Սեքսն ու քաղաքականությունը

13/03/2006

Ռուսաստանի լիբերալ քաղաքական գործիչ Իրինա Խակամադան օրերս կազմակերպել էր իր «Սեքսը մեծ քաղաքականության մեջ» գրքի շնորհանդեսը: Գիրքը կարող է միաժամանակ եւ բեստսելլեր դառնալ եւ հեղինակին լավ քաղաքական գովազդ անել, քանի որ այն շատ թեթեւ ու հետաքրքիր է գրված: Խակամադան ասել է, որ գրքի վերնագիրը պատահական չէ. «Վերնագիրը պետք է երիտասարդների ուշադրությունը գրավի»: Իրականում գրքում հեղինակի ինտիմ կյանքի մանրամասներ չկան, սակայն շատ են քողարկված ակնարկներն ու հումորը: Գրքի հերոսներից քչերն են իրենց անվան տակ ներկայացված, հիմնականում ասվում է «մի հայտնի չինովնիկ», «շատ ժամանակակից ու մի քիչ բթամիտ գրող», «նախկին նախագահ»: Խոսքը «կեղտոտ քաղաքականության» կամ էլ «կեղտոտ ներքնազգեստի» մասին չէ, հեղինակը ոչ մեկին չի մերկացնում ու չի մեղադրում, նա պատմում է ու զվարճանում: Խակամադան համոզված է. «Կարելի է մաքուր մտնել քաղաքականության մեջ եւ մաքուր էլ հեռանալ»: Մշտապես էլեգանտ ու կանացի քաղաքական գործիչ Խակամադան, ով զրկվել է Դումայի ամբիոնից, իր ուղերձն է ուղղում բոլոր ռուս կանանց. «Մի՛ վախեցեք սեփական ցանկություններից, մի՛ վախեցեք աշխարհից եւ մի՛ սահմանափակվեք»: Եվ ավելացնում է. «Ես, իմիջիայլոց, ամենահայտնի ռուս կինն եմ, ես խելացի եմ եւ լավ կազմվածք ունեմ: Եվ ոչ մի դեպքում չեմ հրաժարվի բարձրակրունկ կոշիկներից»: