Ինչպես հիշում եք, Մադրիդի «Ռեալի» նոր նախագահ Ֆերնանդո Մարտինը հայտարարել էր, որ թիմը պետք է անպայման հաղթի «Արսենալին» եւ շարունակի պայքարը, հակառակ դեպքում խոստացել էր, որ լուրջ փոփոխություններ կլինեն։
AS գործակալության հաղորդմամբ, եվրոպական մրցասպարեզում «Ռեալի» անհաջողությունը ստիպել է Մարտինին ավելի արագացնել նոր մարզչի ընտրության աշխատանքները։ AS-ը տեղեկացնում է, որ թիմի ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել «Յուվենթուսի» ներկայիս մարզիչ Ֆաբիո Կապելլոյի հետ։
Դեռ մինչ «Արսենալ»-«Ռեալ» հանդիպումը խոսակցություններ կային, որ Արքայական թիմից կարող են հեռանալ նաեւ շատ անվանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Ռոնալդոն, Զիդանը, Բեքհեմը եւ այլք։ Ռոնալդոն ինքը հաստատել էր այդ լուրերը՝ նշելով, որ մրցաշրջանի ավարտից հետո ամենայն հավանականությամբ հանդես կգա նոր թիմում։ Շատերը հնարավոր են համարում, որ Ռոնալդոյի փոխարեն «Ռեալ» հրավիրվեն Ադրիանոն կամ Անդրեյ Շեւչենկոն։ Իտալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Ադրիանոն հերքել է այդ լուրերը եւ հայտարարել, որ չի պատրաստվում թողնել «Ինտերը»։ Անհավանական է թվում նաեւ, որ «Միլանի» ղեկավարությունը կհրաժարվի Շեւչենկոյի ծառայություններից։ Սակայն Ռոնալդոյի՝ «Միլանում» հայտնվելը լիովին իրատեսական է, մանավանդ, որ Իտալիայի վարչապետ եւ թիմի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ամենեւին էլ դեմ չէ դրան։ «Իսկ ո՞վ չէր ուզի, որ իր թիմում խաղար Ռոնալդոն կամ Ռոնալդինիոն։ Նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են։ Սակայն մեր թիմի կազմում փոխարենը խաղում է Կական», – հայտարարել է Բեռլուսկոնին։
Ռոնալդոն վերջերս քննադատության է ենթարկվել նաեւ իր հայրենակցի՝ Պելեի կողմից։ Ֆուտբոլի արքան հայտարարել էր, որ եթե Ռոնալդոն ավելի շատ զբաղվեր ֆուտբոլով, քան իր անձնական կյանքով, ապա նրա կարիերան շատ ավելի հաջող կլիներ։ Ռոնալդոյի նյարդերը տեղի են տվել, եւ նա բավական չոր պատասխան է տվել Պելեին։ «Ուշադրություն մի դարձրեք նրա խոսքերին։ Հուսով եմ՝ կարիերաս ավարտելուց հետո ես չեմ վերածվի մի անհետաքրքիր մարդու, որը ինչ-որ հիմարություններ է ասում այնպիսի բաների վերաբերյալ, ինչի մասին իրեն ընդհանրապես չեն հարցնում»,- մադրիդյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Ռոնալդոն։