ԱՄՆ Պետքարտուղարության` Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված տարեկան զեկույցի մեջ իրենց արժանապատիվ տեղն են զբաղեցրել նաեւ հայրենի ոստիկանները: Մասնավորապես, նրանց անունը հիշատակվում է իրենց մոտ հայտնված քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած կտտանքների եւ դաժան վերաբերմունքի օրինակների համատեքստում:
«Թեեւ կտտանքը եւ այլ դաժանությունները, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքը կամ պատիժը օրենքով արգելված մեթոդներ են, այդուհանդերձ, իրավապահ ուժերը դրանք կիրառում են: Վկաները շարունակել են հաղորդել ոստիկանությունում նմանատիպ բազմաթիվ դեպքերի մասին, որոնք կիրառվում են քաղաքացիների նկատմամբ ձերբակալության եւ հարցաքննության ժամանակ: Ոստիկանության դաժանությունների վերաբերյալ դեպքերի մեծամասնության պարագայում քաղաքացիները դրանց մասին չեն հաղորդել՝ վախենալով վրեժխնդրությունից: Մարդու իրավունքների պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունները հաղորդում են, որ մարդկանց մինչեւ դատավարությունը ժամանակավոր կալանքի վայրերում ոստիկանությունը ծեծի է ենթարկում: Ու թեեւ, ըստ օրենքի, ձերբակալվածներն իրավունք ունեն ոստիկանությունից կամ դատախազությունից ստանալ դատաբժշկական փորձաքննություն անցնելու թույլտվություն՝ իրենց նկատմամբ կիրառված կտտանքներն ապացուցելու համար, այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների տրամադրած տեղեկությունների համաձայն, իշխանությունները հազվադեպ են թույլտվություն տվել դատաբժշկական փորձաքննություններ անցկացնել, եւ մարդկանց կտտանքների ենթարկելու համար ոչ ոք չի դատապարտվել»,- մեր իրավապահների նկատմամբ այսպիսի դիտարկումներ են արել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաները:
Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանից հետաքրքրվեցինք, թե ինքն, օրինակ, ինչպես է մեկնաբանում ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հայրենի ոստիկանությանը ներկայացրած մեղադրանքները: Պարզվեց, որ պարոն Միլիտոնյանը չի լսել այդ մասին: «Ես չգիտեմ կոնկրետ դեպք, երբ ձերբակալված անձն ուզենա դատաբժշկի գնալ, եւ չեն թողել: Եթե կան կոնկրետ դեպքեր, ես կխնդրեի, որ տրամադրեին մեզ: Իրենք խառնում են մի քանի բան՝ կալանավայրերի վարչությունո՞ւմ է դեպքը եղել, մե՞զ մոտ է եղել, որտե՞ղ է եղել: Անհասկանալի է: Այլապես դա կարելի է ընդունել որպես հռետորական հարցադրում»,- ասաց պարոն Միլիտոնյանը:
Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի ասուլիսի հաջորդ ուշագրավ դրվագը վերջին շրջանում մայրաքաղաքում տեղի ունեցած երկու աղմկահարույց սպանություններն էին: Հիշեցնենք, որ մեկի դեպքում Կոմիտաս փողոցում այս տարվա փետրվարի 3-ին բանկից դուրս գալիս սպանել էին ինկասատոր Ալեքսան Դավթյանին եւ նրա մոտից առեւանգել շուրջ 160 հազար դոլար գումարը: Մյուսը` մարտի 4-ին Սայաթ-Նովա 37 շենքի դիմաց «Քաղցրիկ» ՍՊԸ տնօրեն Աշոտ Վարդանյանի սպանությունն էր: Ընդ որում, այդ դեպքը կատարվել էր օրը ցերեկով, շատերի աչքի առաջ:
Խոսելով ինկասատորի սպանության մասին, ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության վարչության պետն ասաց, որ կատարված աշխատանքների որակը չի համապատասխանել իրենց աշխատանքի բովանդակությանը, այսինքն` ինկասատորները բավական հանգիստ ու անզգույշ են եղել իրենց աշխատանքում: Արդյունքում էլ տեղի է ունեցել այդ սպանությունը: «Ցավալի է, որ ինկասացիան կատարող տրանսպորտային միջոցները, ձեւերն ու մեթոդները իհարկե չեն համապատասխանում այդ կառույցը կարգավորող նորմերին: Այնքան անապահով է այդ գործառույթը կազմակերպվել, որ հանցագործները մտածել, հաշվարկել են ու կատարել են այդ գործողությունը»,- ասաց պարոն Միլիտոնյանը: Ըստ նրա` ինկասացիայի խնդիրները մինչ այդ լուծվել են «տարբեր բանկերի եւ կառույցների միավորման ու նրանց կողմից կազմակերպված պաշտպանության առանձին օղակների միջոցով: Նրանց լիցենզավորման խնդրում ոստիկանությունը չի մասնակցել»: Սակայն վերջին դեպքից հետո համապատասխան մարմիններն, ի վերջո, եկել են այն եզրակացության, որ ինկասատորների լիցենզավորումը պետք է կարգավորվի: Եվ այսուհետ այդ գործունեությամբ զբաղվողներին լիցենզիա տրամադրում է ՀՀ ոստիկանությունը: Ինչ վերաբերում է Սայաթ-Նովա փողոցում կատարված սպանությանը, ապա ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն ասաց, որ այն շատ շուտով կբացվի: «Գործը քննվում է, մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում հանցագործությունը բացահայտելու համար: Վարկածներ կան, սակայն դրանց մասին ես հարմար չեմ գտնում խոսել: Ես հուսով եմ, որ շատ շուտով մենք հանցագործների մասին կտեղեկացնենք»,- խոստացավ պրն Միլիտոնյանը:
Հայկ Միլիտոնյանը երեկ ներկայացրեց մինչեւ այս տարվա մարտի 1-ը կատարված հանցագործությունների պատկերը` դրանք համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Ըստ այդմ, 2006թ. մարտի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 1342 հանցագործության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1526-ի դիմաց: Քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների կազմում հիմնական հանցատեսակներից աճ է արձանագրվել սպանության եւ սպանության փորձի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում` բռնաբարության եւ բռնաբարության փորձի, ինչպես նաեւ` թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքում: Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ Ոստիկանության մարմինների կատարած աշխատանքները, Ոստիկանության գնդապետը նշեց, որ ընդհանուր առմամբ բոլոր հիմնական ուղղություններով որոշակի չափով նվազել են բացահայտումների ցուցանիշները. 2006-ի հունվար-փետրվար ամիսներին բացահայտումները կազմել են 62%, 2005-ի հունվար-փետրվարին` 64 %: Նկատենք, որ շատ հաճախ պատճառաբանելով, որ հանցագործության չբացահայտված մնալը ղեկավարության մոտ ստվեր կգցի իրենց աշխատանքի վրա, ոստիկանները հրաժարվում են գրանցել հանցագործությունների մասին քաղաքացիների հայտարարություններն ու նրանց խնդրում չբողոքել: Այս փաստը հաստատեց նաեւ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը: «Կարծեմ 21 թե 22 այդպիսի դեպքեր եղել են: Այդ գործերով Ոստիկանության ղեկավարությունը կատարել է ծառայողական քննություններ եւ որոշ նյութեր ուղարկվել են դատախազական մարմիններին»,- ասաց Հ. Միլիտոնյանը: