Երեկ Փարիզում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հանդիպումների վիճակահանությունը։ Եվ այսպես, ձեւավորվել են հետեւյալ զույգերը.
առաջին զույգ. «Արսենալ» – «Յուվենթուս»
երկրորդ զույգ. «Լիոն» – «Միլան»
երրորդ զույգ. «Ինտեր»-«Այաքս» զույգի հաղթող – «Վիլյառեալ»
չորրորդ զույգ. «Բենֆիկա» – «Բարսելոնա»
Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 28-29-ին, իսկ երկրորդ անգամ թիմերը միմյանց կհանդիպեն ապրիլի 4-ին եւ 5-ին։ Նշենք, որ վիճակահանություն այլեւս չի լինի։ Կիսաեզրափակիչում առաջին զույգի հաղթողը մրցելու է երրորդի, իսկ երկրորդ զույգի հաղթողը՝ չորրորդի հաղթողի հետ։
Դա նշանակում է, որ եթե «Բարսելոնան» կարողանա հաղթահարել պորտուգալական «Բենֆիկայի» արգելքը, ապա կիսաեզրափակիչում մրցելու է ֆրանսիական «Լիոնի» կամ իտալական «Միլանի» հետ։ Թեեւ ժամկետից շուտ ենթադրություններ անել պետք չէ, քանի որ նույն «Բենֆիկան» մեկ ութերորդ եզրափակիչ արտագնա խաղում 2-0 հաշվով պարտության մատնեց Եվրոպայի գործող չեմպիոն «Լիվերպուլին» եւ դուրս թողեց նրան մրցաշարից։