Բաքուն գրավելու հարցը դրված է, այդ դեպքում պատերազմի մասին խոսենք»,- նշեց նա: Բանախոսի կարծիքով՝ պրոբլեմը բանակցային գործընթացի ձեւաչափի մեջ չէ, այլ այն է, թե արդյո՞ք կողմերն ունեն այդ լուծման քաղաքական կամքը: «Բայց ձեւաչափի մեջ մի անհրաժեշտ պայման կա. ինչ ձեւաչափ ուզում է լինի, ԼՂ մասնակցությունն անհրաժեշտ է»,- նշեց Բ. Արարքցյանը: Ըստ նրա, բանակցությունները կարող են տարիներ տեւել, բայց կարեւորն այն է, որ բանակցությունները ժամանակ առ ժամանակ պետք է տան կոնկրետ, տեսանելի արդյունք: Անդրադառնալով ԼՂ-ում փախստականների վերադարձից 10-15 տարի հետո հանրաքվե անցկացնելու մասին խոսակցություններին՝ ԱԺ նախկին խոսնակը կարծիք հայտնեց, թե փախստականների վերադարձը գործնականում հնարավոր չէ, իսկ հանրաքվեն նա անհեթեթ է համարում: «Հանրաքվեի հարցն ամենամեծ բլեֆն է: Ի՞նչ է նշանակում՝ հանրաքվե: Հանրաքվեն պետք է իրավական հիմք ունենա: Անգամ նոյեմբերի 27-ի ուրվականների հանրաքվեի համար իրավական հիմք կար. եթե այսքան ձայն լցնենք տուփերի մեջ, ապա Սահմանադրությունն ընդունվում է: Այդ ի՞նչ հանրաքվե է լինելու: Ադրբեջա՞նը պետք է ընդունի սահմանադրական օրենք, որով ասվում է, թե այդ հանրաքվեի արդյունքն այսպես է լինելու: Սա ամենամեծ բլեֆն է, անիրականանալի, եւ դա գցվել է Հայաստանի իշխանությունների կողմից: Հանրաքվեն որտե՞ղ է արվելու. Ադրբեջանո՞ւմ, թե՞ Ղարաբաղում, ի՞նչ իրավական հիմքերով»,- հարցնում էր ԱԺ նախկին խոսնակը: Վերջինս երեկ անդրադարձավ նաեւ 1998-ի իշխանափոխությանը, որում, ըստ նրա` արտաքին ուժերի ճնշում չի եղել: Բ. Արարքցյանի խոսքերով՝ հարցը հետեւյալն էր. իրենք գտնում էին, որ եթե Ղարաբաղի հարցը լուծում չգտնի, ապա Հայաստանը եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական զարգացման հեռանկար չունի, եւ հետեւաբար պետք է փնտրել եւ գտնել ընդունելի լուծումներ, ինչին ի պատասխան` նշվել է, թե դա պարտվողական քաղաքականություն է եւ պետք է տանել հաղթանակ: «Դա գրավոր ներկայացվել է: Կան փաստաթղթեր: Եվ հասարակությունն այն ժամանակ իսկապես ճեղքվեց: Եվ չեմ կարող ասել, որ մեծ մասը պաշտպանում էր մեր քաղաքականությունը: Այդ դեպքում ելքը միակն էր՝ ասել, որ` խնդրեմ, իրականացրեք այդ հաղթողական քաղաքականությունը: Իշխանությունը հնարավոր է պահել այնպես, ինչպես այսօր է պահվում: Մենք շատ ուրախ կլինեինք, որ այն պայմանագիրը, որը գրավոր առաջարկվել էր, այն քարտեզը, որ ներկայացվել էր՝ 8 հազար կիլոմետր քառակուսի անկախ Ղարաբաղ, իրականություն դառնար,- ասաց ԱԺ նախկին խոսնակը՝ հավելելով,- պարզ էր, որ դա հնարավոր չէր: Հիմա էլ է դա պարզ: Այսօր այն էլ չենք ունենալու, ինչը որ 1997-ին կարող էինք ունենալ»:

Դառնալով այս օրերին հրադադարի հաճախակիացած խախտումներին՝ բանախոսը նշեց, թե դրանք որեւէ փաստաթղթի խախտում չեն, քանզի 1994-ի մայիսի 8-ին ստորագրված Բիշքեկի պրոտոկոլը գործադիր ուժ չունի: