Երբ անցյալ տարի կրկին սկսեց երգել 70-ականների Երեւանը, բոլորն այդ երաժշտությունը թարմ, պրոֆեսիոնալ ու գեղեցիկ համարեցին: Երեսուն տարի առաջ մեր էստրադան այդքան մարդաշատ չէր, երգերը երգերի նման էին, իսկ երգիչները երգել գիտեին: Մեր օրերի էստրադան 70-ականների հետ համեմատելով, հասկանում ես, որ շուկայական հարաբերություններն ու մրցակցությունը միշտ չէ, որ որակի են հանգեցնում: Երաժիշտ ու գործարար Վազգեն Ասատրյանի՝ «Երգում է 70-ականների Երեւանը» նախագիծն արդեն մի քանի անգամ լեփ-լեցուն դալիճներ է հավաքել, նաեւ` ամանորյա հեռուստահամերգի վերածվել: Եվ ինչպես յուրաքանչյուր հաջող նախագիծ` պարտավոր էր իր շարունակությունն ունենալ: Անցյալի աստղերը մարտի 8-ին կրկին բեմ բարձրացան, արդեն նոր սերնդի երգիչների հետ: Վազգեն Ասատրյանը որոշել էր հինն ու նորը դուետներով ներկայացնել: Սակայն կանանց տոնը նրան ստիպել էր համերգային ծրագիրն այլ կերպ կառուցել: Ինչպես «հավաքովի» համերգների ավանդույթն է պահանջում, բեմում հումոր ու բարեմաղթանքներ հայտնվեցին, իսկ բեմից կորան քիչ լսելի ռոքն ու ջազը: Արդյունքում 70-ականների Երեւանը զրկվեց իր հրապույրից ու բավականին միակողմանի ներկայացավ: Երգեցին Նադեժդա Սարգսյանն ու Սյուզան Մարգարյանը` իրենց դուստրերի հետ: Միասին երգեցին Նունե Եսայանն ու Աշոտ Ղազարյանը, Ռադիկ Գաբրիելյանն ու Արամոն, Գեորգի Մանգասարյանն ու Սիրուշոն, Գայանե Հովհաննիսյանն ու Արսեն Սաֆարյանը, Ռուբեն Մաթեւոսյանն ու Քրիստինե Պեպելյանը, Էմմին ու Վազգեն Ասատրյանը, ով մինչ այդ երբեք չի երգել, սակայն, երեւի, միշտ երազել է երգել: Կենդանի կատարման փաստը ցույց տվեց շատերի թուլությունը: Ֆալշ էին երգում գրեթե բոլորը, մանավանդ` Սոֆի Մխեյանը եւ Վազգեն Ասատրյանը: 70-ականների երգիչներին արդեն ծանոթ երիտասարդ հանդիսատեսը գնահատելու հնարավորություն ստացավ: Այսօրվա մեր երգիչները կամ իսկապես շատ թույլ են, կամ էլ այդ օրը լավագույնները բեմից դուրս էին մնացել: