Գազը թանկացավ

13/03/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ ցուցադրեց իր հերթական ներկայացումը՝ միաձայն հաստատեց գազի նոր սակագները: Մինչեւ 10.000 խմ գազ սպառող բաժանորդների, այսինքն` բնակչության սպառած 1000 խմ գազի դիմաց սահմանեց 90.000 դրամ` ներկայիս 59.000 դրամի փոխարեն: 10.000 խմ եւ ավելի գազ սպառող բաժանորդների համար՝ 146,5 դոլար` ներկայիս 79,1 դոլարի փոխարեն: Իսկ գազի միջին հաշվարկային սակագինը սահմանվեց 162,95 դոլար` ներկայացրած 168,4 դոլարի փոխարեն: Նոր սակագները կիրառվելու են ապրիլի 10-ից:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «ՀայՌուսգազարդ» ընկերությունը մատակարարվող գազի գնի թանկացման հայտ էր ներկայացրել հանձնաժողովին՝ առաջարկելով բնակիչների գազի գինը բարձրացնել 108.000 դրամ, իսկ խոշոր սպառողներինը՝ 145 դոլար: Հանձնաժողովն էլ իր որդեգրած աշխատանքային սկզբունքի համաձայն` «ՀայՌուսգազարդի» հայտը բավարարեց մասամբ: Հանձնաժողովը նման սկզբունքային մոտեցում ցուցաբերել է գրեթե միշտ, օրինակ` անցած տարի, երբ սահմանում էր ջրի հերթական սակագինը: Այս քայլով կարծես թե փորձում է ապացուցել, որ ինքն անկախ ու արդար կառույց է եւ որեւէ կախվածություն չունի ո՛չ իշխանություններից, ո՛չ էլ որեւէ ընկերությունից: Սակայն հասարակ բաժանորդն էլ արդեն հասկացել է, որ ընկերությունները ներկայացնում են մի քիչ ավելի բարձր սակագնային առաջարկ, որպեսզի ստանան իրենց ուզածը կամ նախապես որոշվածը: Ուրեմն, չի բացառվում, որ այդ ամենը նախօրոք համաձայնեցվում է հանձնաժողովականների հետ:

Ինչեւէ, երեկվա նիստին մասնակից երկու կողմերն էլ հիմնավորեցին իրենց կողմից առաջարկված սակագնի չափի բարձրացման պատճառը: «ՀայՌուսգազարդը» բերեց 3 հիմնավորում՝ 1) գազի գնի փոփոխությունը սահմանի վրա, 2) շահագործման ու պահպանման ծախսերի ավելացումը, 3) 2004-2005թթ. կատարած ներդրումային գումարների վերադարձը: Իսկ հանձնաժողովը ընկերության ներկայացրած հաշվարկները մասամբ ընդունեց: Հանձնաժողովը հիմնավորված չհամարեց հատկապես շահագործման եւ պահպանության համար ընկերության ներկայացրած 8 մլրդ 112 մլն դրամ ծախսը: Հիմնավորված համարեց միայն 6 մլրդ 415 մլն դրամի ծախսերը, այսինքն` 1 մլրդ 697 մլն դրամով պակաս, քան «ՀայՌուսգազարդն» էր ներկայացրել: Գազի սակագնի բարձրացման մեջ ներառված էր նաեւ «ՀայՌուսգազարդի» աշխատակազմի միջին աշխատավարձի բարձրացումը: Ընկերությունն առաջարկել էր 60.000 դրամ միջին աշխատավարձը դարձնել 85.000 դրամ: Հանձնաժողովը բավարարեց այս պահանջը:

Այսպիսով, գազամատակարար ընկերության հայտը հանձնաժողովը մասնակիորեն բավարարեց ընդամենը 10 օրում, մինչդեռ, ըստ օրենքի, հայտը պետք է քննվեր 90 օրվա ընթացքում: Ո՞րն էր այսպիսի շտապողականության պատճառը: Պարզվում է, որ «ՀայՌուսգազարդը» դեռեւս 2005թ. դեկտեմբերի 28-ին է «Գազէքսպորտ» ընկերության հետ կնքել առքուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` գազի ներկրման գինը սահմանվել է 110 դոլար: Այս պայմանագիրը հայտի հետ միասին ներկայացվել է հանձնաժողովին: Փաստորեն, հանձնաժողովն, ի տարբերություն բաժանորդների, վաղուց էր տեղեկացված դեկտեմբերյան պայմանավորվածության մասին ու իր հաշվարկները դեռեւս այդ ժամանակվանից էր նախապատրաստում: Այնպես որ, փետրվարի 28-ից՝ հայտի ներկայացման օրվանից հետո հանձնաժողովի աշխատակազմին հաշվելու շատ բան չէր մնացել: Իսկ «ՀայՌուսգազարդի» փոխտնօրենն էլ ասաց, որ իրենք մինչեւ հիմա էլ հույս ունեն, որ անցած տարեվերջին ստորագրած 110 դոլարը հնարավոր է իջեցնել: Դա է եղել «Գազէքսպորտի» հետ ստորագրած պայմանագիրը հասարակությունից գաղտնի պահելու պատճառը: Ի դեպ, երեկ «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը նորից մեկնեց Մոսկվա` մասնակցելու գազի սակագնի շուրջ դեռ շարունակվող բանակցություններին:

Իսկ գազի նոր սակագներն արդեն իրականություն են: Այս փաստն ապացուցում է, որ Հայաստանը գազի գնի շուրջ բանակցություններում պարտություն է կրել: Մերոնք չկարողացան առաջարկված 110 դոլար գինը մի փոքր իջեցնել: Ինչը, օրինակ, արեց Ուկրաինան, երբ 1000 խմ-ի համար առաջարկված 230 դոլարը իջեցրեց 95 դոլարի, եւ Մոլդովան, որը 160 դոլարն իջեցրեց 110 դոլարի: Մեր իշխանությունները պետք է կարողանային առաջարկած 110 դոլարն իջեցնել 70-80 դոլարի, որը տրամաբանական գին էր: Հայաստանին մատակարարվող գազի յուրաքանչյուր 1000 խմ-ի համար «Գազպրոմը» 60 դոլար է վճարում: 10 կամ 20 դոլարն այդ ընկերությանը տարեկան16 կամ 32 մլն դոլարի շահույթ կբերեր: Այնպես որ, Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեին, որ Ռուսաստանից գազը գնեն գոնե 80 դոլարով: Մանավանդ, որ Հայաստանը համարվում է այդ երկրի ռազմավարական դաշնակիցը: Այսքանից հետո մնում է միայն, որ իր խոսքն ասի մեր կառավարությունը, որի ներկայացուցիչները դեռ անցած տարեվերջին էին հայտարարում, որ ներքին ռեսուրսներով կփոխհատուցեն սակագնի փոփոխությունը: Սակայն մինչեւ հիմա որեւէ լուրջ մտադրություն չեն հայտնել: Ավելին, լինելով «ՀայՌուսգազարդի» 45 տոկոսի բաժնետերը, փաստորեն մեր կառավարություն էլ է իր համաձայնությունը տվել փոփոխվող սակագնի համար: Սա նաեւ նշանակում է, որ մեր կառավարությունն էլ տեղյակ է եղել «Գազէքսպորտի» հետ կնքած դեկտեմբերյան պայմանագրի մասին եւ երեք ամիս գաղտնի է պահել իր ժողովրդից: Սա նշանակում է նաեւ, որ մեր կառավարությունն «իր մեղքի բաժինն» ունի գազի շուրջ տեղի ունեցած անհասկանալի զարգացումների մեջ: Դրա ապացույցը մենք կտեսնենք շատ շուտով, երբ նոր սակագնի դեմ պայքարում ժողովուրդը կմնա միայնակ: Մինչդեռ գազամատակարար ընկերությունն ու հանձնաժողովականները գտնում են, որ հայրենի իշխանությունները ներսում կարող են վիճակը մի փոքր մեղմել: Ասենք, բաժնետիրոջ իրավունքով հրաժարվել իր հասանելիք շահույթից կամ այդ շահույթն ուղղել բնակչության անապահով խավին փոխհատուցելու համար: Իսկ նիստին մասնակից պատգամավոր Մանուկ Գասպարյանն ու տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն էլ հանձնաժողովին ներկայացրել էին իրենց հաշվարկներն ու առաջարկությունները: Նրանք «ՀայՌուսգազարդին» խորհուրդ էին տալիս 5,37 տոկոս կորուստները կրճատել, ավելացված արժեքի հարկը գանձել ոչ թե կորուստներն ու այլ ծախսերը գումարելուց ու գինը բարձրացնելուց հետո, այլ անմիջապես սահմանի վրա՝ 110 դոլարից: Նրանք հաշվարկել էին, որ այս առաջարկությունների կիրառումը գազի միջին գինը՝ 163 դոլարը կիջեցնի 156 դոլարի: Նրանք նաեւ առաջարկում էին սակագնի բարձրացման առյուծի բաժինը չդնել բնակչության վրա, որովհետեւ արտադրական սպառողները կարող են այլ տեխնոլոգիաներ օգտագործելով` կրճատել գազի ծախսը, իսկ բնակիչը խնայողությունն անելու է մրսելու եւ առողջությունը կորցնելու հաշվին:

Իսկ ավելի ուշ մեր պետական այրերը կսկսեն հաշվարկել, թե ինչ կորուստներ է կրելու մեր առանց այդ էլ խարխուլ տնտեսությունը, թե մինչեւ ո՞ւր է թռնելու Կենտրոնական բանկի կողմից նախապես գուշակած 3 տոկոս սղաճը: Կամ՝ մեր կառավարությունն ինչքանո՞վ հավատարիմ մնաց իր կողմից սահմանած աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին: Իսկ միգուցե իրոք արժի՞ ազատականացնել ատոմակայանի միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու ոլորտը: Միայն թե այս անգամ` ռսի օրհնած ոտից հեռու: