Հայկական կամեցողություն

13/03/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերնագրից մոտավորապես պարզ է դառնում, թե ինչի մասին է խոսքը։ «Ռուսական կառավարությունը ցանկանում է իր տնտեսության զգալի մասը պաշտպանել օտարերկրյա ընկերությունների կողմից կլանումից։ Տնտեսական զարգացման նախարար Գերման Գրեֆը Մոսկվայում հայտարարել է, որ տնտեսության մոտ 39 ոլորտներում հնարավոր է կիրառվեն միջազգային ներդրումների սահմանափակումներ»։ Նախարարն առաջին հերթին կարեւորել է պաշտպանության եւ ատոմային արդյունաբերության ոլորտները, ինչպես նաեւ` տնտեսության այն ճյուղերը, որոնք երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Դրանց մեջ մտնում են նաեւ ավիացիոն արդյունաբերությունը, նավթի, ոսկու եւ պղնձի խոշոր հանքավայրերը եւ այլն։ Հոդվածագիրը՝ Անդրես Նիսմանը, թեթեւ քննադատությամբ է մոտենում այս նախաձեռնությանը՝ համարելով, որ այն պարունակում է հովանավորչության (պրոտեկցիոնիզմ) տարրեր։ Սակայն մյուս կողմից` վերջինիս համար ընդունելի է, որ ցանկացած երկիր պետք է առաջին հերթին մտածի իր անվտանգության եւ սեփական արտադրողների մասին։ Հոդվածում նշված է, որ մի շարք եվրոպական երկրներ վերջին շաբաթների ընթացքում սկսել են քայլեր ձեռնարկել տեղական ընկերություններին օտարերկրյա ներդրողներից պաշտպանելու համար։ Նշենք նաեւ, որ համապատասխան օրենքի նախագիծը Ռուսաստանի Պետդումա կներկայացվի այս ամսվա ընթացքում։

Ի՞նչ կապ ունի այս ամենը մեզ հետ։ Հետաքրքիր զուգադիպությամբ թե ճակատագրի հեգնանքով` այս օրերին հայ խորհրդարանականների ուշադրությանն էր ներկայացվել նույն խնդրին առնչվող նախագիծ, սակայն լրիվ հակառակ ուղղվածությամբ։ ԱԺ հավանությանն էր ներկայացվել 2001թ. մարտի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը։ Փոփոխությունն ընդամենը մեկ, սակայն անչափ կարեւոր նախադասություն էր՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետն ուժը կորցրած ճանաչել: 6-րդ հոդվածի առաջին կետն ունի հետեւյալ բովանդակությունը. «Միջուկային էներգետիկան պետական մենաշնորհ է»։

Նախագիծը ներկայացնող ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի գլխավոր հիմնավորումն այն էր, որ 2016 թվականին Մեծամորի ատոմակայանն այսպես թե այնպես փակվելու է։ Նոր ատոմակայան կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդպիսի գումարներ Հայաստանը չունի, եւ կարելի է օգտագործել մասնավոր ընկերությունների ներդրումները։

Նախագիծը բուռն քննադատության արժանացավ ընդդիմության եւ ՕԵԿ-ի կողմից։ Հիմնական հարցը, որին այդպես էլ պատասխան չհնչեց, հետեւյալն էր. եթե ատոմակայանը փակվելու է 2016 թվականին, ինչո՞ւ է այսօր անհրաժեշտ այսպիսի օրենք ընդունել։ Այստեղ ուշադրության է արժանի ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ելույթը, որն իր հանրապետական գործընկերոջ՝ Գագիկ Մելիքյանի հետ միասին փորձում էր պաշտպանել այս նախագիծը։ Ըստ պրն Մինասյանի, 2016թ. հանրապետությունում «էներգետիկ քաղց» է առաջանալու, քանի որ ատոմակայանի փակման արդյունքում էլեկտրաէներգիա 40 տոկոսով քիչ է արտադրվելու: Այնպես որ, հիմիկվանից հարկավոր է մտածել ապագայի մասին։ Զարմանք է հարուցում այն, որ պրն Մինասյանը մտածում է 10 տարի հետո սպասվող իրավիճակի մասին, սակայն գազի թանկացման հետ կապված չէր ուզում մի քանի ամիս առաջ ենթադրություններ անել։ Իսկ գազի խնդիրը, ինչպես տեսաք, զարգանում է հենց այն սցենարով, որը կանխատեսել էին ԶԼՄ-ները։ Կոալիցիայի երրորդ անդամը՝ ՀՅԴ-ն, այս հարցում ակտիվ չէր։ Նրանք զբաղվում են շատ ավելի կարեւոր գործերով, ինչպես օրինակ՝ երկքաղաքացիության քարոզչությունն է կամ Սումգայիթյան դեպքերին նվիրված հանրահավաքների լոզունգների քննարկումը։

Թե ով ի՞նչ էր ուզում ասել այս հարցում իր բռնած դիրքորոշմամբ, պոպուլիզմո՞վ էր զբաղվում, թե՞ դեմագոգիայով, մեր խնդիրը չէ։ Կարեւորն այն է, որ նախագիծը ետ ուղարկվեց։ Իսկ այդտեղ, իրոք, կային Հայաստանի անվտանգությանն առնչվող մի քանի հարցեր, որոնք այդպես էլ պատասխան չստացան։ Ահա դրանցից մեկը՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե ներդրում կատարելու առաջարկ անի օֆշորային գոտում գրանցված թուրքական ծագում ունեցող մի ընկերություն։ Հստակ, խոր վերլուծություններ արված չեն։

Հետաքրքիր է նաեւ հետեւյալ հանգամանքը. Ռուսաստանի նման հզոր երկիրը քայլեր է ձեռնարկում սեփական տնտեսական անվտանգությունը մեծացնելու համար, իսկ մենք մեզ թույլ ենք տալիս ահա այսպիսի «աղայություն» անել։ Երեւի մենք Ռուսաստանից ավելի համարձակ ու վստահ ենք, չէ՞ որ այս երկիրը դեռ վերջնական որոշում չի կայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու համար, իսկ մենք 2001թ. խրոխտ քայլերով մուտք գործեցինք այդ կառույցը։

Երբ ասում են՝ ռազմավարական ոլորտները պետք է մնան պետության հսկողության տակ, դա Հայաստանին չի վերաբերում. մեր ռազմավարական ոլորտների մեծ մասն այլեւս Հայաստանին չի պատկանում։ Էներգետիկ համակարգի մոտ 80%-ը վերահսկում են ռուսները, իսկ դրա վատ հետեւանքները մենք արդեն տեսնում ենք։ Նայեք՝ ինչ է տեղի ունենում. ռուսական «Գազպրոմը» գազը վաճառում է «ՀայՌուսգազարդին», որի 55%-ը պատկանում է նույն ռուսներին։ «ՀայՌուսգազարդը» գազը վաճառում է Հրազդանի ՋԷԿ-ին (նույնպես ռուսական)։ Հրազդանի ՋԷԿ-ը, ինչպես բոլոր մյուս էլեկտրակայանները, էլեկտրաէներգիան տալիս է «Հայաստանի էլցանցերին», որի հին եւ նոր սեփականատերերը նույնպես ռուսներն են։ Ստացվում է կարուսել, որին մասնակցում են հայերը՝ իրենց ռազմավարական գործընկերների հսկողության ներքո։ Բա մենք՝ հայերս, մեր երկրի տարածքում ի՞նչ կարող ենք որոշել։ Առավելագույնը, որ կարող ենք անել՝ «ՀայՌուսգազարդի» առաջարկած 108 դրամ սակագինը 90 դրամ դարձնելն է, որը երեկ «հերոսաբար» արեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ մեծագույն օգուտ տալով մեր ազգաբնակչությանը։

Պարզապես պետք է մի բան հասկանալ, ինչի մասին նախկինում նույնպես խոսել ենք։ Պետք չէ մեղադրել ուրիշներին։ Օրինակ, պետք չէ մեղադրել ռուսներին, որ փորձում են ազդեցություն ձեռք բերել մեր նման խեղճ ու կրակ երկրների վրա, ձեռք են բերում, երբեմն նաեւ խլում սեփականությունը՝ ինչ-որ պարտքերի դիմաց։ Առավել եւս պետք չէ մեղադրել, եթե վերջիններս 2 անգամ բարձրացնում են գազի գինը, իսկ մեզ արգելում են Իրանից եկող ավելի մեծ տրամաչափի գազամուղ ունենալ։ Դա հակասում է իրենց շահերին, չէ՞ որ ամեն մեկը մտածում է իր շահերի մասին։ Մենք կամ դա չենք հասկանում, կամ չենք ուզում հասկանալ, կամ էլ «խառնում» ենք անձնական շահը պետության շահերի հետ։

Վերջում ավելացնենք, որ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը քննարկվելու է հաջորդ քառօրյայի ընթացքում, իսկ մարտի 15-ին ծրագրվում են խորհրդարանական լսումներ՝ էներգետիկ հնարավորությունների զարգացմանն ու անվտանգությանը առնչվող հարցերով: Հուսանք, որ գեղեցիկ, բայց, միեւնույն ժամանակ, դատարկ խոսքեր լինելուց բացի` դրանք որոշ չափով օգտակար կլինեն մեր երկրի համար։