Հակամարտության քաղաքական քարտեզը

10/03/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովն ասում է, թե այն ժամանակ Ղարաբաղի անջատումն արդարացված է եղել, բայց չի ասում, թե Ղարաբաղն այն ժամանակ անջատելու փոխարեն, ինչո՞ւ էր մեկ միլիարդ տալիս եւ ո՞ւմ էր պատրաստվում տալ։

Ադրբեջանի նախկին նախագահներից մեկը՝ Այազ Մութալիբովը, մեղադրում է իր հայրենակիցներին, այսինքն՝ իր տեղում նստած մարդուն, Ղարաբաղի հետ ուղղակիորեն չբանակցելու համար։ Նա մտահոգ է, որ բանակցությունների սեղանի շուրջ ղարաբաղցի տեսնել չցանկացող Ադրբեջանը վաղը չի կարողանալու ապրել նույն այդ ղարաբաղցիների հետ։

Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիեւն ասում է՝ եթե վերջ, ուրեմն վերջ։ Այսինքն, Աղդամի շրջանի Բանովշալար գյուղի հասարակությանը նախապատրաստում է պատերազմի՝ մատնանշելով իր ղեկավարած երկրի բյուջեի գերազանցությունը։

Գրեթե պետական պաշտոնյայի կարգավիճակ ունեցող երեք լրագրողի հետ զրուցելիս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցնցող հայտարարություն է անում՝ եթե այսպես` ուրեմն այսպես։ Այսինքն, եթե Ադրբեջանը փորձի ձգձգել կամ հետաձգել կամ փակուղի մտցնել խաղաղ բանակցությունները, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Եվրամիությունը կոչ է անում երկու կողմերին նախապատրաստել իրենց ժողովուրդներին Ղարաբաղի վերաբերյալ հավասարակշռված համաձայնության։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն էլ եզրակացնում է, որ իրավիճակը փոխելու համար ժողովուրդների կամքն ավելի կարեւոր է, քան՝ նախարարներինը։

Այս ամենը մենք լսում ու տեսնում ենք ամեն Աստծո օր։ Ամեն Աստծո օր մենք փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում վերջապես։ Եվ այս «ծաղկաքաղն» էլ, որ արել եմ անցած շաբաթվա մամուլից, կարիք ունի ըմբռնման ու վերլուծության։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեծ խաղի այս մասնակիցները գուցե մեզ օգնեն հասկանալ, թե ինչ «ռամբույե» է մեր գլխին կախված ժամանակի եւ տարածության այս հատվածում, որ կոչվում է հակամարտության գոտի։

Եթե վերջից սկսենք, չենք հասկանա, թե որտեղից եւ ինչպես առաջացավ ԽՍՀՄ վերջին գենսեկն ու առաջին նախագահը։ Ինչո՞ւ հենց հիմա, այս պահին հիշեց անջատման արդարացիությունը։ Մի՞թե նման չէ մեր «ծաղկաքաղի» վերջին հերոսի՝ Սթիվեն Մանի զարմանահրաշ հայտանագործությանը, թե ժողովուրդների կամքն ավելի կարեւոր է, քան՝ նախարարներինը։ Արդարացված ասելով, Միխայիլ Սերգեեւիչն արդյոք նկատի չունի՞ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կամ ժողովուրդների կամքերին հղում անելով` Սթիվեն Մանը պատկերացնո՞ւմ է, որ դա ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության արդեն տասնութ տարի ձգվող անտագոնիզմն է։

Իսկ որտեղի՞ց հայտնվեց Գորբաչովի քսերոպատճենը՝ Ադրբեջանի վերջին կոմունիստ ղեկավարն ու առաջին նախագահը։ Ի՞նչ է սովորեցնում նա ադրբեջանցի իր հարենակիցներին։ Երկխոսությո՞ւն։ Բայց չէ՞ որ երկխոսության պահը հենց ինքն է բաց թողել եւ հենց ինքն է մասամբ կորցրել Ղարաբաղը։ Ի թիվս Ադրբեջանի կրած այլ վնասների, նշելով Հայաստանում ադրբեջանցիների զբաղեցրած տարածքների կորուստը, չի՞ հասկանում արդյոք նախկին նախագահը, որ Ղարաբաղի ինքնորոշմանն ապաշնորհ կերպով հակազդելով, իրենք ավելին են կորցրել, քան նույնիսկ պատկերացնում են։ Իսկ գոնե պատկերացնո՞ւմ են, թե ինչ են կորցրել` 1988-90 թվականներին սիստեմատիկ ձեւով իրենց երկրից վտարելով հարյուր-հազարավոր «հայ պատանդների»։

Անշուշտ, կորստի ցավն ու կսկիծն է ստիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում հայտարարություն անելու համար գնալ ու հասնել Աղդամի շրջանի Բանովշալար գյուղ։ Թե՞ Իլհամ Հեյդարովիչը մտածել է, որ հակամարտության բաժանարար գծի մոտ արված ռազմակոչը կարող է ավելի հավաստի թվալ։ Ես կուզեի հավատալ, որ Ալիեւը տեղեկատվական ժամանակակից միջոցներից հրաժարվել է իր հայրենակիցների աչքերին նայելու եւ իր կոչերի պահանջարկը զգալու համար։

Անշուշտ հաղթանակի փառքն ու հրճվանքը չէր ստիպել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր մոտ հավաքել գրեթե պետական պաշտոնյայի կարգավիճակ ունեցող մի քանի լրագրողի եւ հայտարարել, թե հարկ եղած դեպքում կճանաչենք Ղարաբաղի անկախությունը։ Եվ անշուշտ խոհեմությունն ու պատասխանատվության խորագույն զգացումն էին ստիպում հյուրընկալված լրագրողներին` չհիշեցնել երկրի ղեկավարին, որ հիմա ոչ թե 1988-ի մարտ ամիսն է, այլ ուղիղ հակառակը՝ 2006-ի։

Գորբաչովն իր հարցազրույցում ասում է, թե ինքն ուզում էր բարձր ինքնավարության կարգավիճակ տալ Ղարաբաղին, հետն էլ մեկ միլիարդ ռուբլի տալ, բայց հայերը վերցրեցին ու Գերագույն խորհրդի նիստով Ղարաբաղը Հայաստանի մաս ճանաչեցին։ «Ի՞նչ անեի, զո՞րք մտցնեի Հայաստան»,- հռետորաբար հարցնում է պերեստրոյկայի հայրը։ Գորբաչովի ասած ժամանակից տասնութ տարի է անցել։ Հիմա մի տասնութ տարի հետո արդեն պաշտոնաթող Բուշը, Շիրակը կամ Պուտինը նույնկերպ խոսելո՞ւ են զորք մտցնելու անթույլատրելիության եւ դրա բարոյական ասպեկտների մասին, թե՞ նրանք Գորբաչովից ավելի վճռական են լինելու այսօր։

Ամեն ինչի մասին, կարծես թե, խոսեցինք, մնաց միայն Եվրամիության հայտարարությունը, որը կարելի էր անուշադրության մատնել, եթե ժողովուրդներին հավասարակշռված համաձայնության նախապատրաստելու կոչ չպարունակեր։ Ի՞նչ են հասկանում ԵՄ հայտարարության հեղինակները՝ նախապատրաստել ասելով, կամ ինչպե՞ս են պատկերացնում այդ գործընթացը, երբ միաժամանակ նաեւ ողջունում են «երկու երկրների նախագահների բանակցությունները շարունակելու մտադրությունը» եւ միաժամանակ ափսոսանք հայտնելու պես խոստովանում, թե ժամանակը քիչ է։

Նախապատրաստել ասելով` հասկանում են` աշխատանք պատերազմից, սպանություններից, արյունահեղություններից ու անձնական կորուստներից շփոթված մարդո՞ւ հետ, թե՞ աշխարհագրության դաս, որի վերնագիրն է «Հակամարտության քաղաքական քարտեզը»։