Որտեղ է հայերի թասիբը

10/03/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Հայաստանում այն վեճերը, որոնք վեր են ածվում տուրուդմփոցի, հիմնականում սկսում են կամ փողի կամ թասիբի «հողի վրա»: Ընդհանրապես հայ երեխաներին դեռ մանկուց սովորեցնում են (համենայնդեպս, այդպես եմ կարծում), որ միշտ «աղջկա թասիբին կանգնեն»: Իհարկե, ժամանակին սովորեցնում էին, որպեսզի թույլերի եւ ծերերի թասիբին եւս կանգնեն, սակայն կյանքն այնպիսին է դարձել, որ այսօր Հայաստանում թույլերի եւ ծերերի թասիբին կանգնելն արդեն «պրեստիժնի չի»: Ինչեւէ, այս ամենը թողնելով մեր կրթական եւ դաստիարակչական բոլոր ատյանների ներկայացուցիչների խղճին (այդ թվում նաեւ` բոլոր հայ ծնողների), եկեք հասկանանք, թե ինչ են հասկանում հայերը` «թասիբ» ասելով: Քանի որ վերջին տարիներին մեզ մոտ ամեն ինչ սկսել է չափվել «չոր փողով», հետեւաբար շատերին թվում է, որ թասիբն էլ է կախված փողի քանակից: Իրականում, վերջին տարիները մեզ ցույց տվեցին, որ Հայաստանում ամեն ինչ գնվում եւ վաճառվում է, այդ թվում՝ նաեւ թասիբը: Այլ հարց է, թե ով ինչքան է գնահատում իր թասիբը: Հիշենք, թե ինչ կատակներ էին անում մեր KBH-շչիկները Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման օրը, եւ ինչպես էին ծիծաղում այդ «կատակների» վրա դահլիճում ներկա հազարավոր հայերը, որոնց մեջ էին մեր հանրապետության բարձրաստիճան այրերը:

Ամենեւին չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր իրենց երեխաների համար «մի կտոր հաց» աշխատելու նպատակով լքում են հայրենիքը եւ մեկնում՝ ուր պատահի: Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն հայերին, որոնք Հայաստանում ունենալով բավական բարձր սոցիալական կարգավիճակ եւ լինելով բարձրակարգ մասնագետ, գնում են Ամերիկա՝ «համբալություն անելու»: Իսկ ո՞ւր է այն մտավորականների թասիբը, որոնք պատրաստ են «հացփորի», օրերով այս կամ այն քաղաքական գործչին գովերգել տարբեր հեռուստաալիքներով: Իսկ ո՞ւր է մեր սպորտսմենների թասիբը, որոնք անկախությունից ի վեր օլիմպիական ընդամենը մեկ ոսկե մեդալ են շահել (ընդ որում, արդեն հաջորդ օլիմպիական խաղերին Արմեն Նազարյանը հանդես էր գալիս Բուլղարիայի դրոշի ներքո):

Ստացվում է, որ մենք կարողանում ենք միայն մեծ-մեծ խոսել: Օրինակ, մեր քաղաքական գործիչները: Արդեն երեք տարի է, ընդդիմությունն օրումեջ ժողովրդին հեղափոխություն է խոստանում: Սակայն ամեն անգամ կամ անձրեւն է խանգարում, կամ շոգը, կամ էլ սեփական ամբիցիաները: Տղերքը շատ «նազուկ են»: Սրանից կարելի է հետեւություն անել, որ Հայաստանում միայն մի հեղափոխություն կարող է լինել` ջերմոցային: Կամ, ասենք, Աղասի Արշակյանը, որը վերջերս հայտարարեց, որ «Ազգային Միաբանությունը» մենակ է գնալու ընտրության: Կարծում եմ, որ անձամբ պրն Արշակյանը մենակ չի կարող գնալ պառլամենտ, որովհետեւ նա իր հետ անպայման մի երկու-երեք շիշ գարեջուր կվերցնի: Եվ հետո բոլորն էլ գիտեն, որ նա այնքան ժամանակ կարող է մենակ գնալ, մինչեւ որ նրա բջջային հեռախոսը չզնգա: Իսկ վերջերս էլ պարզ դարձավ, որ «Օրինաց երկրի» թասիբն ավարտվում է «6-րդ վարչության դռան մոտ»: Ինչ վերաբերում է դաշնակներին, ապա Ա. Մնջոյանի նամակներից երեւում է, որ նրանց թասիբը կամ հարեւան երկրներում է մնացել, կամ էլ «Վալեմ»-ի ննջասենյակներում: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀՇ-ի թասիբը Վանոյի հետ միասին Հայաստանից հեռացել է: Դե, իսկ կոմունիստների մասին խոսելն ավելորդ է: Նրանց թասիբը միշտ էլ ինտերնացիոնալ է եղել: Ուղղակի, ըստ Յուրի Մանուկյանի` այդ թասիբը, արդեն մի քանի տարի է, միավորված-ինտերնացիոնալ է:

Ընդունված է, որ յուրաքանչյուր երկրում քաղաքական էլիտան (իշխանական եւ ընդդիմադիր) համարվում է հասարակության սերուցքը: Ես չգիտեմ` ի՞նչ է պատահել մեր հասարակության հետ, սակայն վերոնշյալից պարզ է դառնում, որ մեր հասարակությունն ունի ոչ թե սերուցք, այլ փրփուր: Եվ այստեղ արդեն առաջ է գալիս հասարակության թասիբի հարցը: Որովհետեւ փրփուրը թեկուզեւ շատ արագ է «նստում», սակայն, կարծում եմ, որ այն պետք է նստի ոչ թե մեր գլխին, այլ համապատասխան տեղերում (ես լավատես եմ, եւ նկատի ունեմ ոչ թե ուղղիչ-աշխատանքային գաղութում, այլ` իրենց տներում):

Երեւի թե հենց այդ լավատեսությունն է ինձ թույլ տալիս համոզված լինել, որ շատ շուտով հայերի թասիբը կզարթնի, եւ մենք կունենանք այն, ինչին ձգտել ենք, երբ ողջ ազգով հավաքվում էինք Ազատության հրապարակում: