Երեկ տեղի ունեցավ «Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության» հիմնադիր ժողովը: Նորաստեղծ մարմինն իրենից ներկայացնում է շահույթ չհետապնդող եւ ստացված շահույթը մասնակիցների միջեւ չբաշխող ոչ առեւտրային կազմակերպություն, որի հիմնական նպատակը երկրի հիփոթեքային շուկայի զարգացումն է:
Միության հիմնադիրներն են «Հայէկոնոմբանկ» (ՀԷԲ), «Զարգացման հայկական բանկ», «Արմսվիսբանկ», «Ինեկոբանկ», «Հայինվեստբանկ», «Արարատ բանկ», «Յունիբանկ», «Առէքսիմբանկ» առեւտրային բանկերը, «Վաշինգտոն Կապիտալ», «Առաջին հիփոթեքային ընկերություն», «Սիլ Ինշուրանս», «Պրայվիտ Ինշուրանս», «Նաիրի Ինշուրանս» ֆինանսավարկային եւ ապահովագրական կազմակերպությունները, «Ալտա Վիպ», «Մ եւ Մ», «Պրեմիեր Ռիելթի», «Փրայմ Ինշուրանս Բրոքերս», «Էլեֆանթ Ռիելթի» անշարժ գույքի գործակալությունները: Հիմնադիր ժողովի ժամանակ հաստատվեցին Միության կանոնադրությունը, խորհրդի կազմը: «Խորհրդի նախագահի պաշտոն նախատեսված չէ: Քանի որ մասնակիցները տարբեր տիպի կազմակերպություններ են, մենք նպատակահարմար գտանք աշխատել հավասար սկզբունքներով»,- մեզ հետ զրույցում նշեց «Վաշինգտոն Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը: Այնուամենայնիվ, շուտով խորհուրդը կընտրի Միության գործադիր տնօրենին:
Թեեւ Միությունը բոլորի համար բաց է, սակայն Միությանը մասնակցում են այն կազմակերպությունները, որոնց համար հիփոթեքային շուկան հետաքրքրություն է ներկայացնում: «Յուրաքանչյուր նոր գործին թերահավատորեն են մոտենում: Երբ մեր աշխատանքով ցույց տանք, որ ինչ-որ բանի հասնում ենք, մնացածները եւս կմիանան մեզ: Հիմնադիրները, որ կազմում են Միության նախաձեռնող խումբը, մի քայլ առաջ են նայում»,- ասաց Մ. Եդիգարյանը:
Հետաքրքիր է, որ 3 առեւտրային բանկեր` «Արարատ բանկը», «Առէքսիմբանկը» եւ «Յունիբանկը», Միությանը մասնակցելու ցանկություն են հայտնել հիմնադիր ժողովի նախօրեին, այն դեպքում, երբ Միության ստեղծման պայմանները քննարկվել են մոտ 2 ամիս: Այս հանգամանքը «Յունիբանկի» կառավարման նախագահ Վարդան Աթայանը բացատրեց նրանով, որ «իրենք հետեւում էին, թե ինչ կազմ կձեւավորվի», այնուհետեւ նպատակահարմար են գտել մասնակցել: «Այնուամենայնիվ, այս ժողովներն այդքան էլ կարեւոր չեն մեզ համար, մենք նախընտրում ենք գործ անել»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Վ. Աթայանը: Այս հայտարարությունն անհիմն չէր, քանի որ «Յունիբանկն» արդեն առաջարկում է Երեւանում եւ Երեւանին հարող տարածքներում գույք գնելու համար մինչեւ 10 տարի ժամկետով հիփոթեքային վարկավորում` իհարկե, 16-18% տարեկան տոկոսադրույքով:
Ինչո՞ւ էր անհրաժեշտ հիփոթեքային մարմնի ստեղծումը: Մ. Եդիգարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ այն ուղղակիորեն պայմանավորված է օրեցօր շատացող բնակելի շենքերի կառուցմամբ: Իսկ ՀԷԲ-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը գտնում է, որ Հայաստանի հիփոթեքային շուկան գտնվում է զարգացման փուլում: Այդ մասին է վկայում վարկային փաթեթներում հիփոթեքային վարկերի ցածր տեսակարար կշիռը: Օսիպյանի համոզմամբ, հիփոթեքային շուկայի զարգացման այն փուլը, որ բոլոր երկրներն անցնում են, Հայաստանում արդեն ավարտված է, այսինքն, մեր երկրում անշարժ եւ շարժական գույքը կապիտալ է դարձել: «Նվազել են հիփոթեքային շուկայում առկա ռիսկերը, ավելացել է հիփոթեքային վարկավորմամբ զբաղվող կազմակերպությունների թիվը: Մենք պետք է գիտակցենք, որ հիփոթեքային շուկան միշտ զարգանում է, ուստի պետք է միշտ բարելավենք այս բնագավառի օրենսդրական դաշտը»,- ասում է Օսիպյանը:
Միությունը նպատակ ունի հիփոթեքային շուկայում գործելու էթիկայի միասնական կանոններ եւ հիփոթեքային վարկավորման նվազագույն չափանիշներ մշակել: «Նախատեսում ենք հիփոթեքային վարկերի ժամկետը երկարաձգել մինչեւ 10 տարի, իսկ տոկոսադրույքները նվազեցնել մինչեւ 10%: Այս միջոցառումները, որ Միությունը կիրականացնի պետական լիազոր մարմինների հետ, հիփոթեքը կդարձնի ավելի մատչելի եւ գրավիչ»,- վստահեցնում է ՀԷԲ-ի գործադիր տնօրենը: Միության խորհրդի` մարտի 17-ին կայանալիք առաջին նիստում կհաստատվի ծրագիրը, որում կներկայացվեն Միության խնդիրները եւ թե ինչ ժամկետներում պետք է դրանք լուծվեն:
Հիփոթեքային միությանը շնորհավորեց նաեւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Վերջինս ողջունեց այն փաստը, որ հիփոթեքային շուկայի մասնակիցները միավորվում են եւ փորձում են ստեղծել խաղի միասնական կանոններ: ԿԲ նախագահը կարեւորեց նաեւ Միության հիմնադրման աշխատանքներին Գերմանական Զարգացման բանկի մասնակցությունը: Թեեւ Տ. Սարգսյանի խոսքերով, ԿԲ-ն վերահսկելու է այս ոլորտը, այնուամենայնիվ, նա հավաստիացրեց, որ առանց Միության հետ համաձայնեցնելու` այս բնագավառում ոչ մի նորմատիվ ակտ չի ընդունվի: