Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հաճախակի են դարձել։ Գրեթե ամեն օր հաղորդագրություններ են ստացվում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների մասին։ Այստեղ ուշագրավը թերեւս այն է, որ բուն ղարաբաղյան ճակատում կրակոցներ չեն հնչում (կամ այդ մասին չի հաղորդվում)։ Այսինքն, մեզ հասկացնում են, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ամենեւին էլ պարտադիր չէ, որ հիմնական գործողություններն ընթանան ղարաբաղյան ճակատում, որտեղ հայկական պաշտպանական դիրքերը բավականին ամուր են։ Ըստ էության, լայնամասշտաբ գործողություններ կարող են սկսվել հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատվածում։
Ուշագրավ է նաեւ, որ հայկական դիրքերը սկսել են գնդակոծվել նաեւ Նախիջեւանի տարածքից` այն դեպքում, երբ նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ օրերին Նախիջեւանի անունը ռազմական ամփոփագրերում գրեթե չէր հիշատակվում։