ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը փակուղի է մտել

10/03/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Ամերիկյան «Կալիֆոռնիա կուրիեր» թերթն օրերս հանդես է եկել մի հրապարակմամբ, ըստ որի` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսին հետ են կանչելու` մեկ տարի առաջ Ամերիկայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում «Եղեռն» բառն օգտագործելու եւ դրա ճանաչման ուղղությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը մեկնաբանելու համար:

Ընդ որում, դեսպանին հետ կանչելու որոշումը, թերթի համաձայն, կայացվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշումների ներքո: Թերթն անգամ գրել էր, որ Էվանսն իր հեռանալու մասին արդեն տեղյակ է պահել ՀՀ իշխանություններին: Նախօրեին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթյու Բրայզայի ասուլիսի ժամանակ, սակայն, այս լուրն ըստ էության ոչ հերքվեց եւ ոչ էլ հաստատվեց: «Այդ լուրը դեսպանն անձամբ կարող է մեկնաբանել: Սակայն ես հույս ունեմ, որ նման բան գոյություն չունի, քանի որ նա հիանալի դեսպան է, եւ ինչպես մեզանից յուրաքանչյուրը, ծառայում է ԱՄՆ նախագահին: Աշխատելով նախագահի աշխատակազմում՝ ես մի բան եմ սովորել, որ չպետք է խոսեմ նախագահի որոշումների մասին` այդ թվում կադրային հարցերի շուրջ: Բայց ես ցանկանում եմ ասել, որ դեսպան Էվանսն այստեղ հրաշալի թիմ է ձեւավորել, ես լինում եմ տարբեր դեսպանատներում եւ գնահատում եմ աշխատանքը, եւ այս դեսպանատունն իսկապես հրաշալի է աշխատում: Դեսպան Էվանսին հաջողվել է դա անել, եւ մենք բախտավոր ենք, որ նա այստեղ է»,- լրագրողների հարցին այսպես պատասխանեց Մեթյու Բրայզան:

ԱՄՆ-ը առաջիկայում օգտագործելու է իր ռեսուրսները` Հայաստանում ժողովրդավարությունը «ներքեւից վերեւ» սխեմայով զարգացնելու համար: «Իմ այստեղ գտնվելու նպատակներից մեկն ուսումնասիրություն կատարելն է, թե ինչպես է հնարավոր խորացնել մեր համագործակցությունը Հայաստանի ժողովրդավարական տրանսֆորմացիայի առումով»,- հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթյու Բրայզան` նշելով, որ իրենք Հայաստանին համարում են ժողովրդավարացող երկիր: Հետաքրքիրն այն է, որ ասուլիսից րոպեներ հետո պարոն Բրայզան ԱՄՆ դեսպանատանը հանդիպեց նաեւ հայ քաղաքական գործիչների հետ: Հանդիպմանն էին շտապել ոչ միայն հարթակային ընդդիմության առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, այլեւ Արամ Զ. Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Ալեքսանդր Արզումանյանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ընդ որում, պրն Բրայզան առանձին հանդիպումներ է ունեցել ՊՆ նախարար Ս. Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանի հետ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի Հայաստան կատարած այցը համընկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Վաշինգտոնում կայացած հանդիպման հետ: Եվ լրագրողները Մեթյու Բրայզայից փորձեցին ճշտել, թե դրանք որքանով են կապված իրար հետ: Պարզվում է, այդ երկու իրադարձություններն ուղղակի համընկել են իրար հետ: Բայց ասուլիսին խոսք գնաց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին: «Ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե Ռամբույեի բանակցությունները ձախողվել են, գործընթացը փակուղի է մտել, եւ ԵԱՀԿ ՄԽ-ն իրեն սպառել է: Ռամբույեում, իհարկե, համաձայնություն չեղավ, սակայն դա դեռ ձախողում չէ: Կողմերը չափազանց մոտ են համաձայնությանը, սակայն միշտ էլ վերջին հարցերն ամենակարեւորը եւ դժվարինն են լինում: Այն հարցերը, որոնց շուրջ այսօր համաձայնություն չկա, պետությունների ղեկավարներից հստակ դիրքորոշում են պահանջում: Պետությունների ղեկավարներն իրենք պետք է որոշեն՝ որոնք են լինելու կարգավորման ժամկետները, իսկ մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ»,- ղարաբաղյան թեման սահմանափակեց ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նշենք, որ Բրայզան հատուկ անդրադարձ կատարեց նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու դրա համատեքստում հայ-իրանական գազամուղին: Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսի ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարեց, թե ԱՄՆ օրենսդրության համաձայն, բոլոր այն երկրները, որոնք սահմանված չափից ավելի շատ ներդրումներ կկատարեն Իրանի էներգետիկ ոլորտում, ԱՄՆ-ի կողմից կենթարկվեն պատժամիջոցների: Բայց պարոն Բրայզան Հայաստանում հայտարարեց, որ հայ-իրանական գազամուղը Իրանի միջուկային ծրագրի խնդրի հետ առնչություն չունի: «Հայաստանի գազային համագործակցությունն Իրանի հետ՝ ոչ մի կապ չունի միջուկային խնդիրների հետ: Սակայն ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Իրանի առնչությամբ լինեն այնպիսի զարգացումներ, որ Իրանն ավելի ուժեղանա»,- ասաց Բրայզան: Պետաքարտուղարության ներկայացուցիչը հատուկ շեշտեց, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության գաղտնիքն էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումն է: «Իմ այցի նպատակներից է Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցում մեր համատեղ նպատակին աջակցելը, նաեւ ուսումնասիրելը, թե տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ինչ հնարավորություններ կան, որոնց շնորհիվ կարելի է նաեւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ամրապնդել: Հայաստանը երկար տարիների աշխատանքի փորձ ունի ռուսական գազ մատակարարողների հետ, եւ դա պետք է շարունակվի: Այսօր Հայաստանն աշխատում է նաեւ Իրանի հետ, եւ սա նույնպես էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման մի ճանապարհ է»,- ասաց Մեթյու Բրայզան:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ասաց, որ այսօր դեռ վաղ է խոսել Իրանի դեմ ռազմական գործողությունների ծավալման մասին, քանի որ ներկայումս բոլոր ջանքերն ուղղված են հարցը դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն: Բայց եթե Իրանը չդադարեցնի ոչ խաղաղ նպատակներով իր միջուկային ծրագրերը, հետեւանքները կարող են «շոշափելի ու ցավալի լինել»,- այսպես բազմանշանակ արտահայտվեց Բրայզան: