Պատերազմից հետո, հայտնի պատճառներով, Ղարաբաղում կանանց թիվը որոշակի չափով աճել է: Հետպատերազմյան սկզբի տարիներին, երբ դեռ հանրապետությունում քիչ էին աշխատատեղերը, տղամարդկանց մի մասը, փող աշխատելու նպատակով, ստիպված եղավ գնալ այլ երկրներ:
Ղարաբաղի տարբեր ոլորտներում կանայք մի քիչ ավելի շատ են, քան տղամարդիկ: Կանայք ընդգրկված են նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Օրինակ` 2005թ. ամռանն անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում 33-ից 3 մանդատը բաժին ընկավ կանանց: Նշենք նաեւ, որ ԼՂՀ առողջապահության նախարարը նույնպես կին է` Զոյա Լազարյանը: Ստեփանակերտում գործող 12 հանրակրթական դպրոցների տնօրեններից 6-ը կանայք են: Վերջին կին տնօրենը նշանակվել է մի քանի օր առաջ:
Ըստ վիճակագրական տվյալների, 2005/2006 ուսումնական տարում Ղարաբաղի հանրակրթական դպրոցներում դասավանդում է 4308 ուսուցիչ, որից 78,8 տոկոսը կամ 3396-ը կանայք են: Իսկ դպրոցների տնօրենների ընդհանուր թվաքանակից միայն 41,1 տոկոսն են կանայք, ընդ որում, գյուղական բնակավայրերում՝ 41,2 տոկոսը եւ քաղաքային բնակավայրերում` 40,6 տոկոսը: Ուսուցիչների 68,4 տոկոսը դասավանդում է գյուղական բնակավայրերում, որից 65,0 տոկոսը կին ուսուցիչներ են: Հանրապետությունում գործող 4 պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1428 ուսանողների 55,9 տոկոսը կանայք են: 7 բարձրագույն ուսումնական հաստատության 6307 ուսանողների 40,3 տոկոսը կազմում են տղամարդիկ, 59,7 տոկոսը` կանայք: Մի քիչ այլ է վիճակը հանրակրթական դպրոցներում. 2004/2005 ուսումնական տարում միջնակարգ կրթության ավարտական վկայական ստացած 2041 աշակերտից 1000-ը կամ 49,0 տոկոսը աղջիկներ են: Աշակերտների ընդհանուր թվաքանակի 50,3 տոկոսը կազմում են տղաները: Հայտնի է նաեւ, որ Ղարաբաղում առեւտրով զբաղվողների հիմնական մասը նույնպես կանայք են: Թերեւս պաշտպանության բանակը միակ բնագավառն է, որտեղ գերակշռող մասը տղամարդիկ են: Հասարակական կյանքում նույնպես կանայք ավելի ակտիվ են, քան տղամարդիկ: Գերակշռող են նաեւ կին լրագրողները: