Պլուտարքոսից մինչեւ Ալեքսան Հարությունյան

13/03/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Ազգային Միաբանություն» կուսակցության երեկվա կոնֆերանսը, որտեղ միակ զեկուցողը Արտաշես Գեղամյանն էր, համեմված էր էշերի մասին առակներով: Պատճառը, ինչպես խոստովանեց Գեղամյանը, Պլուտարքոսն է, ում տողերն օգնում են նրան գիշերները լավ քնել:

Պլուտարքոսն ասել է` եթե ուզում ես քեզ լսեն` պիտի կա՛մ կարճ ելույթ ունենաս, կա՛մ հաճելի բաների մասին խոսես: Ու քանի որ, ինչպես նշեց Ա. Գեղամյանը, մեզանում հաճելի բաներ չկան, պետք է ավանակներին ելույթի ընթացքում հաճախ հիշել:

Իշխանությունների մասին

«ԱՄ» ղեկավարը չափազանց վտանգավոր է համարում իշխանությունների կողմից փետրվարի 28-ին կազմակերպած «անտաղանդ ու անշնորհք» փողոցային հանրահավաքը, որի համար ուսանողներին 1 շաբաթ առաջ զգուշացրել էին հավաքվել համապատասխան վայրում, որպեսզի գան Հանրապետության հրապարակ, «ճառերը լսեն»: «Արդյունքում իշխանությունները հասկացան, որ իրենց կանչով երբեք հիասթափված հայ մարդը չի գա հրապարակ»,- ասաց նա: Այս օրերին Գեղամյանը շա՜տ է մտածել երկրին սպառնացող վտանգների մասին եւ մտորել է` ի՞նչ անել, ո՞նց անել: Եվ, ինչպես ինքը նշեց, չի ալարել եւ մի քանի օր ուսումնասիրել է Ադրբեջանի վիճակագրական թվերը: «Ես ոչ թե ազերի եմ, ինչպես իշխանամետ մամուլն է գրում, այլ տագնապի շեփոր եմ հնչեցնում, որ սրանց (իշխանությունների.-Լ.Ս.) չորացած ուղեղներում տեղ հասնի»,- ասաց նա ու հայտարարեց, որ Ադրբեջանի բյուջեն 2 տարի հետո կդառնա 6,5 միլիարդ դոլար: «Իսկ ՀՀ բյուջեի քննարկումների ժամանակ որ հեռուստաալիքը միացնում էիր` կոալիցիան ծուղրուղու էր կանչում` ժողովո՜ւրդ, Հայաստանի բյուջեն դարձել է 1 միլիարդ դոլար: Ադրբեջանի բյուջեն լուռումունջ 4 միլիարդ դոլար է: Բա մտածելու բան չի՞ սա»,- ազդարարեց «ԱՄ» նախագահը: «Իսկ սրանք Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունն են փակում, Արամ Կարապետյանի ճամպրուկներն են դատարկում: Հա լավ` ի՞նչ եք ման գալիս: Կարո՞ղ է Փարաքարը փակելու բանալին եք ման գալիս: Նա հո դա նկատի չուներ: Նա նկատի ուներ այն, որ ժողովրդին հասցրել եք այն վիճակին, որ չեն թողնելու անգամ իսկ փախչեք: …Լավ, ինչպե՞ս կարելի էր արտաքին քաղաքականության ոլորտը դարձնել ղումար»:

Ղարաբաղի մասին

Այն լավատեսներին, ովքեր կարծում են, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դեռ նոր են «ծախելու Արցախը», Ա. Գեղամյանը հիասթափեցրեց իր հրավիրած երեկվա կոնֆերանսի ընթացքում: «Արցախն արդեն Ռոբերտն ու Սերժը ծախել են եւ իրենց հարազատները Կալիֆոռնիայում շենքեր են կառուցում անտուն սեւամորթների համար»,- իր կուսակիցներին տեղեկացրեց «ԱՄ» առաջնորդը: Վերջինս վստահեցնում էր, որ անցած 8 տարիների ընթացքում հայ ազգը հանդուրժել է Ռ. Քոչարյանին ու Ս. Սարգսյանին միայն այն բանի համար, որ նրանք 1998թ. հեղաշրջումից հետո խոստացել էին ԼՂՀ հարցի խաղաղ, արդարացի լուծում: Եվ միայն 8 տարի հետո է Ա. Գեղամյանը պարզել, որ «ընդամենը երկու հոգի եւ իրենց տնային աղունիկները կարողացան մեր աշխատասեր ժողովրդին ցանցերը գցել»: Բայց, այնուամենայնիվ, ինչպես նշեց Ա. Գեղամյանը` ելքեր կան: «Պետք է հասկանանք ու գիտակցենք, որ մեր ապագան մեզանից է կախված, որ այսօր ՀՀ-ում հեղափոխություն չի լինում ոչ թե նրա համար, որ ժողովուրդը համակերպվել է կամ քաղաքական կամքն է պակասում, այլ գիտակցում է, որ դրսից էլ վտանգ կա եւ սրա վրա արդեն 8 տարի շարունակ շանտաժ են անում մի ամբողջ ազգի: Ուստի ուզում եմ միջազգային հանրությանն ասել, որ այս իշխանությունների պարագայում երբեք ԼՂՀ հարցի արդարացի, խաղաղ լուծում մի՛ ակնկալեք, որովհետեւ 1998թ.` հեղաշրջում իրականացնելով, մեծ-մեծ խոստումներ էին տվել, թե կա ավելի լավ լուծում, եւ որ այդ «ավելի լավ լուծումը» յոթը սարերի հետեւում չէ: Անցավ արդեն 8 տարի, տարեցտարի զգում ենք, որ վիճակներս ավելի է վատանում»,- ասաց նա:

Ի դեպ, կոնֆերանսի ընթացքում եղան նաեւ հարցադրումներ: Օրինակ, ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նույն Ա. Գեղամյանը 2003թ. նախագահական ընտրություններից հետո իր թիմակիցներին կոչ արեց չխարխլել երկրի կայունությունը եւ թույլ տվեց այս իշխանություններին «մարսել» այն: Ի պատասխան` Ա. Գեղամյանը հայտարարեց, թե 2003թ. «աշխարհաքաղաքական վիճակը» տարբերվում էր 2005-ից, եւ կտարբերվի 2007-ից: «2003թ. մենք այսքան հզոր չէինք, ինչպես հիմա, մենք այնքան կազմակերպություններ չունեինք, ինչպես հիմա ունենք»,- արդարացավ Ա. Գեղամյանը: Ի պատասխան այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում է ունենալու «ԱՄ»-ն, եթե պատերազմն անխուսափելի լինի, Գեղամյանն ասաց. «Եթե պատերազմ լինի, ի՞նչ պետք է անենք` թուրքին պետք է հաղթենք, սրանց էլ պետք ա քշենք: Էս պետք է լինի»:

«Մալադեց Ալիկ»

Ա. Գեղամյանի ելույթի զգալի մասն էլ վերաբերում էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հայտարարությանը, թե Եվրոպական հեռարձակողների միությունը հանդես է եկել գրությամբ, որ հեռուստատեսությամբ երեք շաբաթը մեկ անգամ ԱԺ հայտարարությունները հեռարձակելը խոսքի ազատության ոտնահարում է: «Է լավ, խելքներիդ ձյուն գա, մի հատ ձեզ հարց տվեք` էդ ԱԺ-ն` անգամ ընտրակեղծիքներով, չէ՞ որ հայ ժողովրդի հավաքական ընտրանին է ոչ բարով-խերով: Դրանից էլ ե՞ք զրկում: Բա այ եվրոպացիներ, երբ ոչ մի րոպե ոչ մի հեռուստաալիք ուղիղ եթեր չի տալիս, ինչո՞ւ եք էշի ականջում քնում»,- ասաց Ա. Գեղամյանը: Դիմելով ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պրյախինին, նա ասաց. «Եվրոպական հեռարձակողների միությանն ասեք, որ իրենք արդեն իսկ այս գրություններով հեղինակազրկում են այդ կառույցը, որովհետեւ մենք այդ միության մասին երբեք ոչ մի տեղեկություն չունեինք այն ժամանակ, երբ ընդդիմությանն ընդհանրապես զրկել էին ձայնի իրավունքից: Մենք բացարձակապես չզգացինք, որ նման կազմակերպություն կա, երբ 2003թ. մայիսից հետո իմ ոտքն ընդհանրապես կտրված է Հանրային հեռուստատեսության որեւէ ուղիղ եթերում ելույթ ունենալուց: Լավ, բա ո՞ւր ա էդ միությունը: Զարմանում եմ Ալեքսան Հարությունյանի վրա, ինքը վտանգը զգացող տղա է, բա չի՞ զգում, որ իշխանափոխություն է լինելու: Բա ինչո՞ւ է տենց անում, թող վերցնի ու մի հատ տղամարդավարի ասի` չէ, Գեղամյանին ուղիղ եթեր եմ տալիս, էլ չեմ լսելու ինձ ինչ են ասում Արմեն Գեւորգյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Էդ ժամանակ հա՛մ մեր գլխի վրա տեղ կունենա, հա՛մ էլ հանգիստ կքնի հին ու նոր իշխանությունների պարագայում: Էլ չեմ ասում` եվրոպացիներն էլ կասեն` «Մալադեց Ալիկ, համոզվեցինք, որ դու իրականում ժողովրդավար ես»: Թե չէ` սենց չի լինի»: