Ինչպես սիրել մայրիկի նոր ամուսնուն եւ հայրիկի նոր կնոջը …

13/03/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

«168 Ժամը» հրատարակեց «Զրույցներ գերմանալեզու գրականության մասին» ներդիրը, որը ներկայացնում էր գերմանական մանկապատանեկան պատկերազարդ գիրքը, նրա զարգացման տենդենցները:

Ներկայացվել է գերմանական մանկապատանեկան գրքի իլյուստրացիոն դաշտը՝ լավագույն իլյուստրատորներ, այս արվեստագետներին միավորող ու նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններ, մրցանակաբաշխություններ, մրցանակակիր գրքեր, ինչպես նաեւ այդ անձանց ու կազմակերպությունների հետ հաղորդակցության միջոցներ՝ հասցեներ, էլեկտրոնային կայքեր: Երեկ Խնկո-Ապոր մանկական գրադարանի Գերմանական սրահում տեղի ունեցավ այդ ներդիրի շնորհանդեսը: Բացի ներդիրից ներկաների ուշադրությանը ներկայացվեցին նաեւ գերմանական մանկապատանեկան գրականությունը ներկայացնող այլ հրատարակություններ, հիմնականում պատկերազարդ գրքեր: «Ես կարծում եմ, այս գրքերը սիրելի կլինեն մեր գերմանալեզու ընթերցողին»,- հուսով է Գերմանական ընթերցասրահի պատասխանատու Ժաննա Գաբրիելյանը: Սրանք գրքեր են, որոնք սովորեցնում են ազատ ու անկաշկանդ մտածել, արտահայտվել, սրանք գրքեր են, որոնք սովորեցնում են հաղթահարել տաբուներ: Մի խոսքով, այնպիսի գրականություն, որ հայ մանուկին հասու չի եղել երկար ժամանակ եւ հայտնի չէ՝ երբ հասու կլինի: Մինչ միջոցառմանը ներկա հայ հրատարակիչները հիանում էին գերմանական գրահրատարակչական դաշտի ձեռքբերումներով՝ միաժամանակ գովաբանելով նաեւ իրենց արտադրանքը, մասնավորապես «Արեւիկ» հրատարակչության տնօրեն Դավիթ Հովհաննեսը բարձր էր գնահատում իր հրատարակչության արտադրանքը, Մանկական պատկերասրահի տնօրեն Հենրիկ Իգիթյանն էլ գովեստի խոսքեր էր ակնկալում իր սաների պատկերազարդումներով արված հրատարակությունների վերաբերյալ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի մոտ հարց առաջացավ՝ թե մեր զավակները, որ փոքր հասակում այդքան լավ նկարում ու պատկերազարդում են, մեծանալուց հետո ինչո՞ւ նույն տեմպով չեն շարունակում մեզ հիացնել: Կարեն Աղամյանի հարցադրման լավագույն պատասխանը տվեց «Ինքնագիր» («Բնագիր») գրական հանդեսի խմբագիր, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը, որ ծանոթանալով ներկայացված հրատարակություններին՝ եզրահանգել է. «Խնդիրն ամենեւին էլ նյութական սուղ միջոցները չեն: Ես հասկացա, որ Գերմանիայում գործում է կրթական մի համակարգ, որը սկսում է գրքի ձեւավորման բուհական նեղ մասնագիտական կրթությունից մինչեւ ազատ արվեստագետների միավորումներ եւ հրատարակչություններ, որոնք որոշակի քաղաքականություն են իրականացնում եւ քննադատաբար հեղաշրջող դիրքորոշում ունեն, այսինքն` ջարդում են մանկավարժական տաբուները, դաստիարակչական տաբուները, լուսավորության տաբուները, որովհետեւ ճանաչողությունը, որ երեխայի եւ մարդու համար ամենագլխավոր բանն է, տաբուների դեպքում հնարավոր չի»: Հայ արվեստագետներին որքան էլ հիացրել էին գերմանացի իրենց գործընկերների աշխատանքները, որոշ գրքեր կային, որոնք, այնուամենայնիվ, նրանք չէին ցանկանա տեսնել իրենց ընտանիքներում: Մասնավորապես` Հենրիկ Իգիթյանին զայրացրել էր մի հրատարակություն, որտեղ պատկերազարդումների միջոցով երեխաներին ճանաչելի է դառնում իրենց մարմինն ու սեռական բազմաթիվ խնդիրներ: «Փոխանակ արգելելու եւ զարտուղի ճանապարհներ ցույց տալու երեխաներին, որ գնան ճանաչեն իրենց մարմինը, ավելի լավ է կարողանալ արվեստի միջոցով ցույց տալ բաներ, որոնք, միեւնույն է, ուզենանք թե չուզենանք, հետաքրքիր են նրանց, եւ նրանք փնտրելու են ճանաչման ձեւեր, որոնք հաճախ խեղված ձեւեր են ու շեղումների առիթ են դառնում»,- գտնում է Վ. Գրիգորյանը: Ներկայացված մեկ այլ պատկերազարդում փոքրիկ արջուկի օրինակով պատմում է այն մասին, թե ինչպես է նա հաղթահարում ծնողների ամուսնալուծությունն ու, ի վերջո, կարողանում սիրել ոչ միայն հայրիկին ու մայրիկին ինչպես որ կան, այլեւ՝ հայրիկի նոր կնոջն ու մայրիկի ամուսնուն: «Աշխարհի ամենաակտուալ պրոբլեմներից մեկը քայքայվող ընտանիքների հետեւանքով ողբերգություն ապրող երեխաներն են. մի արջուկի օրինակով նրանք երեխային սովորեցնում են, որ նա դրանից ողբերգություն չսարքի եւ կարողանա պատկերացնել, որ հասուն մարդիկ էլ են խնդիրներ ունենում»,- Վ. Գրիգորյանը հատկապես բարձր գնահատեց ներկայացված հրատարակությունների հեղինակների լայնախոհությունը՝ երեխաներին որպես անհատականություն դիտարկելը, երեխաներին այնպիսի ընթերցող դիտարկելը, ով ավելի շատ ու ավելի մոդեռն բաների է տիրապետում՝ ժամանակակից էլեկտրոնային միջոցների, արվեստի, գովազդի, կինոյի, որոնց շուրջ հաճախ մեծերը փորձ փոխանակելու հնարավորություն չունեն: «Ես կերազեի, որ այս գրականությունը նաեւ հայերեն լինի, նաեւ հայ երեխաների համար, որովհետեւ նրանք վաղվա իմ եւ ձեր ընթերցողներն են»,- եզրափակեց Վ. Գրիգորյանը: Նրա բնորոշմամբ` իր խմբագրած «Բնագիր» գրական հանդեսը հաճախ մերժողական վերաբերմունքի էր արժանանում, որովհետեւ մեր հասարակության մեջ բազմաթիվ չհաղթահարված տաբուներ կան, եւ եթե մենք փոքր հասակից կարդայինք նման լայն ճանաչողություն ապահովող գրականություն, «Բնագիրը» ստիպված չէր լինի կրել այսպիսի նախազգուշացում. «Հանդեսի որոշ ստեղծագործություններում օգտագործված է բառապաշար, որին մինչեւ 18 տարեկանները սովորաբար ծանոթանում են փողոցում»: